Վերլուծական

Անկարան փորձում է լուծել քրդական խնդիրը՝ օգտագործելով ԻՊ գործոնը

karenghazaryan

Թուրքիայում սրվել է քրդական խնդիրը, խնդիրներ կան նաեւ «Իսլամական պետության» հետ, մեկ ամսից ավելի է Թուրքիայում չեն կարողանում ձեւավորել կոալիցիոն կառավարություն: Այս ամենը բավականին բարդ, խճճված ու քաոսային   իրավիճակի մեջ է դրել այս երկիրը:

Թուրքագետ Գեւորգ Պետրոսյանի կարծիքով՝ Թուրքիայում կոալիցիոն կառավարություն ձեւավորելու հարցում անհստակությունը կարող է հանգեցնել նոր ընտրությունների, իսկ դա իր հերթին նոր խնդիրներ կբերի՝ հաշվի առնելով քրդական խնդրի սրացումը:  «Իշխող կուսակցությունն առաջին հերթին խնդիր է դնելու նոր ընտրություններում տապալելու քրդական կուսակցությանը, իսկ դա բերելու է շատ լուրջ բախումների»,- ասում է նա։

Երկամյա դադարից  հետո ՔԱԿ-ի եւ Թուրքական պետության միջեւ արյունալի բախումների վերսկսումը Էրդողանի՝ թուրք-քրդական համերաշխության ծրագրի տապալում է: Սա, թուրքագետի կարծիքով, թուրք-քրդական բախումների նոր շրջան է բացում եւ դժվար է կանխատեսել, թե այն ինչով կվերջանա:

Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի համոզմամբ՝ Թուրքիայում նոր ընտրությունների անցկացումն առավել հավանական է, քանի որ դա լիովին ձեռնտու է թուրքական իշխանություններին: Վաղաժամ ընտրություններով փորձ կարվի թուլացնել քրդական կուսակցությունը՝ ԺԴԿ-ն եւ իշխող կուսակցության համար ավելի շատ ձայներ ապահովել՝ միատարր կառավարություն ձեւավորելու համար:

«Այս խնդիրը լուծելու համար կառավարող կուսակցությունը՝ Էրդողանի թիմակիցներն ու ինքը՝ էրդողանը, փորձում են օգտագործել նաեւ երկրի արտաքին քաղաքականությունը՝ ծառայեցնելով այդ նպատակին: Ես կարծում եմ նաեւ, որ այն, ինչ տեղի է ունենում Սիրիայում, հյուսիսային Իրաքում, պետք է կապել Թուրքիայի ներքին քաղաքական իրադրության հետ»,- նշում է Սաֆրաստյանը։

Թուրքագետ Սարգիս Գեւորգյանի դիտարկմամբ՝ վերջին շրջանի զարգացումները ցույց են տալիս, որ Թուրքիան փորձում է առավել ներգրավվածություն ապահովել մերձավորարեւելյան զարգացումներում, մասնավորապես՝ Սիրիայում եւ Իրաքում: «Թուրքերը չեն ցանկանա կամ չեն հանդուրժի իրենց հարակից սահմաններում մի այնպիսի վտանգավոր կառույցի գոյությունը, ինչպիսին ԻՊ-ն է: Միեւնույն ժամանակ՝ հասկանալի է, որ թուրքական իշխանությունները չեն ընդունի եւ չեն հանդուրժի Թուրքիային հարակից սիրիական հատվածներում քրդաբնակ հատվածների գոյությունը: Ըստ իս՝ այն, ինչ տեղի է ունենում այս պահին, դա Մերձավոր Արեւելքում ներկայիս ստեղծված իրողության հետ կապված թուրքական իշխանությունների նպատակների գործնական կիրարկումներին միտված քայլեր են»:

Անդրադառնալով ԻՊ- Թուրքիա  բախումներին՝ թուրքագետ Գեւորգ Պետրոսյանը նկատեց, որ քրդերն ու շատ թուրք փորձագետներ թուրքական իշխանություններին մեղադրում են, որ դրանք իրականում ավելի շուտ իմիտացիոն բնույթի են եւ խորքային չեն՝ ինչպես ՔԱԿ-ի հետ բախումները:

«Երկու կողմից զոհերի թիվը, ինչպես նաեւ Թուրքիայի ներսում խաղաղ ցուցարարների եւ ոստիկանների շարքերում արդեն զոհերի առկայությունը թույլ է տալիս ենթադրել, որ  ամառն ու աշունը բավականին  թեժ է լինելու Թուրքիայում, եւ թուրք-քրդական բախումները, կարծես թե, շարունակական լինելու միտում ունեն: Տեսանելի լուծում ես չեմ տեսնում։ Այսինքն՝ այս իրավիճակը շարունակելու է խորանալ»:

Թուրքագետ Սարգիս Գրիգորյանի համոզմամբ՝ Թուրքիան խոշոր, լայնամասշտաբ ռազմական գործողությունների չի գնա: Նրան մտահոգում է Սիրիայի հյուսիսում քրդական տարածքների միավորումը, ուստի՝ ԻՊ-ի դեմ պայքարը երկրորդ-երրորդ պլան է մղված, ավելին՝ նա կփորձի ԻՊ-ի գործոնը օգտագործել քրդերի դեմ պայքարելու համար:

Թուրքագետների կարծիքով՝ եթե հակաքրդական հիստերիան Թուրքիայում ավելի խորանա, ապա այն բացասաբար կանդրադառնա նաեւ հայերի եւ այլ քրիստոնեաների վրա:

Ցուցադրել ավելի
Back to top button