ԿարևորՔաղաքական

Վարչապետի հակակոռուպցիոն պայքարը. խոստումներ եւ կասկածներ

lianaeghiazaryan

Որքանո՞վ է վստահություն ներշնչում կոռուպցիայի դեմ պայքարելու մասին հանրապետության վարչապետի հայտարարությունը, արդյո՞ք իրականում կապ չունի այս կամ այն պաշտոնյայի ով լինելը այս պայքարում: Կառավարությունում իրենց հայտարարությունը տարատեսակ ձեւակերպումներով են ներկայացնում, հասարակական ու քաղաքական դաշտում, սակայն, ասվածին անվտահությամբ են վերաբերվում: Սրա վառ ապացույցն այն է, որ ընդդիմադիր քաղաքական եւ որեւէ ուժ չի ցանկացել անդամակցել կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդին, իսկ հասարակական կազմակերպությունները դեռ սպասում են` տեսնելու` արդյո՞ք խոստացված քաղաքական կամքն իրոք կցուցաբերվի:

Կառավարության հակակոռուպցիոն նոր նախաձեռնությունը` կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի աշխատանքների նոր մեկնարկով ու համապատասխան ռազմավարության հաստատմամբ, տարատեսակ քննարկումների թեմա է դարձել: Կոռուպցիայի դեմ պայքարելու մասին կառավարության նոր խոստումները գոնե քաղաքական դաշտում վստահություն չեն ներշնչում: Դրա մասին է խոսում ընդդիմադիր քաղաքական ուժերի հրաժարվելը այդ խորհրդին սեփական ներկայացուցիչներով միանալուց:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի հայտարարությունը, թե կոռուպցիայի դեմ պայքարում իրենց չի կաշկանդում այս կամ այն պաշտոնյայի ով լինելը, որոշ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների թերահավատությունն է հարուցում:

«Թրանսփարենսի ինթերնեշնլ» » հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանն, օրինակ, հարց է բարձրացնում` ինչո՞ւ է կառավարությունը որպես ամենակոռումպացված ոլորտներ մատնանշում 4-ը` պետական եկամուտներ, կրթություն, առողջապահություն եւ ոստիկանություն: Ո՞ւր մնացին ընտրական համակարգը, դատախազությունը, հարց է տալիս Հոկտանյանը: Կոռուպցիայի առումով վիճակը «վատ է, բավականին տխուր, ծրագրերն էլ, ռազմավարությունն էլ մի կողմ, քաղաքական կամք է պետք», ասում է:

Հիշեցնեմ, որ երեկ կառավարությունում հաստատվեց Հակակոռուպցիոն պայքարի 2015-2018 թվականների ծրագիրը, նաեւ` պայքարը համակարգող խորհրդի աշխատակարգը: Կոռուպցիայի դեմ պայքարին 750 հազար դոլարով մասնակցություն է ունենալու ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը, համաֆինանսավորմամբ միանալու է նաև կառավարությունը:

Իսկ պայքարի ուղղություններն սկսվում են օրենսդրական որոշ փոփոխություններից: Հանրային ծառայողի մասի օրենքից մինչեւ իրավաբանական անձանց հանդեպ պատժամիջոցների ու դրանց կիրառման մեխանիզմների հստակեցում: Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդը նախատեսում է պարբերաբար իր նիստերին հրավիրել բիզնեսի ներկայացուցիչներին, լսել նրանց, թե ինչ խոչընդոտներ են առկա բիզնեսի զարգացման համար և ինչ առաջարկություններ են անում:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ, Հակակոռուպցիոն ծրագրերի ազգային համակարգող Սուրեն Քրմոյանը համոզված է, որ կոռուպցիայի դեմ պայքարը կլինի արդյունավետ, եթե մասնավոր հատվածը ևս լինի պահանջատեր ու շահառու: Մինչ ռազմավարոթյան հաստատումը` այն երկար քննարկվել է հասարակական սեկտորի հետ, վստահեցնում է Քրմոյանը` ցանկանալով շեշտել` նրանք լսելի են:

Եվրամիությունում տեղյակ են Հայաստանում կոռուպցիայի տարատեսակ դրսեւորումներից: «Մասնավոր հատվածը կոռուպցիայի դեմ պայքարի արդի մարտահրավերների դեմ հանդիման» աշխատաժողովի ժամանակ Հայաստանում Եվրամիության ներկայացուցիչ Ալեսանդրո Ձանոտայի խոսքով` իրենք գիտեն` Հայաստանը զերծ չէ կոռուպցիայից, որը խոչընդոտում է տնտեսական աճին ու զարգացմանը, կոռուպցիայի գոյությունը հանգեցնում է տնտեսության թերզարգացածությանը: Եվրամիությունը պատրաստակամ է սատարել ինչպես ողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարին»:

Բայց միաժամանակ ԵՄ ներկայացուցիչը կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքար մղելու տեսանկյունից կարևորեց կառավարության հստակ հանձնառությունը, քանի որ կոռուպցիայի դեմ պայքարի հիմնական պատասխանատուն կառավարությունն է:

Ցուցադրել ավելի
Back to top button