Հասարակություն

Որքա՞ն արժեք երեխային դպրոց ուղարկելը

sonahakobyan

Առջևում նոր ուսումնական տարին է:  Որքա՞ն գումար է անհրաժեշտ մեկ երեխայի դպրոցական պարագաների և հագուստի համար: Այս թեմային այսօր անդրադարձել է «Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանը և նշել, որ առաջին դասարանցու նվազագույն զամբյուղի  համար անհրաժեշտ է առնվազն 30.000 դրամ:  Կարեն Չիլինգարյանը նաև խորհուրդ է տվել շտապել գնումներ կատարելիս, քանի որ դպրոցական պարագաներն օր օրի թանկանում են. վերջն օրերին այդ ամենը բավականին լուրջ գումար կկազմի:

Մեկ ամսից մեկնարկում է նոր ուսումնական տարին, որին հատկապես առաջին դասարանցիները սպասում են մեծ անհամբերությամբ: Երեխային դպրոց ճանապարհելը մեծ պատասխանատվություն է առաջին հերթին ծնողների համար: Դրան պետք է պատրաստ լինել ինչպես հոգեբանորեն, այնպես էլ ֆինանսապես:

Հետաքրքիր է` իսկ որքա՞ն գումար է անհրաժեշտ երեխային առաջին անգամ դպրոց ճանապարհելու համար: Եթե համապատասխան հագուստն ու գրենական անհրաժեշտ պիտույքները գնեն այս օրերին, ապա հարկավոր է նվազագույնը 25-30 հազար դրամ, իսկ եթե օգոստոսի վերջին օրերին, ապա այդ գումարը ամենա քիչը 10 հազարով կավելանա, քանի որ ուսումնական տարվա նախաշեմին դպրոցական պարագաները անհամեմատ թանկանում են են, նկատեց Սպառողների խորհրդատվության կենտրոնի նախագահ Կարեն Չիլինգարյանը:

Ապրանքների գներին  զուգահեռ աճում է նաև սոցիալապես անապահովների թիվը: Այդուհանդերձ` ծնողներն ամեն ինչ անում են և ծախսում են նույնիսկ վերջին կոպեկը` երեխային հավուր պատշաճի դպրոց ճանապարհելու համար: Բայց արդյո՞ք ծախսված գումարն ու գնված ապրանքն արդարացնում են սպասելիքները: Ի վերջո՝ նվազագույն 30.000 դրամով գնված հագուստն ու դպրոցական պարագաները կարող են նաև որակապես զիջել առավել թանկ ապրանքներին:

Ոչ այնքան գինն է էական, որքան խանութի հեղինակությունը, որտեղից գնվում է տվյալ ապրանքը, նկատեց Կարեն Չիլինգարյանը, հավելելով, որ բրենդային խանութներում անհրաժեշտության դեպքում հնարավոր է փոխանակել կամ վերադարձնել գնված ապրանքը: Ուստի Սպառողների խորհրդատվության կենտրոնի նախագահը խորհուրդ է տալիս գնումներ կատարելիս խուսափել պատահական խանութներից կամ տոնավաճառներից:

Ցուցադրել ավելի
Back to top button