Սահմանադրության նախագծում մարդու իրավունքների դրույթները ընդլայնվել են, իսկ իրավունքնե՞րը


Սահմանադրության նախագծում մարդու իրավունքներին ու ազատություններին վերաբերող բաժինը նկատելիորեն ընդլայնվել է. գործող տարբերակի համեմատությամբ՝ հոդվածների քանակը կրկնապատկվել է, ավելացել է նոր գլուխ: Որո՞նք են հիմնական տարբերությունները, ի՞նչ նորամուծություններ կան և ո՞ր ամրագրումներն են արդեն հասցրել խնդրահարույց որակվել:
Սահմանադրության նոր և գործող տարբերակների «մարդու իրավունքներ» բաժինները համեմատելիս՝ ակնհայտ թվացող առաջին տարբերությունը բաժնի ընդյալնում է, հոդվածների ավելացումը: Գործող Սահմանադրությամբ մարդու իրավուքներին ու հիմնարար ազատություններին վերաբերում է երկրորդ գլուխն ամբողջությամբ ՝ կամ Սահմանադրության 14-ից 48-րդ հոդվածները: Նոր նախագծում բաժինն արդեն ներկայացված է 2 գլուխներով:
Նախագծի 2-րդ գլխի 22-ից 81-րդ հոդվածները սահմանում են քաղաքացու հիմնական իրավուքներն ու ազատությունները, իսկ 3-րդ գլուխը, որը վերնագրված է «Սոցիալական, տնտեսական և մշակութային ոլորտներում օրենսդրական երաշխիքները և պետության քաղաքականության հիմնական նպատակները» և ըստ էության նոր բաժին է Սահմանադրության մեջ, 6 հոդված է ընդգրկում:
Այսինքն, նոր նախագծում իրավուքներին վերաբերող հոդվածները քանակով առնվազն կրկնապատկվել են, բացի այդ՝ Սահմանադրության մեջ նոր գլուխ է ավելացել՝ բաժինն արդեն Մայր օրենքում ներկայացնում է ոչ միայն 2-րդ, այլ նաև 3-րդ գլուխը։
Սա մասնագիտական հանձնաժողովի անդամները կոնցեպտուալ փոփոխություն են համարում, ասում են՝ ըստ էության վերանայլվել է իրավուքների նկատմամբ մոտեցումը:
Որպես բացատրություն՝ Վարդան Պողոսյանը նշում է, որ գործող Սահմանադրության 2-րդ գլխում իրար խառնված են մարդու սուբյեկտիվ իրավունքներն ու պետության նպատակներն ու սկզբունքները: Իսկ դրանք, ի տարբերություն հիմնարար իրավուքների, անմիջականորեն չեն կարող գործել:
Որպեսզի դիտարկումն ավելի հասկանալի լինի, Պողոսյանը հետևյալ օրինակն է բերում: Սահմանադրությամբ անմիջականորեն գործող իրավունք են սահմանվում մի կողմից, օրինակ, կյանքի իրավունքը, բնակարանի անձեռնմխելիության կամ հավաքների ազատության իրավուքները, մյուս կողմից՝ օրինակ կենսապայմանների բարելավման կամ առողջ շրջակա միջավայր ունենալու իրավունքը: Սրանք նույն խմբի իրավուքներ չեն, ասում է Վարդան Պողոսյանը:
«Հիմա մենք կարող ենք դատարանի միջոցով վերականգնել կամ ստանալ առողջ շրջական միջավայր. Չենք կարող: Կարո°ղ ենք դատարանի միջոցով ապահովել մեր հավաքների ազատության իրավուքնը: Եթե արգելել են, սահմանափակել են ու մեր պահանջը իրավաչափ է, ապա դատարանի միջոցով կարող ենք այդ իրավունքի իրականացմանը հասնել: Գործող Սահմանադրության մեջ հիմնարար իրավուքներն ու սոցիալական նպատակները իրար խառված են ու ստացվում է, որ բոլորը անմիջականորեն գործող իրավունքներ են»:
Հենց այս պատճառով էլ հանձնաժողովը գտել է, որ այս բաժնում հստակություն մտցնելու և տարանջատման կարիք կա: Նոր նախագծում հիմնարար իրավունքների բաժինը ոչ միայն ընդլայնվել, այլ նաև թարմացվել և մանրամասնվել է: Հայտնի ու համընդանուր իրավուքների ցանկին ավելացել են նոր ձևակերպումներ, օրինակ գործադուլի կամ հանրագրերի իրավունքը: Վերջինը պետական մարմիններին և պաշտոնյաներին հանրագիր ներկայացնելու և ողջամիտ ժամկետում պատշաճ պատասխան ստանալու իրավունքն է:
Քանի որ բաժինը խիստ ընդգրկուն է դարձել, մասնագետները չեն շտապում վերջնական գնահատականներ տալ, հստակ ասել, թե արդյո՞ք իրավունքների այսչափ մանրամասնումը երաշխիք է նաև այն բանի, որ իրավունքներն ավելի ճիշտ են ընկալվելու ու պաշտպանվելու:
Սահմանադրագետ Վարդան Այվազյանը այն մասնագետների շարքում է, որոնք առաջընթաց տեսնում են հենց մարդու իրավուքների բաժնում: «Այս բաժնում բավականին առաջընթաց կա, քանի որ հստակ համակարգվել են մարդու քաղաքական, սոցիալ-տնտեսական և մշակութային իրավուքները, և ամենակարևորը ՝ յուրաքանչյուր իրավունքի մասին հոդվածը նախատեսում է նաև տվյալ իրավունքի սահմանափակման հիմքերը»:
Լավագույն օրինակը, երբ հոդվածի մեջ սահմանվում է իրավունքը, իսկ հոդվածի հաջորդ մասում նշվում են այդ իրավունքի սահմանափակման հիմքերը, հոդված 23-ն է: Դրա առաջին մասը սահմանում է՝ «յուրաքանչյուր ոք ունի կյանքի իրավունք»: Շարունակության մեջ նշվում է՝ «կյանքից զրկելը չի համարվում սույն հոդվածի խախտում, եթե այն հետևանք է այնպիսի ուժի գործադրման, որը բացարձակապես անհրաժեշտ է»:
Սա այն հոդվածներից էր, որը նախագծի հրապարակումից անմիջապես հետո բուռն քննարկումների առիթ դարձավ: Գնահատականներ հնչեցին, թե Սահմանադրությամբ ամրագրվում են կյանքից զրկելու, ավելին ՝ սպանության հիմքերը: Վարդան Պողոսյանն ի պատասխան այս քննադատության ասում է, թե այս սահմանումը չեն հորինել, վերցրել են Մարդու իրավուքների կոնվենցիայից, որում թվարկված են կյանքի իրավունքի սահմանափակման 3 դեպքերը:
Ասում է՝ նախնական տարբերակում այդ թվարկումը եղել է, հետո հրաժարվել են: «Այդ դրույթը պարզապես արգելելու է, որ օրենսդիրը այս սահմանումից դուրս պատճառ գտնի և օրենքով լեգիտիմացնի ուժի գործադրումը: Ընդհանրապես՝ այդ հարցին չանդրադառնալը կնշանակեր մարդու ամենաֆունդամենտալ իրավունքի սահմանփակումը թողնել օրենսիրին»:
Հանաձնաժողովի անդամներն այս մասով հարցը փակված չեն համարում, նշում են, որ պատրաստ են քննարկումների արդյունքում գտնել ավելի անխոցելի սահմանում: