Դպրոցների սեյսմակայունության ամրապնդման համար ակնկալվում է Ասիական բանկի աջակցությունը


Օգոստոսի սկզբին հայրենի կառավարությունն Ասիական զարգացման բանկի հետ կարեւոր բանակցություններ պետք է ունենա: Խոսքը միջազգային խոշոր ֆինանսական կազմակերպությունից շուրջ 100 մլն դոլարի աջակցություն ստանալու մասին է: Տնտեսական զարգացման եւ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի տեղեկացմամբ` ակնկալվող գումարը պետք է ուղղվի հանրապետության 377 դպրոցների սեյսմակայունության բարձրացմանը: Այս հարցը մեր երկրի համար չափազանց կարեւոր է, քանի որ, մասնագետների գնահատմամբ, ներկայում Հայաստանի Հանրապետության համար սեյսմիկ ռիսկը հասել է իր առավելագույն մակարդակին։
Հայաստանում հանրակրթական դպրոցների գերակշռող մեծամասնությունը նախագծվել և կառուցվել է մինչև 1988 թվականը: «Դրանց նախագծման հիմքում ընդունված սեյսմիկ ռիսկն անհամեմատ ցածր է սպասվելիք ուժերից: Ներկայում Հայաստանի Հանրապետության համար սեյսմիկ ռիսկը հասել է իր առավելագույն մակարդակին ողջ պատմության ընթացքում` պայմանավորված սեյսմիկ ակտիվության նոր փուլով, շենքերի և շինությունների ցածր սեյսմակայունությամբ, ուրբանիզացման բարձր մակարդակով»,- բացատրում են մասնագետները:
Ասիական զարգացման բանկը պատրաստ է ֆինանսապես օժանդակել սեյսմիկ անվտանգության բարելավման 2015-2030 թվականների ծրագիրը, որն առաջին հերթին ամենասեյսմավտանգ դպրոցներում է իրականացվելու: Ծրագրի շրջանակներում առաջնահերթությամբ կուժեղացվեն 377 դպրոցների շենքերը կամ կկառուցվեն նորերը՝ համաձայն վերանայված շինարարական նորմերի և դպրոցների շենքերի ուժեղացման ուղեցույցների` 9 բալանոց երկրաշարժի դիմակայելու պատրաստ:
«Ծրագրի ծախսերը 2015-2030թթ. համար գնահատվել են 670 միլիոն դոլար, որից 107 միլիոնը` առաջիկա 5 տարվա համար կտրամադրի Ասիական բանկը»,- ասում է տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը։
1989 թվականից սեյսմիկ ռիսկի նվազեցմանն ուղղված մեծ մասշտաբի աշխատանքներ են իրականացվել Հայաստանի հյուսիսային շրջաններում: Կատարվել է շենքերի և շինությունների դասակարգում՝ ըստ վնասվածության աստիճանի, ապամոնտաժվել են վթարային շենքերն ու շինությունները, իսկ չափավոր և զգալի վնասվածքներ ունեցողները վերականգնվել և ուժեղացվել են:
Միաժամանակ՝ Երևանն ու ՀՀ մյուս մարզերը, որոնք նույնպես ընկած են բարձր սեյսմիկ ռիսկի գոտիներում, բավական անտեսվել են: Սա խոստովանում է հենց հայրենի կառավարությունը: Իսկ մասնագետները շարունակում են մանրամասնել` Հայաստանի տարածքում մինչև 1988 թվականը կառուցված դպրոցական շենքերի ու շինությունների նախագծային սեյսմակայունությունն ընդունված է եղել 7-8 բալ,իսկ Հայաստանի տարածքը գտնվում է առաջինից-երրորդ սեյսմիկ գոտում՝ 8-ից մինչև 9 բալ և ավելի ռիսկայնությամբ: Ըստ այդմ ակնհայտ է դառնում, որ 5.5 և ավելի մագնիտուդով հնարավոր ուժեղ երկրաշարժի դեպքում տեղի կունենան բազմաթիվ դպրոցական շենքերի և շինությունների կամ նրանց առանձին մասերի փլուզում, որը կբերի հսկա կորուստների:
1988թ. Սպիտակի ավերիչ երկրաշարժի հետևանքների վերլուծությունը ցույց տվեց, որ Հայաստանի Հանրապետությունում գոյություն ունեցող շենքերի գերակշիռ մասի սեյսմակայունությունն ավելի ցածր է, քան սպասվող սեյսմիկ վտանգի մակարդակը: Բացի այդ՝ ուժեղացված և վերակառուցված դպրոցների շենքերից կօգտվեն նաև դպրոցների շուրջ ապրող 450,000 բնակիչ, որոնց կտրամադրվի ժամանակավոր կացարաններ սեյսմիկ իրադարձությունների և արտակարգ իրավիճակների ժամանակ, ինչպես նաև իրազեկման ծրագրեր, ինչը նրանց հնարավորություն կտա իրենց տները դարձնել ավելի անվտանգ և ավելի լավ արձագանքել աղետների ժամանակ:
Օգոստոսի 3- 4- ին սպասվում են բանակցություններ Ասիական զարգացման բանկի հետ։
Ուշագրավ է, որ որոշ հայ մասնագետներ դպրոցների սեյսմավտանգության հարցը բարձրացնում են տարիներով, առաջարկում իրենց նորարարությունները, վստահեցնում տեխնիկական իրենց առաջարկների արդարացվածությունը: Բայց թե ինչ տեխնոլոգիաներ կկիրառվեն առաջիկայում, դեռ հստակ չէ: