Հասարակություն

Մայիսյանի հրդեհից տուժած բնակիչները կարող են բնակարան ձեռք բերել… 21 տարի անց

satikisahakyan

Արմավիրի մարզի հրատապ խնդիրների լուծման 6-րդ ծրագրի շրջանականերում  Մայիսյան գյուղի մանկապարտեզի շենքում  ապրող 4 ընտանիքի կհատկացվի որոշակի գումար՝ նոր բնակարաններ ձեռք բերելու նպատակով:  Այդ ընտանիքները 1994 թվականից տեղափոխվել էին մանկապարտեզի շենք՝ բազմաբնակարան բնակելի շենքի հրդեհման պատճառով: Բնակարաններ ձեռք կբերեն նաև Լենուղի համայնքի 4-րդ կարգի վթարային  թիվ 2 շենքի բնակիչները:

Այսօրվա առավոտը Արմավիրի մարզի Մայիսյան գյուղի մանկապարտեզում ապրող  բնակիչների համար բարի լուրով բացվեց: Մարզերի հրատապ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման նպատակով Արմավիրի մարզի վթարային շենքերի բնակիչներին հատկացվելու է գումար՝ նոր բնակարաններ ձեռք բերելու նպատակով: 21 տարի ապրելով մանկապարտեզի շենքում` նրանք հույսը չէին կորցրել  իրենց սեփական բնակարանը ունենալու մասին:

Ութ ընտանիք 1994 թվականին անօթևան էր մնացել բազմաբնակարան երկհարկանի շենքի  հրդեհման պատճառով: Որպես կացարան նրանց հատկացվել էր մանկապարտեզի շենքը, որը մասամբ ձևափոխել էին և հարմարություններ ստեղծելով ապրել:

Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը նշեց, որ ընտանիքին կհատկացվի  մոտավորապես 26 մլն. դրամ։ Այն բացառապես օգտագործվելու է բնակարան ձեռք բերելու նպատակով, հակառակ դեպքում  հետ կգանձվի:

Հրդեհված  բազմաբնակարն շենքը, որտեղ նախկինում ապրել  են բնակիչները,1940- ական թվականների շինություն էր՝  կառուցված գերմանացի գերիների կողմից: Հիմա միայն պատերն են կանգուն:

Հրդեհից հետո մանկապարտեզում օթևան գտած ութ ընտանիքից 4-ն արտագաղթել է, մյուս 4-ը շարունակում է ապրել մանկապարտեզում:  Հայաստան Նազարեթյանը կիսում է ուրախությունը, նշելով, որ այն լավագույն նվերն էր տղայի հարսանիքին:

Չորս ընտանիքից միայն մեկը ցանկություն հայտնեց հատկացված միջոցներով վերականգնել նախկին բազմաբնակարան շենքի իր բնակարանը, մնացածը բնակարաններ ձեռք կբերեն Արմավիր քաղաքում:

Մայիսյան գյուղում մակապարտեզի բնակեցման պատճառով 21 տարի այն չի գործել, շենքը նույնպես հիմնանորոգման կարիք ունի: Մայիսյան համայնքի ղեկավար Եսայի Մովսիսյանը տեղեկացրեց, որ սեփական միջոցներով չեն կարող հիմնանորոգումներ իրականացնել:

Արմավիրի մարզի Լենուղի համայնքի վթարային բազմաբնակարան 3 շենքից միայն մեկ շենքի ութ ընտանիքի բնակարանային պայմանները կապահովվեն: Նոր բնակարաններ ձեռք բերելու նպատակով նրանց հատկացվելու է 53 մլն 400 հազ. դրամ:

Արմավիրի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Կարինե Դանիելյանը տեղեկացրեց, որ այս տարի Լենուղում  ամենավթարային շենքի բնակիչների կարիքները  կբարելավվեն, իսկ շենքը ենթակա է քանդման:

Լենուղի գյուղի մյուս վթարային շենքերի բնակիչների բնակարանային պայմանները կապահովվեն հաջորդ տարի, իսկ այս տարի ծրագրով նախատեսված գումարները բնակիչներին կհատկացվեն հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին:

Ցուցադրել ավելի
Back to top button