Քաղաքական

Քաղաքագետ. Ժամանակն է փոխել ԼՂ հակամարտության կարգավորման մեր գործողությունները

lianaeghiazaryan

Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասնակիցները պետք է հստակեցվեն, ու սա պաշտոնապես պետք է հայտարարվի Հայաստանի կողմից, այսօր հայտարարել է քաղաքագետ Լեւոն Շիրինյանը: «Կոնֆլիկտը կառուցվածք ունի, ու մասնակիցները Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն ու Ադրբեջանն են»,- մանրամասնել է քաղաքագետը: «Հայկական բանակի բարձր պրոֆեսիոնալիզմի դեպքում Ադրբեջանը ճակատային գրոհով հաղթանակներ չի տանի, բայց տարիներով կփորձի վիճակը լարված պահել` մեր ռեսուրսները սպառելու համար»,- ասել է Շիրինյանը:

Ժամանակն է, որ հայկական կողմը ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում փոփոխի իր գործողությունները, այսօր հայտարարեց քաղաքագետ Լեւոն Շիրինյանը: «Հայաստանը պետք է հայտարարի հակամարտության կարգավորման գործընթացում իր` անուղղակի մասնակից լինելն ու դուրս գա բանակցությունների գործընթացից, փոխարենը պետք է  առաջ մղվի Արցախը: Այս կոնֆլիկտի ուղղակի մասնակիցներն են Ադրբեջանն ու ԼՂՀ-ն՝ իր Սահմանադրությամբ եւ  այն տարածքներով, որոնց վրա վերահսկողություն է սահմանել: Իսկ անուղղակի մասնակիցներն են դառնում Հայաստանը, որը բնականաբար, Արցախի ոչ միայն անվտանգության, այլեւ տարածքային ամբողջականության երաշխավորն է, եւ Թուրքիան, որն ադրբեջանական խողովակով միշտ կոնֆլիկտի մեջ է»,- տեսակետ հայտնեց քաղաքագետը:

«Այս գիշատիչը մտել է մեր հայրենիք ու անընդհատ նոր պատառներ է ուզում, խոսքս թուրքի մասին է»,- ասաց Շիրինյանն ու միանգամից գնահատում արեց` Ադրբեջանի բանակը հայկական զինուժի համար խնդիր չէ:  «Վստահություն ունեմ ասել, որ հայկական բանակը, եթե չլինի օտար միջամտությունը, եւ մեր սահմանը Արաքսի վրա պահի, միշտ ադրբեջանական բանակին ջախջախելու է: Ադրբեջանի բանակը հայկական զինուժի համար խնդիր չէ: մենք այնպիսի ռազմավարական դիրքերում ենք կանգնած, որ կարող ենք Ադրբեջանը կիսել: Եվլախի հանգույցը Ադրբեջանի ողնաշարն է, ջարդվեց՝ կմեռնի»,- ասում է։

Անդրադառնալով սահմանի լարվածությանը՝ քաղաքագետը մի բան հստակ է համարում՝  սա դանդաղ տեւող պատերազմ է, հակառակորդը փորձում է վիճակը լարված պահել մեր ռեսուրսները սպառելու համար: «Միջազգային այս իրադրության պայմաններում  հայկական բանակի բարձր պրոֆեսիոնալիզմի դեպքում Ադրբեջանը ճակատային գրոհով հաղթանակներ չի տանի, բայց տարիներով այս հաջողությունը կունենա»,- ասաց:

Սահմանամերձ գոտում անհանգիստ վիճակ առաջացնելով՝  Հայաստանին ու Արցախին պարտադրել, որ սահմանամերձ գոտու հողային տարածքները չմշակվեն, դա էլ պատերազմի ձեւ է: Շիրինյանը ճիշտ չի համարում կրակոցների ավելացումն այս կամ այն իրադարձության հետ կապել:

«Մեկ շախմատի համաշխարհային մրցույթների հետ են կապում, մեկ օլիմպիական խաղերի, հետո կկապեն գեղեցկության տոների հետ…Ո՞րն է սրա նպատակը, եթե չենք հասկանում Ադրբեջանի նպատակը, չենք գտնի պատասխանը»,- նշեց քաղաքագետը:

Ցուցադրել ավելի
Back to top button