ԿարևորՎերլուծական

Ադրբեջանը պատերազմի վերսկսման իրական վտանգ երբ տեսնում է՝ դադարեցնում է իր ակտիվությունը

karenghazaryan

Ղարաբաղյան բանակցություններում միջնորդների առջեւ դրված ներկա փուլի հիմնական խնդիրը նախագահների հանդիպում կազմակերպելն է եւ ոչ ավելին, համոզված է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը: Անդրադառնալով սահմանային լարումներին՝ քաղաքագետը համոզմունք է հայտնել, որ դրանցով Ադրբեջանը ներքին եւ արտաքին քաղաքական խնդիրներ է փորձում լուծել եւ տարբեր քաղաքական դիվիդենտներ քաղելու համար օգտագործել՝ վստահ լինելով, որ հայկական կողմի հակազդումը լինում է դրանց ուղիղ համեմատական:

Այն պահին, երբ Ադրբեջանը պատերազմի վերսկսման իրական վտանգ է տեսնում՝ դադարեցնում է իր ակտիվությունը, նկատել է վերլուծաբանը՝ համոզմունք հայտնելով, որ պատերազմի վերսկսմանը որեւէ տեսանկյունից Ադրբեջանը պատրաստ չէ:

Խոսել նրա մասին, թե ԼՂ հարցով կարող են ինչ-ինչ պայմանավորվածություններ լինել, կամ հետագա ընթացքի իչն-որ ուղղություններ մշակվել, հնարավոր չէ: Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի գնահատմամբ՝ դա լավ են հասկանում նաեւ միջնորդները: «Հիմնական նպատակը բանակցությունները փակուղուց հանելու համար հենց մի հանդիպում կազմակերպելն է, որը, ինչպես տեսնում ենք, բավական բարդ է ընթանում: Չնայած նրանք հայտարարեցին, որ երկու երկրների ղեկավարները պատրաստակամ են նման հանդիպում անցկացնելու, բայց նաեւ նշվում է, որ հանձնարարություն է տրված արտգործնախարարներին եւ հետեւաբար արտգործնախարարների մակարդակով դեռեւս երկար աշխատանք կա տանելու այդ հանդիպումը անցկացնելու համար»,- ասում է։

Գերնպատակը 2015-ն առանց այդ հանդիպման չթողնելն է, իսկ կհաջողվի դա, թե՝ ոչ, քաղաքագետի կարծիքով, ամենայն հավանականությամբ կախված կլինի սահմանում կատարվող գործընթացներից: Սահմանային լարվածությունն այսօր նոր աստիճանի է հասնում՝ բացասական առումով, նկատեց քաղաքագետը: « Ադրբեջանը փորձում է ամեն ինչ անել, որպեսզի իրավիճակը սահմանում լարելու իր հնարավորությունները ինքը մշտապես կարողանա պահել: Այսինքն՝ Ադրբեջանը հնարավորություն ունենա ցանկացած պահի սրել իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանում՝ դրանով իսկ լուծելով ներքաղաքական եւ արտաքին քաղաքական մի շարք խնդիրներ»:

Քաղաքագետի կարծիքով՝ դա Ադրբեջանին հաջողվում է եւ յուրաքանչյուր պահի, երբ իրավիճակային փոփոխություն է սպասվում տարածաշրջանում, նրանք միանգամից իրենց իրավունք են վերապատում լարվածություն ստեղծել սահմանում։ Մելիք- Շահնազարյանի կարծիքով՝ Ադրբեջանը սահմանում հանգիստ է գործում, քանի որ հայկական կողմը բավարար չափով չի հակազդում նրանց այդ գործունեությանը՝ թե քաղաքական, թե ռազմական իմաստներով:

«Ադրբեջանն այսօր հնարավորություն ունի կառավարելու լարվածության աստիճանը սահմանում՝ վստահ լինելով, որ ինչքան ինքը սրի իրավիճակը, հայկական կողմի պատասխանը կամ հակադարձումը լինելու է ճիշտ դրան համեմատական: Այն պահից սկսած, երբ Ադրբեջանը պատերազմի վերսկսման իրական վտանգ է տեսնում, պարզապես դադարեցնում է այդ ակտիվությունը եւ չի տեսնում հայկական կողմից նախահարձակ լինելու կամ հայկական կողմից իրավիճակը սրելու սպառնալիք»:

Քաղաքագետը պատերազմի վերսկսման պատրաստակամություն ադրբեջանական կողմից չի տեսնում: Կարծում է, որ վերջինը ո՛չ ռազմական առումով, ո՛չ տնտեսապես պատրաստ չէ դրան: Բացի այդ՝ չկան արտաքին ազդակներ, որոնք թույլ կտային Ադրբեջանին վերսկսել պատերազմը։

Հրանտ Մելիք-Շահնազարյանի դիտարկմամբ՝ միջազգային կառույցների մեսիջներն ակնհայտորեն ուղղված են Ադրբեջանին, քանի որ բանակցային գործընթացը դադարեցված է հենց վերջինի պատճառով: Ճիշտ է, Ադրբեջանին հստակ ուղղված պահանջներ չեն հնչում՝ չնայած պաշտոնական Երեւանը հորդորում է, որ հասցեավորեն լարվածության հիմնական մեղավորին:

Ցուցադրել ավելի
Back to top button