ԿարևորՔաղաքական

Նոր խոստումներ եւ եւ քիչ անց դադարեցված անժամկետ նստացույց. կառավարության շենքում

lianaeghiazaryan

Հերթական հինգշաբթին` գործադրի հերթական նիստով: Ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանն այսօրվա նիստին հաստատման է ներկայացրել ֆիզիկական անձանց կողմից Հայաստան ներկրվող ապրանքների առավելագույն քանակը սահմանող ցանկը: Այդ քանակից ավելի ներկրման դեպքում ապրանքը ենթակա է մաքսազերծման: Հարցը վարչապետի ու ֆինանսների փոխնախարարի միջեւ բանավեճի թեմա է դարձել:

 Այսօր 1 մլրդ 200 մլն դրամ է հատկացվել Վարդենիս-Մարտակերտ ճանապարհի մի հատվածի վերանորոգման համար:

 Նիստին հնչած խոստումներին չհավատալով էլ՝ կառավարության շենքի դիմաց անժամկետ նստացույց են սկսել նաիրիտցիները:

 

Նաիրիտցիներին հորդորեցին եւս 1-2 օր սպասել

Կառավարության այսօրվա նիստում, օրակարգային հարցերին դեռ չանդրադարձած, վարչապետ Հովիկ Աբրահամյանը խոսքը փոխանցեց  Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանին, ով հայտարարություն ուներ երկար ժամանակ իրենց աշխատավարձերի վճարմանն սպասող նաիրիտիների համար:  «Որևէ խանգարող և խոչընդոտող հանգամանքներ չկան, այդ թվում` նաև ֆինանսական խնդիր: Բոլոր փաստաթղթային ձևակերպումներին զուգահեռ կատարվում են աշխատավարձերի վճարման աշխատանքները և առաջիկա 1-2 օրերի ընթացքում կվճարվեն»,-հայտարարեց Երվանդ Զախարյանը:

Բայց մինչ կառավարությունում խոստումներ էին հնչում, կառավարության բակում հավաքվել էին նաիրիտցիներն ու հայտարարում` իրենք անժամկետ նստացույց են սկսում այնքան ժամանակ, մինչեւ ականատես լինեն պարտքի վերջնական մարմանը:

«Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցների խնդիրները համակարգող Անուշ Հարությունյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում պարզաբանեց` արդեն որերորդ անգամ է կառավարությունը մեկ-երկու օրում խնդիրները լուծելու խոստում տալիս` անարդյունք:

Մինչեւ տարեվերջ գործարարներին հանգիստ կթողնեն

Կառավարության նախորդ նիստին վարչապետը հանձնարարական էր տվել տնտեսվարող սուբյեկտների մոտ նվազագույնի հասցնել ստուգումների քանակը: Այդ նպատակով անցած շաբաթվա ընթացքում կազմակերպվել են քննարկումներ շահագրգիռ բոլոր գերատեսչությունների մասնակցությամբ, լսվել են ներկայացված առաջարկները։ Արդյունքում՝ ձևավորվել է նախագիծ, որով, ըստ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի, մինչև 2016 թվականի հունվարի մեկը կտրուկ սահմանափակվում են բոլոր տեսչական մարմինների կողմից իրականացվող ստուգումները`բացառությամբ հարկային և մաքսային մարմինների կողմից իրականացվող ստուգումների, բացառությամբ դպրոցներում, մանկապարտեզներում, գազալցակայաններում, մարդու կյանքի եւ առողջության համար խիստ կարեւոր օբյեկտներում ստուգումների:

Ստուգումներ կարող են իրականացվել միայն վարչապետի գրավոր թույլտվությամբ, իսկ համապատասխան տեսչական մարմինը պետք է նախապես հիմնավորումներ ներկայացնի, թե ինչու պետք է իրականացվի այս կամ այն ստուգումը: Ստուգումների կասեցումը չի տարածվում նաեւ պետական հիմնարկների, ՊՈԱԿ-ների, համայնքային կազմակերպությունների վրա, որովհետև նրանք փաստացի չեն մասնակցում տնտեսական արդյունքի ստեղծմանը:

«Ինչպես գիտենք, տեսչական բարեփոխումների ընթացքում մենք արդեն իսկ ստուգումներն իրականացնում ենք բացառապես ստուգաթերթերի հիման վրա, ինչն արդեն էականորեն սահմանափակել է տեսչական մարմինների կողմից տնտեսվարող սուբյեկտներին առաջադրվող խնդիրների քանակը: Այժմ տեսչական մարմինները գործադրում են մոտավորապես 170 ստուգաթերթ: Այս որոշմամբ, ըստ էության, մենք կասեցնում ենք 170 ստուգաթերթերից մոտավորապես 90 տոկոսը մինչև տարեվերջ: Թույլ ենք տալիս մնացած 10 տոկոսի շրջանակներում ստուգումներն իրականացնել միմիայն բարձր ռիսկային խմբում գտնվող տնտեսվարող սուբյեկտների մոտ, ինչպես օրինակ ավտոգազալցակայանները և այլն»,- ասաց Դավիթ Հարությունյանը։

Աշխատանքային օրը՝ կրկին ոչ աշխատանքային

Կառավարությունն այսօր որոշեց Խաչվերացի օրվա կապակցությամբ սեպտեմբերի 14-ի աշխատանքային օրը տեղափոխել սեպտեմբերի 19-ը` շաբաթ օր: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշեց նաեւ, որ միաժամանակ օգոստոսի 16-ին` Աստվածածնի վերափոխման տոնին՝ խաղողօրնեքին հաջորդող երկուշաբթին կլինի աշխատանքային:

