Հասարակություն

Նորագավթում ջրի մանրէաբանական հետազոտություն է անցկացվում

ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետներն այսօր Նորագավիթ համայնքում շարունակել են բակային համայցերը, կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումները:

Իրականացված աշխատանքների արդյունքում պարզվել է, որ երեկ  հայտնաբերված 50 հիվանդից 22-ն այսօր որևէ գանգատ չունի։ 18-ի մոտ եղել են ստամոքսաղիքային թեթև երեևույթներ՝ ցավեր որովայնի շրջանում, 3 հիվանդի մոտ` ջերմություն, 1 հիվանդ գանգատվել է լուծից: Հոսպիտալացված հիվանդներ չկան: Կարճ ժամանակում նման արդյունքներն արձանագրվել են մասնագետների արագ արձագանքման, հիվանդների հայտնաբերման և անհրաժեշտ աշխատանքների իրականացման շնորհիվ։

Միաժամանակ ՀՀ առողջապահության նախարարի հանձնարարականով բնակավայրը սպասարկող ամբուլատոր պոլիկլինիկական կազմակերպությանը երեկ հատկացվել է անհրաժեշտ դեղորայք, որն էլ  անվճար տրամադրվել է բնակչությանը:

Իրավիճակի վերահսկման և նոր հիվանդների վաղաժամ հայտնաբերման համար կանխարգելիչ և հակահամաճարակային բոլոր միջոցառումները շարունակվում են։ Իրականացվում են բակային համայցեր,  նմուշառումներ են արվում խմելու ջրի ցանցից՝ քիմիական և մանրէաբանական լաբորատոր հետազոտությունների համար:

Նշենք, որ հուլիսի 24-ին և 25-ին իրականացված խմելու ջրի քիմիական լաբորատոր հետազոտությունների արդյունքում շեղումներ չեն հայտնաբերվել, իսկ մանրէաբանական հետազոտություններն ընթացքում են։ Բնակչության շրջանում շարունակվում է բժշկահիգիենիկ գիտելիքների տարածումը, մասնավորապես՝ աղիքային վարակների կանխարգելման հարցերի շուրջ:

Իրավիճակը վերահսկելի է։

Ցուցադրել ավելի
Back to top button