Հասարակություն

Այս տարվա առաջին 6 ամիսներին բռնության է ենթարկվել 20 լրագրող

lusinevasilyan

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն 2015թ. առաջին կիսամյակը լրատվամիջոցների և լրագրողների համար բարդ ու անբարենպաստ ժամանակահատված է որակում:  Ըստ կազմակերպության՝  բազմաթիվ են եղել ֆիզիկական բռնությունների, մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու կամ սահմանափակելու դեպքերը: Ամփոփելով կիսամյակի տվյալները ՝ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանն այսօր նշել է, որ վիճակագրության վատթարացմանը նպաստել են հատկապես հունիսի 23-ին մայրաքաղաքի Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունները:

 

2015 թ. առաջին  6 ամիսների ընթացքում  ֆիզիկական բռնության է ենթարկվել 20 լրագրող: Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն սա վերջին տարիների համար աննախադեպ է որակում: Աշոտ Մելիքյանն ասում է, որ սա գերազանցում է նույնիսկ 2008 թ.  ցուցանիշը, երբ տուժել էր  18 լրագրող՝ ներառյալ «Մարտի 1-ի» դեպքերը:

Վիճակագրության վատթարացմանը, իհարկե,  նպաստել են հունիսի 23-ին մայրաքաղաքի Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունները: Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման  դեմ բողոքի ակցիան ցրելիս ոստիկանանների թիրախում հայտնվեցին հատկապես լրագրողներն ու օպերատորները: «Այն դեպքն էր, որ որևէ խտրականություն չէր դրվում լրատվամիջոցների միջև: Եթե նախկինում տուժում էին ընդդիամդիր լրատվամիջոցները, այս անգամ հավասրապես տուժեցին բոլորը: Ոստիկանների   նպատակը ինֆորմացիայի արտահոսք թույլ չտալն էր: Միջնադարյան մտածելակերպով  կարծում են՝ 21-րդ դարում հնարավոր է կոծկել որևէ ինֆորմացիա»:

Հունիսի 23-ին  ֆիզիկական բռնության է ենթարկվել տարբեր լրատվամիջոցների 13 աշխատակից: ԶԼՄ-ների 7 ներկայացուցիչ էլ հարձակման թիրախ է դարձել նախորդ ամիսներին տեղի ունեցած 4 միջադեպերի ժամանակ: Այսպիսով՝ 2015-ի առաջին 6 ամիսներին արձանագրվել է ֆիզիկական բռնության 5 դեպք, որոնց ընթացքում տուժել է 20 լրագրող և օպերատոր:

Բացի ֆիզիկական բռնությունները՝ տարվա առաջին կիսամյակում ԽԱՊԿ-ն արձանագրել է ԶԼՄ-ների և դրանց աշխատակիցների նկատմամբ տարաբնույթ ճնշումների 34 միջադեպ, տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտման 12 փաստ: Ընդհանուր առմամբ՝ 2015-ի առաջին կիսամյակում կոմիտեն արձանագրել է լրատվամիջոցների և լրագրողների իրավուքների խախտման 51 դեպք՝ 7-ով ավելի, քան 2014թ. նույն ժամանակահատվածում:

«Մեր այս տվյալները ցույց են տալիս, որ իրավիճակը վատթարացել է, հարգանքը խոսքի ազատության և լրատվամիջոցների գործունեության նկտամամբ նվազել է, և դա չի կարող չհանգեցնել բացասական գնահատականների միջազգային կազմակերպությունների կողմից»:

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն , որպես կանոն, իր հաշվետվություններում անդրադառնում է նաև տեղեկատվական ոլորտին վերաբերող օրենսդրական նախաձեռնություններին: Դրանցից այս անգամ առանձնացվել է հունիսի 23-ին ԱԺ-ի ընդունած «Հեռուսատատեսության և ռադիոյի մասին» օրենքում փոփոխություններ նախատեսող օրինագիծը: Դրանով Հայաստանում անալոգայինից   թվային հեռարձակման  անցնելու  վերջնաժամկետը հետաձգվեց  6 ամսով՝ անցման մեկնարկը  դարձնելով 2016թ. հունվարի 1-ը:

Այս հետաձգումը մտահոգում է լրագրողական կազմակերպություններին: Նրանց պնդմամբ՝ խնդիրը կարելի էր հիմնովին լուծել, ոչ թե մի քանի անգամ հետաձգել անցման վերջնաժամկետը:

Ցուցադրել ավելի
Back to top button