«Հաշվի  առնելով, որ Հայաստանն աշխարհում առաջին քրիստոնյա պետությունն է և ունի քրիստոնեական  արժեհամակարգի հիման վրա հաստատված հասարակություն, կոչ եմ անում գործատուներին՝ Աստվածածնի վերափոխման տոնին հաջորդող երկուշաբթի օրը`օգոստոսի 17-ին, ընդառաջել այն քաղաքացիներին, ովքեր այցելում են Եկեղեցի և գերեզմանոց՝ մասնակցելու հոգեհանգստյան արարողությունների»,- նշեց վարչապետը։

Քոչարյանն ափսոսում է, որ Ադրբեջանն Ալիեւի ձեռքին է

Նիստի ավարտին լրագրողների հետ զրույցում արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը խոսել է սահմանային լարվածության մասին ու շեշտել` Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն Ադրբեջանի իշխանություններն օգտագործում են իրենց ռեժիմը պահպանելու համար, որովհետև նրանք այլ բան չեն գտել շեղելու ուշադրությունը ներքին խնդիրներից և համախմբելու հասարակությունը:

Խոսելով Ադրբեջանի սպառազինության նոր ծավալների մասին, ընդ որում` ձեռք բերված Ռուսաստանից, Քոչարյանը վստահեցրել է` այսօրվա հարաբերակցությունը շատ ավելի բարենպաստ է հայկական կողմի համար՝ ի տարբերություն 90-ականների սկզբների, այն ժամանակ, երբ Ադրբեջանն ամեն անգամ փորձում էր հարձակում ձեռնարկել և կրում նորանոր պարտություններ:

«Այդ տեսակետից Ադրբեջանը պետք է խելքը գլուխը հավաքի: Ափսոս է այդ պետությունը, որ այդ իշխանության ձեռքին է»,- նշել է փոխարտգործնախարարը:

Ինչ վերաբերում է ՀՀ հետ Եվրահանձնաժողովի կողմից բանակցությունները սկսելու համար մանդատի ստացմանը, որը կարծես ձգձգվում է, Քոչարյանը նկատել է: «Եվրահանձնաժողովի կողմից բանակցությունները սկսելու մանդատի ստացման համար անհրաժեշտ է ԵՄ անդամ բոլոր երկրների համաձայնությունը: Դա բյուրոկրատական առումով ժամանակատար է: Այդ մանդատը ստանալուց հետո արդեն բանակցող թիմը կարող է հստակորեն մտնել բանակցությունների մեջ: Ընդհանուր առմամբ կարծում եմ, որ ՀՀ-ԵՄ հարաբերությունները գտնվում են բավականին դրական վիճակում»:

Վատ է, երբ պաշտոնյան կեղծ տեղեկություն է տալիս. ՄԻՊ- ը՝ Սյունիքի մարզպետի մասին

Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել է` հունիսի 23-ի գիշերը էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքող քաղաքացիների հանդեպ բռնարարքների համար պատասխանատվության ենթարկված ոստիկաններ եղել են, այդ գործընթացը շարունակվում է, բայց այստեղ ՄԻ պաշտպանն իր լիազորություններն ավարտված է համարում, եթե արդեն կա խախտման մասին որոշում:

Իսկ գույքային կամ այլ պահանջների դեպքում բողոքների հասցեատերն արդեն դատարանն է: Հարցին, թե ինչ գումարներով է ոստիկանությունը փոխհատուցելու լրագրողների նկարահանման վնասված միջոցների համար, Անդրեասյանը պատասխանել է` մեթոդներից մեկն այն է, երբ ոստիկանությունն իր միջոցներից է տրամադրում, ապա դրանք ետ պահանջում վնասը հասցրած ոստիկանից:

Կարեն Անդրեասյանը խոստանում է` ինքը հետամուտ է լինելու պարզելու` արդյո՞ք այդ գումարները պետական  միջոցներից են տրամադրվում, թե՞ ոչ, որպեսզի չստացվի այնպես, որ հարկատուների վճարած գումարն ուղղվի ոստիկանական բռնարարքների համար պատասխան տալուն:

Մարդու իրավունքների պաշտպանը խոսել է նաեւ Սյունիքի մարզպետի որդու մասնակցությամբ մեկ այլ անձի վնաս պատճառելու գործով սկսված քննության մասին: Սուրիկ Խաչատրյանի որդին ձերբակալվել է, իսկ Խաչատրյանը շարունակում է հայտարարել, թե իր որդին մեղավոր չէ: Այս առնչությամբ Կարեն Անդրեասյանը շեշտել է`Շատ վատ է, եթե պաշտոնյան կեղծ տեղեկություններ է հաղորդում»։

Վարչապետի եւ ֆինփոխնախարարի բանավեճը. որքա՞ն կահույք կարելի է բերել

Ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանն այսօրվա նիստին հաստատման է ներկայացրել ֆիզիկական անձանց կողմից Հայաստան ներկրվող ապրանքների առավելագույն քանակը սահմանող ցանկը: Այդ քանակից ավելի ներկրման դեպքում ապրանքը ենթակա է մաքսազերծման: Հարցը վարչապետի ու ֆինանսների փոխնախարարի միջեւ բանավեճի թեմա է դարձել:

ԵՄ նոր աջակցությունը ՓՄՁ- ին

Եւ տնտեսական մի լուր: Հայաստանն անդամակցում է Եվրոպական Միության «Ձեռնարկությունների և փոքր ու միջին ձեռնարկությունների մրցունակություն ծրագրին: Սա հայաստանյան մանր ձեռնարկություններին լուրջ աջակցություն կլինի թե ֆինանսապես, թե կազմակերպչական առումով, մանրամասնեց Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը։

Ցուցադրել ավելի
Back to top button