Քաղաքական

Հայրիկյանի հետ սահմանադրական հանձնաժողովի հանդիպումը չկայացավ

karenghazaryan

«Համերաշխություն» կուսակցության նախագահ Սարգիս Ավետիսյանի կարծիքով՝ իշխանությունների ներկայացրած սահմանադրական բարեփոխումների տարբերակով Հայաստանում կհաստատվի կուսակցապետություն, ինչը կործանարար կլինի երկրի համար, ուստի պետք է համախմբվել՝ դրանց «ոչ» ասելու համար:

Բարեփոխումների ներկայացված տարբերակն անընդունելի է նաեւ ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի համար: ԱԻՄ-ն այսօր պիտի առաջին անգամ սահմանադրական փոփոխությունների քննարկման մասնակիցը դառնար: Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի հետ պիտի հանդիպեր ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը՝ քննարկելու իրենց կողմից ներկայացված նախագիծը: Նախապես ձեռք բերված պայմանավորվածությունը, սակայն, չի կայացել՝ աշխատանքային խմբի խիստ զբաղվածության պատճառաբանությամբ: Այդ մասին Հայրիկյանը տեղյակ է պահվել հեռախոսով երեկ երեկոյան:

ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի, ինչպես ինքը ձեւակերպեց, տխուր մտահոգությունները արդարացան՝ ԱԻՄ-ի կողմից ներկայացված Սահմանադրության նախագիծը քննարկելու վերաբերյալ նախապես ձեռք բերված պայմանավորվածությունը չկայացավ: Հայրիկյանին տեղեկացրել էին, որ հանձնաժողովը հրատապ գրություն է ստացել Վենետիկի հանձնաժողովից եւ պետք է քննարկի այդ գրությունը:

Այս ամենի վերաբերյալ Պարույր Հայրիկյանն իր մեկնաբանությունն ունի՝ Սահմանադրական փոփոխությունների համար պատասխանատու հանձնաժողովը կանխակալ վերաբերմունք է դրսեւորում նախագծերի նկատմամբ: Այդ առթիվ իրենք երթ էին նախաձեռնել, որի անցկացումը, սակայն, աննպատակահարմար էր համարվել, քանի որ ձեռք էր բերվել այսօրվա հանդիպման պայմանավորվածությունը: ««Այսինքն, մեր ներկայացրած նախագծի վերաբերյալ այսօր մենք պետք է ստանայինք մասնագիտական գնահատական, բայց, ինչպես տեսնում ենք, անառողջ երեւույթի ենք ականատես»:

Հայրիկյանի գնահատմամբ՝ սահմանադրական բարեփոխումների իրենց ներկայացրած տարբերակը առաջին լուրջ փաթեթն է եւ քննադատելի որեւէ տարր չի պարունակում: Ավելին, եթե դրան նայես անպայման քո իշխանությունն ամրագրելու դիրքերից, ապա այն վտանգավոր փաստաթուղթ է: Հենց այստեղ էլ Հայրիկյանը տեսնում է այսօրվա հանդիպման չկայացման պատճառը։ «Հիմնական տագնապը գալիս է նրանից, որ իրենք գործ ունեն մի քանի տասնամյակ մշակված փաստաթղթի հետ, որի դեմ առարկություն ունենալ չէր կարելի: Իրենք չեն կարող ասել դա լավը չի, չեն կարող քննադատել, ուստի՝ մնում է միայն փախնելը: դա է միակ պատճառը:

Նախապես հանդիպել-քննարկելուն համաձայնելն էլ, ըստ Պարույր Հայրիկյանի, ձեւական խաղի կանոնները պահպանելու համար են արվել: Իրենց պահանջը եղել է նաեւ հրապարակային՝ լրագրողների ներկայությամբ քննարկելը, ինչը, ըստ ԱԻՄ նախագահի, նույնպես անհանգստացրել է հանձնաժողովականներին: Խնդիրը ԱԻՄ-ի ներկայացրած առողջարար փաթեթը հանրությանը ներկայացնելու վախն է, որից հետո ցանկացած մարդ կհասկանա, որ այն ԱԻՄ-ի օգտին չէ, այլ  քաղաքացու, գնահատեց Պարույր Հայրիկյանը:

Նրա ձեւակերպմամբ՝ իշխանությունների ներկայացրած Սահմանադրական բարեփոխումներն առողջ նպատակներ չեն հետապնդում: Դրա համար էլ սարսափեցնող է հրապարակային քննարկումը՝ կերեւար խավարի եւ լույսի ակնհայտ տարբերությունը, պատկերավորեց Պարույր Հայրիկյանը:

Սահմանադրական բարեփոխումների ներկայացված տարբերակին այսօր անդրադարձավ նաեւ «Համերաշխություն» կուսակցության նախագահ Սարգիս Ավետիսյանը: Նրա խոսքով՝ այն խայտառակություն է, որի քննարկելն անգամ անիմաստ է: «Այդ փոփոխության արդյունքում մենք կստանանք պարզապես կուսակցապետություն եւ, իրենց կարծիքով, դա կլինի Հանրապետական կուսակցությունը: Այդ կուսակցությունն է որոշելու ամեն ինչ եւ կուսակցության նախագահը պատասխանատու չի լինելու Հայաստանի համար:

«Համերաշխություն» կուսակցության նախագահը նման Սահմանադրությունը վտանգավոր է համարում երկրի համար՝ ընդհանրապես եւ, կարծում է, որ նման փոփոխություն չպետք է թույլ տալ: Սարգիս Ավետիսյանի խոսքով՝ Սահմանադրությունը համախմբող նշանակություն պիտի ունենա, մինչդեռ, նրա գնահատմամբ, այսօր հասարակության մեծամասնությունը համախմբվում է  «ոչ» ասելու համար:

«Համերաշխություն» կուսակցության ղեկավարի կանխատեսմամբ՝ աշնանը մենք ականատես կլինենք «ոչ» ասելու շուրջ լայն համախմբման գործընթացի, հակառակ դեպքում՝ պարտությունը լինելու է բոլորինը:

Back to top button