Մշակույթ

«Տերտերյանի ժամանակով» գուցե «ժպիտը Հայաստան կվերադառնա»

sonahakobyan

Գեղարքունիքի մարզի Հայրավանք գյուղում՝ կոմպոզիտոր Ավետ Տերտերյանի ստեղծագործական տանը, կանցկացվի «Տերտերյանի ժամանակը» խորագրով փառատոնը: Փառատոնի շրջանակում նախատեսված է պատարագ եւ հոգեւոր երաժշտության համերգ Հայրավանքում, գրքերի շնորհանդեսներ, կինոծրագիր՝ «Ավետ Տերտերյանը եւ նրա երաժշտությունը կինոարվեստում» խորագրով, համերգային ծրագիր՝ քամանչահար Հակոբ Խալաթյանի, Սվերդլովի պետական ակադեմիական ֆիլհարմոնիայի լարային քառյակի, Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի մասնակցությամբ: Փառատոնը նվիրվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

Սեւանի Հայրավանք գյուղում, որտեղ գտնվում է մեծանուն հայ կոմպոզիտոր Ավետ Տերտերյանի ստեղծագործական տունը, այսօր կմեկնարկի «Տերտերյանի ժամանակը» խորագրով փառատոնը:  Տեղի կունենա ժողովրդական տոնախմբություն, որտեղ երաժշտության տիեզերական ոգին կմիաձուլվի վեհապանծ լեռների եւ կապուտակ լճի չնաշխարհիկ բնապատկերին:

Կարևորելով այս փառատոնը՝ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը նշեց, որ տերտերյանական փառատոնի գաղափարը վաղուց կար և ուրախալի է, որ այն հասարակական նախաձեռնությամբ է մեկնարկում:

«Այս փառատոնը ամենամեծ նվերն է, որ հայրս կարող էր ստանալ։ Ի վերջո՝ Սևանի ափին նման տոնախմբություն կազմակերպելը նրա վաղեմի երազանքն էր»,- նշեց երաժշտագետ Ռուբեն Տերտերյանը: Կոմպոզիտոր Ավետ Տերտերյանի որդին հույս ունի, որ այս փառատոնով «ժպիտը Հայաստան կվերադառնա»:

Փառատոնը կմեկնարկի պատարագով, այնուհետև տեղի կունենա  ժողովրդական արհեստների նմուշների ցուցադրություն, գրական հանդիպումներ, գեղարվեստական ցուցահանդեսներ՝ ֆոլկլորային համույթների մասնակցությամբ:

Տերտերյանի երաժշտությունը որակելով տիեզերական` «Մեդիա կոնգրես» ժուռնալիստների միության նախագահ Աշոտ Ջազոյանն էլ պատահական չհամարեց փառատոնի համար ընտրված խորագիրը: Տերտերյանի երաժշտությունը բոլոր ժամանակների համար է, նշեց նա:

Ցուցադրել ավելի
Կարդացեք նաև
Close
Back to top button