Հասարակություն

Մաքրման կայանը անհրաժեշտություն է Արմավիրի, Մեծամորի եւ հարակից գյուղերի համար

satikisahakyan

Արմավիր և Մեծամոր քաղաքների մաքրման կայանի կառուցման խնդիրն օրակարգային է, որը տարիներ շարունակ բարձրացվել է, սակայն մնացել՝ անլուծելի: Այն կարող է էկոլոգիական լուրջ խնդիրների ծագման պատճառ դառնալ, քանի որ կոյուղու ջրերը գարշահոտություն են տարածում։ Դրանցով նաեւ կազմակերպվում է մի քանի գյուղերի հողերի ոռոգումը:

Արմավիրի քաղաքից Երևան ուղևորվելիս մինչև Ակնալիճ ընկած ճանապարհահատվածի երկու մասում՝ Արմավիր քաղաքի սկզբնամասում և  Մեծամոր քաղաքի հատվածում, գարշահոտություն է տարածվում, որն ավելի է սրանում ամռան տապին: Գարշահոտությունը տարածվում է մաքրման կայանի բացակայության պատճառով: Եթե ուղևորը մի պահ է զգում գարշահոտությունը, ապա տարածքի բնակիչները ստիպված են անընդհատ շնչել այն: Ավելի տխուր է նաև այդ ջրերով ոռոգում կազմակերպողի վիճակը:

Արմավիր և Մեծամոր քաղաքների կոյուղու ջրերով ոռոգվում են Զարթոնք, Եղեգնուտ և հարակից  մի քանի համայնքերի գյուղատնտեսական հողերը:   Զարթոնք գյուղի բնակիչները դժգոհում են այդ ջրի գարշահոտությունից դժվարությամբ են ոռոգում: Մեծամորի կոյուղու ջրերն առանց մաքրվելու ուղղվում են գյուղատնտեսական մշակովի հողեր:

Զարթոնք գյուղի բնակիչ  Սուրեն Մելքոնյանը նշեց, որ արդեն մի քանի տարի է, ինչ լավ բերք չի ստանում:  Գյուղատնտեսական նշանակության հողերում մշակում է սմբուկ, պղպեղ, սեխ, ձմերուկ և ավել: Սուրենի կարծիքով՝ բույսի ժամանակից շուտ չորացումը պայմանավորված է կոյուղու չմաքրված ջրերով:

Դաշտի ճանապարհին հանդիպեցի տարեց գյուղացու, ով թեև արդեն 10 տարի հրաժարվել է անասնապահությամբ զբաղվելուց, սակայն մոտավորապես 7000 քմ  հողերը դեռ պահում ու ձեռքի հետ կամաց-կամաց լոլիկ, սմբուկ և ավել մշակում: Բերքից գոհ է, բայց  դժգոհ՝ ոռոգման ջրի հոտից:

Էկոլոգիական նշանակության հիմնախնդիր հանդիսացող Մեծամոր և Արմավիր քաղաքների մաքրման կայանների կառուցումը տարիներ շարունակ բարձրացվել ու մնացել է անլուծելի: Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի տեղեկացմամբ՝ այս տարի կարծես թե հարցը լուծման ճանապարհին է. «Շուրջ հինգ միլիոն եվրոյի ծրագիր է, որը պատվիրվել է «Հայջրմուղկոյուղու» կողմից և աշնանը կիրականացվի»,- ասում է մարզպետը:

Մաքրման կայանի կառուցմամբ կփոխվի նաև ոռոգման համար նախատեսված ջրի որակն ու չի վնասի ոչ մարդկանց, ոչ էլ գյուղատնտեսությանը:

Ցուցադրել ավելի
Back to top button