ԿարևորՔաղաքական

Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրն առաջին նիստը անցկացրեց

lianaeghiazaryan

Կառավարությունում այսօր իր առաջին նիստն է գումարել դեռ մարտին վարչապետի որոշմամբ ստեղծված Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդը: Օրակարգային 10 հարց է քննարկվել, հաստատվել են Հակակոռուպցիոն պայքարի 2015-2018 թվականների ծրագիրն  ու պայքարը համակարգող խորհրդի աշխատակարգը: Իսկ վարչապետը նիստի սկզբում ու վերջում շեշտել է` կոռուպցիոն երեւույթների դեմ պայքարի ելնելիս իրենց չի կաշկանդում այս կամ այն չինովնիկի ով լինելը: Կոռուպցիայի դեմ պայքարին 750 հազար դոլարով մասնակցություն է ունենալու ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը, համաֆինանսավորմամբ միանալու է նաեւ կառավարությունը։

Կրթություն, առողջապահություն, ոստիկանություն եւ պետական եկամուտներ. այս 4 ոլորտները կառավարությունը կոռուպցիայի տեսանկյունից ամենառիսկայինն է համարում ու հակակոռուպցիոն պայքարի նոր փուլը սկսում հենց այս ոլորտներից: Իսկ նշված նոր փուլն այսօր սկսվեց, կառավարությունում իր առաջին նիստը գումարեց դեռ մարտին վարչապետի որոշմամբ ստեղծված կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդը:

Հիշեցնեմ, որ նման խորհուրդ գործում էր նաեւ Տիգրան Սարգսյանի վարչապետության ժամանակ, բայց կառավարության կազմում փոփոխություններից հետո այն վերակազմավորվում է` ընդլայնված կազմով: Նիստում օրակարգային 10 հարց քննարկվեց: Իսկ վարչապետը նիստի սկզբում ու վերջում շեշտեց` կոռուպցիոն երեւույթների դեմ պայքարի ելնելիս իրենց չեն կաշկանդում այս կամ այն չինովնիկի ով լինելը:

Ընդդիմադիր ուժերին եւս առաջարկվել է ներգրավվել խորհրդում, մերժվել է սակայն: Ներկա էին հասարակական տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնց երկար ելույթի հնարավորություն է տրվել: Թե ինչու քաղաքական ուժերը վստահություն ու մասնակցություն չեն ցուցաբարել, հարցի այլ կողմն է, վարչապետն ամեն դեպքում փորձեց վստահեցնել` այս խորհուրդը լինելու է պայքարի հարթակ:

Այսօր հաստատվեց «Հակակոռուպցիոն պայքարի 2015-2018 թվականների ծրագիրը», նաեւ պայքարը համակարգող խորհրդի աշխատակարգը: Կոռուպցիայի դեմ պայքարին 750 հազար դոլարով մասնակցություն է ունենալու ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը, համաֆինանսավորմամբ միանալու է նաեւ կառավարությունը:

Իսկ պայքարի ուղղությունները սկսվում են օրենսդրական որոշ փոփոխություններից: Բարձրաստիճան պաշտոնյաների էթիկայի հանձնաժողովի նախագահ Սիրանուշ Սահակյանն, օրինակ, մատնանշում է տարբեր երկրների փորձն ու առաջարկում վերանայել բարձրաստիճան անձանց հանդեպ էթիկայի հանձնաժողով իրենց ունեցվածքի հայտարարագիր չներկայացնելու, ոչ ամբողջական կամ կեղծ տեղեկատվություն ներկայացնելու դեպքում կիրառվող պատժամիջոցները:

Կեղծ տվյալ ներկայացնելու դեպքում 1 մլն դրամով տուգանելը համաչափ չէ, քրեական պատասխանատվություն է պետք կիրառել, իսկ վարչական պատասխանատվությունը հարկ է թողնել այլ դեպքերին: Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն այս առումով շեշտեց` խախտումների սահմանագիծը գտնելը շատ դժվար է, դիտավորյալ խախտումների դեպքում պետք է ընդհուպ մինչեւ աշխատանքից ազատել: Բայց ամեն դեպքում ռիսկերի գնահատման մեթոդաբանություն է պետք, պարտադիր, ասաց Դավիթ Հարությունյանը:

Հակակոռուպցիոն ռազմավարությունը լուրջ անդրադարձ ունի իրավաբանական անձանց կոռուպցիոն վարքագծին: Այդ դեպքում մեր անգամ բարելավված քրեական օրենսգիրքը պատասխանատվության մեխանիզմներ չի սահմանում, խոստովանում է արդարադատության փոխնախարար Արսեն Մկրտչյանը: Եվ սա խոչընդոտում է կոռուպցիայի դեմ պայքարին, այսօր հայտարարում են արդարադատության ոլորտի պատասխանատուները:

Հայաստանը միջազգային պարտավորություններ ստանձնել, է, բայց դրանք օրենքներում դեռ չեն արտացոլվել, շարունակում է փոխնախարարն ու կարեւորում հստակեցնել պատասխանատվության մեխանիզմները` սկսած հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքի բռնագանձումից, այս կամ այն հետագա գործունեությունն արգելելով, ապօրինի հարստացումը քրեականացնելով ու որոշ դեպքերում վարչականից քրեական պատասխանատվության անցնելով:

Վստահեցումների շարքին ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանն էլ միացավ, ասաց` երկխոսության ու վստահության համար իրենք բացում են դռները հասարակական կազմակերպությունների առջեւ: Սրան զուգահեռ հանձնարարվում է բոլոր նախարարություններին ունենալ կից հանրային խորհուրդներ, որոնց միջոցով փոքր ու միջին բիզնեսի խնդիրներն էլ լսելի կդառնան։

Ցուցադրել ավելի
Back to top button