

Օգոստոսի 3-ին, կլրանա Շանգալում իրականացված եզդիների ցեղասպանության առաջին տարելիցը: Եզդիներին, իհարկե հաջողվել է ազատագրել Շանգալի մի հատվածը, բայց այն վերջնական հաղթանակ չի համարում: Իրենց վերջնական հաղթանակի մասին կազդարարեն միայն այն ժամանակ, երբ ազատագրեն ողջ Շանգալը, վերահաստատվեն այնտեղ և կկարողանան գերությունից ազատել բոլոր եզդիներին, լրագրողների հետ զրույցում ասել է «Միդիա-Շանգալ եզդիների ազգային միավորում» ՀԿ նախագահ Ամո Շարոյանը:
Երկու օրից կլրանա Հյուսիսային Իրաքի եզդիաբնակ Շանգալի մարզում սկսված և մինչ օրս էլ շարունակվող ոճրագործության տարելիցը: Իսլամիստները խլեցին հազարավոր կյանքեր, հազարավորները գերևարվեցին ու դատապարտվեցին ստրկավաճառության, այն էլ՝ 21-րդ դարում:
Աշխարհը, իհարկե, լսեց եզդիների ձայնը և ՄԱԿ-ը դատապարտելով եզդիների հանդեպ տեղի ունեցածը` որակեց այն ցեղասպանություն: Մի կողմից՝ միջազգային հանրության արձագանքի, մյուս կողմից՝ եզդիների համախմբված պայքարի շնորհիվ եզդիներին հաջողվեց ազատագրել Շանգալի մի հատվածը, խոսելով եզդի ազգաբնակչության հետ տեղի ունեցածի մասին՝ այսօր նշեց «Միդիա-Շանգալ եզդիների ազգային միավորում» ՀԿ նախագահ Ամո Շարոյանը:
Եզգի ազգաբնակչությունը երախտապարտ է բոլոր նրանց, ովքեր այդ սարսափելի օրերին իրենց օգնության ձեռքը մեկնեցին, բայց այս հաղթանակը վերջնական չէ, դեռևս կան բազմաթիվ հարցեր, որոնց պատասխանը դեռ չենք ստացել, նշեց Ամո Շարոյանը:
Ի դեպ` ինչպես հայերս որպես ցեղասպանության խորհրդանիշ ընտրել էինք անմոռուկը, այնպես էլ եզդի ժողովուրդն այսօր ունի իր ցեղասպանության խորհրդանիշը: Ինչպես նշեց «Միդիա-Շանգալ եզդիների ազգային միավորում» ՀԿ նախագահի տեղակալ Ռոման Ավդոյանը, իրենք էլ որպես ցեղասպանության խորհրդանիշ ընտրել են Լոտուս ծաղիկը:
Ցեղասպանության հետևանքով փախստական դարձավ Շանգալի ողջ բնակչությունը` 450-500 հազար մարդ: Նրանք մինչ օրս փախստականի կարգավիճակում են: Փախստականների մի փոքր խումբ էլ օրերս եկել է Հայաստան: Երեք ընտանիք սպասում է փախստականի կարգավիճակի: Այնուամենայնիվ` Ամո Շարոյանը հավատում է, որ այս ամենը ժամանակավոր է և մի օր նրանք նորից հաստատվելու են իրենց սրբավայ Շանգալում: