Սպորտ

Եվրոպական փառատոնից՝ առանց մեդալների

Գիտա Էլիբեկյան
«Ռադիոլուր»- Թբիլիսի

Հակառակ ակնկալիքներին՝ Հայաստանի հավաքականը Վրաստանից հայրենիք կվերադառնա առանց մեդալների: Այսօր ավարտվում է «Թբիլիսի 2015» Եվրոպայի երիտասարդական օլիմպիական փառատոնը, որի ընթացքում բավականին հաջող ելույթներ են ունեցել Ռուսատանը ներկայացնող մարզիկները:

Աշխարհի 49 երկրից ժամանած հազարավոր երիտասարդ մարզիկներ մի քանի օր շարունակ Թբիլիսիիում մրցում էին 9 մարզաձևերում:  Հայաստանը ներկայացված էր դրանցից  6-ում` ձյուդո, մարմնամարզություն, աթլետիկա, լող, թենիս և  հեծանվային սպորտ:  Ցավոք, այս փառատոնից Հայաստանի պատվիրակները մեդալներ չստացան.

«Շատ անսպասելի էր…Սպորտի նախարարությունը, Օլիմպիական կոմիտեն ամեն ինչ արել էին, որ մեր մարզիկները լավ հանդես գան։ Մենք գիտեինք նաև մեր մարզիկների թույլ կողմերը, բայց ակնկալիքներ ունեինք։ Օրինակ ձյուդոիստներից, մարմնամարզիկներից սպասելիքները չարդարացան, և մենք ոչ մի բան չստացանք, գոնե մեկ մեդալ մի մարզաձևից պետք է, որ տանեինք»,-ասում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի  գլխավոր  մասնագետ Էդվին Գրիգորյանը:

Հավելեմ, որ մեդալ էր ակնկալվում հատկապես եզրափակիչ մտած հայաստանցի մարմնամարզիկներ Արթուր Ավետիսյանից (օղակներ) և Մհեր Տուդոյանից (նժույգ թափեր): Երկուսն էլ զբաղեցրեցին ութերորդ հորիզոնականը:

Ամեն դեպքում՝ հայ մարզիկները ընկճվաճ չեն, «Ռադիոլուրին» նրանց տրամադրությունները փոխանցեց Թբիլիսիիում հայկական պատվիրակության կցորդ Լեյլա Մարտիրոսյանը։ «Շատ շնորհակալ են ջերմ ընդունելության համար և ուրախ, որ մասնակցեցին այս փառատոնին»:

Հավելեմ, որ Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանն անցած շաբաթ  Վրաստան կատարած աշխատանքային այցի շրջանակում հուլիսի 26-ին ներկա էր գտնվել  փառատոնի բացման արարողությանը: Հանդիպելով Հայաստանը ներկայացնող պատվիրակության անդամներին, վարչապետն  ասել էր, որ եկել է ոգևորելու ու հաղթանակ մաղթելու հայ մարզիկներին: Հետաքրքրվելով նրանց խնդիրների մասին, նա կարևորել է նաև Հայաստանում սպորտի զարգացումը:

Մարզական այս փառատոնը, որ կազմակերպվում է  1991 թվականից,  2 տարին մեկ հնարավորություն է տալիս երիտասարդներին հանդես գալ  թե ամառային եւ թե ձմեռային մարզաձեւերում:

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր մասնագետը նշում է, որ «Թբիլիսի 2015» Եվրոպայի երիտասարդական օլիմպիական փառատոնը կազմակերպված էր բարձր մակարդակով։ «Վրաստանի կառավարությունն ամեն ինչ արել է, որ այս խաղերն անցնեն բարձր մակարդակով։ Երբ համեմատում ենք եվրոպական որոշ երկրներում անցկացված խաղերի հետ, տեսնում ենք տարբերությունը»,- ասաց Էդվին Գրիգորյանը:

Ցուցադրել ավելի
Back to top button