Քաղաքական

Սահմանադրական բարեփոխումներ պետք են, բայց… քննարկումներին միանում են արտախորհրդարանական ուժերը

karenghazaryan

Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանը Սահմանադրական բարեփոխումներին կողմ է, սակայն, կարծում է, որ այսօր ներկայացված նախագծով Հայաստանը չի կարող լինել իրավական պետություն: Քաղաքագետ, իրավաբան Էդվարդ Մամիկոնյանի գնահատմամբ՝ Սահմանադրական բարեփոխումների ներկայացված նախագիծն ուղղակիորեն Հայաստանի ինքնիշխանությունից հրաժարում է նշանակում, իսկ դեմկուսի նախագահ Արամ Սարգսյանի համոզմամբ՝ նման սահմանադրությամբ համակարգ չի կարող փոխվել:

ԳԽ պատգամավոր Ազատ Արշակյանը կողմ է սահմանադրական բարեփոխումներին: Եթե իր հայրենիքում հայն ամենավատն է ապրում, նշանակում է պատճառներ կան, իսկ ամենալուրջ պատճառը Սահմանադրությունն է՝ բարեփոխումներին կողմ լինելը հիմնավորեց նա:

«Մեր Սահմանադրությունը չի ապահովում մեր հայրենիքի բարգավաճումը, բնակչության կենսամակարդակի բարձրացումը, տնտեսության հզորացումը եւ այլն: Դրա պատճառով ես մտածում եմ, որ անպայման անհրաժեշտ է սահմանադրական բարեփոխումներ կատարել»։

Սակայն այն, ինչ առաջարկվել է, ըստ Ազատ Արշակյանի, բավականին թերի է, անհեթեթություններով լեցուն: Նրա խոսքով, առաջին հերթին շատ վատ է, որ չկա անգամ ընտրության հնարավորություն, այսինքն՝ եթե չես համաձայնում բարեփոխումների հետ, նշանակում է ընտրում ես մեր կյանքն այսպիսին դարձնող հին, անկատար Սահմանադրությունը, որին նույնպես դեմ է։

«Պետք է երկու տարբերակ առաջարկեին: Դա կլիներ ընտրություն: Դա մեկ թերություն, որ բարեփոխված հինը չունենք մենք, ունենք միայն սա կամ շատ հինը»,- ասում է։

Գերագույն խորհրդի պատգամավորը նաեւ դժգոհեց, որ Սահմանադրության նախագիծն ամբողջությամբ չի ներկայացվել, ներկայացվել է միայն 7 գլուխը, իսկ այդպես լինել չի կարող: Ամբողջ փաթեթի առկայությամբ է հնարավոր միայն քննարկելը: «Ինչ-որ բանի վրա անընդհատ հղումներ են արվում ու մենք չգիտենք, թե դա ինչ է»:

Քաղաքագետ-իրավաբան Էդվարդ Մամիկոնյանը նույնպես կարծում է, որ գործող Սահմանադրությունն ունի փոփոխության կարիք, սակայն ոչ այն փոփոխությունների, որոնք առաջարկվել են: «Նախեւառաջ, ինձ համար պարզ չէ, թե ինչու սկսվեց այս բարեփոխումները եւ այս ձեւով։ Այսինքն՝ ինչ խնդիրներ են առաջացել Հայաստանում, որոնք հին Սահմանադրությունը ի վիճակի չէ լուծելու եւ այս նորը կլուծի»:

Քաղաքագետ-իրավաբանի գնահատմամբ՝ կան շատ հարցեր, մտահոգություններ: Ամենագլխավորներից մեկը՝ շարադրման լեզուն վայել չէ Սահմանադրությանը: Եթե լեզվի խնդիրը հնարավոր է լուծել խմբագրական աշխատանքներով, ապա՝ մեկ այլ մտահոգություն է բովանդակությունը: « Ես կարծում եմ, որ այս սահմանադրության տեքստն ուղղակիորեն պաշտոնապես հրաժարվում է Հայաստանի սուվերենիտետից՝ ինքնիշխանությունից»։

Բանախոսը մատնանշեց երկու հոդված՝ 5-րդ հոդվածի երկրորդ կետը  եւ 81-րդ հոդվածի երկրորդ կետը, որոնց համաձայն Հայաստանում գերակայություն են ունենում միջազգային ընդհանուր իրավունքի այնպիսի նորմեր, որոնց անգամ Հայաստանը չի միացել: Քաղաքագետ-իրավաբանը մտավախություն ունի. «Դա շատ լուրջ խնդիր է; եթե երկիրը չունի իրավական անկախություն՝ սուվերենիտետ, ուրեմն նա չի ունենա սուվերենիտետ ընդհանրապես, որեւէ այլ հարցում»։

Բանախոսի գնահատմամբ՝ ներկայացված նախագծով նաեւ անհասկանալի ու շատ տարօրինակ է իշխանությունների բաժանման եւ հավասարակշռման սկզբունքը, նոր նախագծով ստեղծվում է, նրա ձեւակերպմամբ, «միակուսակցական կառույց իր պոլիտբյուրոյով»:

Ինչ վերաբերում է տնտեսությանը՝ չկա պետական սեփականություն, ինչը նշանակում է, որ ամեն ինչն է անցնելու մասնավորին պարտադիր ձեւով ու պետությունը չի կարողանալու գոնե որոշ չափով կարգավորումներ անել՝ ասենք անտառների ու ընդերքի:

Դեմկուսի նախագահ Արամ Սարգսյանի խոսքով՝ մտահոգությունները շատ են, անհեթեթությունները՝ նույնպես եւ նման ձեւով քննարկում կազմակերպելն անիմաստ է: «Մեր կուսակցության դիրքորոշումը հստակ է՝ հետ վերադարձնել այս նախագիծ կոչվածը հանձնաժողովին, քանի որ լուրջ խմբագրական անհրաժեշտություն կա: Մինչեւ այդ ամենը չլինի մենք փաստաթղթի քննարկմանը չենք անդրադառնալու»:

Արամ Սարգսյանը նաեւ շեշտեց, որ իր կուսակցության համար խորհրդարանական կառավարումն ի սկզբանե ընդունելի է, սակայն, աշխարհում կան դրա կիրառման տարբերակներ եւ հեծանիվ հորինելու անհրաժեշտություն չկա:

Ցուցադրել ավելի
Back to top button