Միջազգային

ԱՄՆ Թուրքիային կոչ է անում սահմանափակել քրդերի դեմ հարվածները

Թուրքիայում Քրդական աշխատավորական կուսակցության զինյալները թուրք զինվորականների վրա նոր հարձակում են գործել Շըրնաքում: «Անադոլու» գործակալության հաղորդմամբ՝ Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբից տեղեկացրել են, որ հարձակման հետևանքով երեք զինվոր է զոհվել, որոնցից մեկը` սպա: Իրավապահ մարմինների գործողությունների արդյունքում մեկ քուրդ զինյալ է սպանվել։

Քրդական աշխատավորական կուսակցությունը հարձակում է իրականացրել նաև Բինգյոլում. Անկարա-Թեհրան ուղերթն իրականացնող գնացքի վրա, նետված ականի պայթյունի հետևանքով մարդկային կորուստներ չեն գրանցվել: Դեպքի վայրում իրավապահ մարմինները լայնածավալ աշխատանքներ են սկսել Քրդական աշխատավորական կուսակցության մարտիկներին հայտնաբերելու նպատակով:

Այսօր ԱՄՆ Անկարային կոչ է արել սահմանափակել Քրդական աշխատավորական կուսակցության դեմ ռազմական գոծողության մասշտաբները: Սպիտակ տան ներկայացուցիչ Էրիկ Շուլցը  կոչ է արել Թուրքիայի իշխանություններին թուլացնել լարվածությունն ու վերադառնալ խնդրի խաղաղ կարգավորման գործընթացին:

ԱՊԱ գործակալության փոխանցմամբ՝ «Իսլամական պետության» դեմ պայքարում կոալիցիային Թուրքիայի ցուցաբերած աջակցության և ՔԱԿ-ի դիրքերին հասցված հարվածների մասին հարցին ի պատասխան՝ Շուլցը նշել է. «Մեզ գոհացնում են թուրքական կառավարության քայլերը «Իսլամական պետության» դեմ պայքարում, ՔԱԿ-ը ևս ահաբեկչական կազմակերպություն է:Դատապարտում ենք նրանց իրականացրած ահաբեկչությունները, սակայն համոզված ենք, որ գործընթացը պետք է շարունակվի խաղաղ հունով»։

Ցուցադրել ավելի
Back to top button