Արմավիրի մարզի վթարային երկու շենքերի հետ կապված խնդիրները կլծուվեն այս տարի


Արմավիրի մարզի վթարային շենքերում ապրող բնակիչները հուսով սպասում են իրենց բնակարանային պայմանների բարելավմանն ու բնակելի շենքերի ամրացմանը: Մարզում շատ չեն, սակայն կան բազմաբնակարան բնակելի շենքեր, որոնք 3-րդ և 4-րդ կարգի վնասվածություն ունեն: Խնդրի մի մասը կարգավորվելու է այս տարվա ընթացքում:
Արմավիրի մարզի վթարային շենքերից այս տարի մարզի հրատապ լուծում պահանջող 6-րդ ծրագրի շրջանակներում կբարելավվի միայն Լենուղի համայնքի 4-րդ կարգի վթարային մեկ և Մայիսյան գյուղի հրդեհված բազմաբնակարան շենքերի բնակիչների բնակարանային պայմանները: Լենուղու վթարային շենքերը գրեթե ութսուն տարի առաջ են կառուցվել և ենթակա են քանդման՝ միայն բնակիչներին բնակարաններով ապահովելուց հետո: Երեք շենքից մարզի հրատապ խնդիրների լուծման 6-րդ ծրագրով հատկացված միջոցներով միայն վատթարագույն կիսախարխուլ շենքի բնակիչները ձեռք կբերեն բնակարան, մյուսները սպասելու են հերթի:
Վթարային շենքեր կան նաև Արմավիր և Էջմիածին քաղաքներում, որոնք տարբեր վնասվածության են, հիմնականում՝ 3-րդ կարգի: Այդ շինությունները ուժեղացման և վերականգնման կարիք ունեն: Նրանց մի մասը վթարային է դարձել շահագործումից կարճ ժամանակ անց: Արմավիրի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Կարինե Դանիելյանը տեղեկացրեց, որ վթարային շենքերը հիմնականում տիպային կառույցներ են, որոնք սխալ նախագծման պատճառով դարձել են վթարային:
Տիպային կառույց է նաև Արմավիր քաղաքի Հանրապետության թիվ 1 շենքը, որի վթարայնության աստիճանը գնահատվել էր 4-րդ կարգի և տարիներ առաջ ամրացվեց ու վերականգնվեց: Էջմիածնում առկա է բազմաբնակարան 6 վթարային բնակելի շենք, դրանք նույնպես տիպային կառույցներ են, որոնք նստվածք են տվել և բարձր հարկերում ակնհայտ երևում են շենքի ճեղքերը, որտեղից էլ քարերը թափվում են ներքև: Դրանցից երկուսը գտնվում են կենտրոնական փողոցի Մաշտոց և Կոստանյան խաչմերուկում:
Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը նշեց, որ վթարային շենքերի ամրացման հետ կապված առաջ է քաշվում նաև այդ շենքերի բնակիչների ժամանակավորապես տարհանման և տեղավորման խնդիրը, որ նույնպես ծախսերի հետ է կապված:
Բազմաբնակարան բնակելի շենքերի բարձր հարկերից թափվող քարերի հետ կապված քաղաքապետին առաջարկվել է ժամանակավորապես լուծում տալ՝ ամրացնելով ցեմենտե շաղախով: Արմավիրի քաղաքաշինության վարչության պետ Կարինե Դանիելյանի հավաստմամբ՝ մարզի վթարային շենքերի վերաբերյալ տեղեկությունները ներկայացվել են կառավարություն:
Բացի բնակելի շենքերից կան նաև մասնավորեցված ձեռնարկությունների կառույցներ, որոնք նույնպես վթարային են: Էջմիածնի նախկին «Էլեկտրոն» գործարանի բարձրահարկ կառույցը գտնվում է բնակելի շենքերի հարևանությամբ: Շենքից թափվող քարերը վտանգավոր են դարձել անցորդների համար և այդ հատվածում քիչ չեն դժբախտ պատահարները: