ԿարևորՔաղաքական

Վենետիկի հանձնաժողովը ողջունում է սահմանադրական փոփոխությունները

Սահմանադրական իրավունքի ոլորտի անկախ փորձագետներից բաղկացած Եվրոպայի խորհրդի խորհրդատվական մարմինը՝ Վենետիկի հանձնաժողովը, հրապարակել է իր նախնական եզրակացությունը Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 1-7 և 10-րդ գլուխների փոփոխությունների վերաբերյալ, հայտնում է tert.am- ը։

Վենետիկի հանձնաժողովն իր զեկույցում ողջունել է Հայաստանի սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի կատարած աշխատանքը և նշել, որ Վենետիկի հանձնաժողովի հետ բաց երկխոսության շնորհիվ կարևոր փոփոխություններ են արվել տեքստում, որն «արդեն շատ լավ հիմք է սահմանադրական բարեփոխման համար»:

Հանձնաժողովն ընդգծել է Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի կատարած աշխատանքի կարևորությունը և բարձր որակը: Այն բարձր է գնահատել նաև աշխատանքային հանդիպումների ժամանակ փոխանակումների որակը և բաց ու կառուցողական վերաբերմունքը: Այն շեշտում է և ողջունում, որ հանդիպումների ժամանակ արված առաջարկների մեծ մասը լրջորեն քննարկվել են և հաշվի առնվել:

Եվրոպայի խորհրդի խորհրդատվական մարմինը համագործակցել է Հայաստանի իշխանությունների հետ երկու նախորդ սահմանադրական բարեփոխումների ժամանակ՝ 2001-2003 թվականներին և 2004/2005 թվականներին: Զեկույցում նշվում է, որ մի քանի առաջարկներ, որոնք Վենետիկի հանձնաժողովը ներկայացրել էր այդ ժամանակ, այժմ ներկայացված են տեքստում:

«Սա հստակ նշան է, որ Հայաստանի քաղաքական և իրավական մշակույթը շարունակել է զարգանալ այս տարիների ընթացքում և այժմ հասունության զգալի մակարդակի է հասել, որը, իհարկե, ողջունելի է»,- ասված է զեկույցում:

Վենետիկի հանձնաժողովը նաև որոշ առաջարկություններ է արել նախագծի հետագա կատարելագործման համար: Մասնավորապես՝ հանձնաժողովն առաջարկել է վերացնել քվեարկելու իրավունքի և Ազգային ժողովի թեկնածու դառնալու իրավունքի սահմանափակումները:

Հանձնաժողովը նշել է, որ ընտրական համակարգը չպետք է մանրամասն սահմանված լինի Սահմանադրությունում, և առաջարկել է վերացնել ամենաշատ թվով ձայներ հավաքած երկու կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների միջև երկրորդ փուլի հնարավորությունը, ինչպես նաև Ազգային ժողովում օրենսդիր մարմնի գործողության ողջ ժամկետում նոր խմբակցություններ ձևավորելու արգելքը, որը սահմանափակում է խորհրդարանի անդամների մանդատի ազատությունը:

Վենետիկի հանձնաժողովը կոչ է արել Հայաստանի իշխանություններին շարունակել քննարկումները բոլոր քաղաքական ուժերի և քաղաքացիական հասարակության հետ՝ բարեփոխումների համար հնարավոր ամենալայն աջակցությունն ապահովելու համար: Վենետիկի հանձնաժողովը նաև հայտնել է, որ ուրախ կլինի շարունակել իր համագործակցությունը Հայաստանի իշխանությունների հետ այս կարևոր բարեփոխումների հարցում:

 

Ցուցադրել ավելի
Back to top button