Համահայկական խաղերի ջահը՝ Սարդարապատում (ֆոտոշարք)


Այսօր առավոտյան Համահայկական ամառային 6-րդ խաղերի ջահը հասավ Սարդարապատ։ Ջահակիրը ծանրամարտիկ, երիտասարդների 2-րդ օլիմպիական խաղերի չեմպիոն, ռեկորդակիր, ծանրամարտի Հայաստանի հավաքականի անդամ, միջազգային կարգի սպորտի վարպետ Սիմոն Մարտիրոսյանն է: Սարդարապատում Համահայկական 6-րդ ամառային խաղերի ջահը դիմավորեցին մեծ խանդավառությամբ: Արմավիրի մարզից ամառային խաղերին 8 մարզաձևում կմասնակցի 112 մարզիկ։
Համահայկական ամառային 6-րդ խաղերի ջահը, կտրելով երկար ճանապարհ, անցնելով աշխարհի հայաշատ վայրերով, պատմական Հայաստանի տարածքով, հասավ Սարդարապատ, Պատմական վայր, որը հայոց պետականության վերականգնման նոր դարաշրջանի հիմնաքարը դարձավ:
Գյումրիից ամառային խաղերի ջահը փոխանցվել էր արմավիրցի ծանրամարտիկ, երիտասարդների 2-րդ օլիմպիական խաղերի չեմպիոն, ռեկորդակիր, ծանրամարտի Հայաստանի հավաքականի անդամ, միջազգային կարգի սպորտի վարպետ Սիմոն Մարտիրոսյանին , ով էլ մեծ հպարտությամբ ջահը բերեց Սարդարապատ:
Այստեղ նրան սպասում էին Արմավիրի թեմի առաջնորդ տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանը, Արմավիրի մարզպետը, բազմազմաթիվ արմավիրցիներ և օտարերկրյա հյուրեր: Հնչեց Հայաստանի օրհներգն ու սրբազան հայրը աղոթեց խաղերերի խաղաղ ընթացքի համար:
Համահայկական խաղերն ըստ էության հայրենիք-Սփյուռք հարաբերությունների ձևավորման ու ամրապնդման յուրօրինակ օղակ է, որի շրջանակներում Սփյուռքի մեր հայրենակիցները ծանոթանում են հայկական միջավայրին, ավանդույթներին, ձեռք են բերում նոր ընկերներ: Արմավիրի մարզից համահայկական ամառային 6-րդ խաղերի ութ մարզաձևում մասնակցելու է 112 մարզիկ:
Արմավիր քաղաքի պատվիրակությունն արդեն 2-րդ անգամ է մասնակցում խաղերին, այս տարի ընդլայնվել է կազմը: Արմավիրի փոխքաղաքապետ Մելիք Բաղդասարյանը նշեց, որ քաղաքի մասնակիցներն այս անգամ հանդես կգան մի քանի մարզաձևում՝ շախմատ, թեթև աթլետիկա, բազկամարտ և սպորտային պարեր:
Սարդարապատից ջահի երթը կշարունակվի մինչև Մայր աթոռ սուրբ Էջմիածին՝ ստանալու Վեհափառ հայրապետի օրհնությունը, իսկ օգոստոսի 2-ին կտրվի խաղերի մեկնարկը:
Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտում կմիավորվեն երեք ջահերը: Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի վերստուգիչ հանձնաժողովի անդամ, Ալեքսանդրիայից Պերճ Հալաջյանը նշեց, որ այս խաղերն առիթ են սպորտի միջոցով միավորելու աշխարհասփյուռ հայերին: