Վերլուծական

«Քուրդիստան» կոմիտե. Թուրքիայի պայքարն ԻՊ դեմ ձեւական է, հիմնական թիրախը քրդերն են

karenghazaryan

Այն, ինչ կատարվում է Թուրքիայում եւ նրան հարակից Սիրիայի եւ Իրաքի քրդաբնակ տարածքներում, պայքար է  թուրքական իշխանությունների եւ քուրդ ժողովրդի միջեւ։ Քուրդ ժողովուրդը խաղաղություն է ուզում, ինչը չեն  ցանկանում Թուրքիայի իշխանությունները, լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ  այսօր հայտարարել են Հայաստանում քրդական համայնքի ներկայացուցիչները՝ դատապարտելով թուրքական իշխանությունների գործողությունները: Նրանք նաեւ Թուրքիային զսպելու կոչ են ուղղել մեծ տերություններին:  

Խորհրդարանական ընտրություններում քրդական կուսակցության հաջողությունը խելագարության է հասցրել Էրդողանին: Քուրդ ժողովրդը խաղաղություն է ուզում, ինչը չի ցանկանում Էրդողանը: «Քուրդիստան» կոմիտեի նախագահ, Քուրդիստանի համազգային կոնգրեսի պատգամավոր Ժենիկա Ղադըրի խոսքով՝ տեղի ունեցողը քուրդ ժողովրդի դեմ թուրքական իշխանությունների պատերազմն է, եւ ՔԱԿ-ը չէ այն սանձազերծողը, ինչպես նենգափոխում է Թուրքիան:

«Այս պատերազմը եղավ նրա համար, որ էրդողանը տանուլ տվեց պառլամենտական ընտրությունները եւ չկարողացավ հաշտվել այդ մտքի հետ: Դա իրեն հասցրեց խելագարության աստիճանի: Այսօր խաղաղություն անհրաժեշտ չէ Էրդողանին, նա պայքարում է միանձնյա իշխանություն ձեռք բերելու համար, ինչը շատ ցավալի է ու Քրդական ժողովուրդավարական կուսակցությունը չի ընդունում դա»,- ասում է նա:

Քուրդ ժողովուրդը չի ընկրկելու եւ պայքարելու է մինչեւ վերջ: Եթե նոր ընտրություններ էլ լինեն, Էրդողանն իր հավաքած ձայներն էլ կկորցնի,, համոզմունք հայտնեց «Քուրդիստան» կոմիտեի նախագահ, Քուրդիստանի համազգային կոնգրեսի պատգամավոր Ժենիկա Ղադըրը:

Հայաստանի քրդական ազգային խորհրդի նախագահ Կնյազ Հասանովը նույնպես պատահական չի համարում, որ թուրքական իշխանությունները քուրդ ժողովրդի դեմ պատերազմ վերսկսեցին խորհրդարանական ընտրություններում քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության աննախադեպ հաջողությունից հետո: «Մեջլիսում արդեն չեղավ միանձնյա ղեկավարում: Էրդողանի խաղաքարտերը խառնվեցին իրար: Ահա, Էրդողանը ուզում է ե՛ւ Սիրիայի քրդերի, ե՛ւ Թուրքիայի քրդերի մեջ քաոս ստեղծել: Արդեն 1200 հոգի ԺԴԿ ակտիվիստ է ձերբակալվել:  Նրանց բանտերում խոշտանգում են»։

Հայաստանի քրդական համայնքի ներկայացուցիչները համոզված են, որ Թուրքիայում տեղի ունեցած պայթյունների հետեւում կանգնած են հենց թուրքական իշխանությունները: 20-րդ դարասկզբին հայ ժողովրդին ցեղասպանության ենթարկած պետությունն այսօր էլ շարունակում է նույն գործելաոճը, շեշտեց Կնյազ Հասանովը: Հայաստանում քրդական համայնքի ներկայացուցիչները կոչ են անում գերտերություններին՝ Թուրքիային զսպելու քայլեր կատարել, հատկապես, երբ արդեն բացահայտ է, որ հենց Թուրքիան է կանգնած «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության թիկունքին եւ նրա պայքարը ԻՊ-ի դեմ ձեւական է:

Կրոնագետ, աստվածաբան Վարդան Խաչատրյանի գնահատմամբ՝ ԻՊ-ի զարգացումը նախեւառաջ քրիստոնեա Արեւմուտքի՝ քրիստոնեաների խնդիրների նկատմամբ անտարբեր վերաբերմունքի արդյունք է: Նա նույնպես կարծում է, որ աշխարհին այսօր այլեւս պարզ է, որ Թուրքիան ուղղակի հարաբերությունների մեջ է ԻՊ-ի հետ: «Տեղի ունեցած ռազմական գործողությունները ամերիկյան փորձագետները գնահատում են հետեւյալ կերպ՝ ԻՊ-ի դեմ, դա սանրվածքի փոփոխություն է, քրդական զանգվածի դեմ՝ մահափորձ»։

Վարդան Խաչատրյանի գնահատմամբ՝ մեզ համար կա ծայրահեղ վտանգի մեջ հայտնվելու խնդիր երկու դեպքում էլ՝  եթե  Թուրքիան պայթեց ներքին քրդական դիմադրության հետեւանքով, եւ երկրորդ՝ եթե Թուրքիան հաջողեց բազմաբարդ օպերացիայում: Երկրորդ դեպքում՝ նա չի բացառում, որ Հայաստանին կարող է ծայրահեղ իսլամիստների վտանգ սպառնալ՝ Նախիջեւանից:

Ցուցադրել ավելի
Back to top button