ԿարևորՀասարակություն

Սահմանամերձ Տավուշն այսօրվանից ունի նորակառույց մեկ հիվանդանոց եւ մեկ մանկապարտեզ

karenghazaryan

Տավուշ մարզ աշխատանքային այցի երկրորդ մասը նախագահ Սերժ Սարգսյանն անցկացրել է մարզի մի շարք սահմանամերձ բնակավայրեր այցելելով: Բերդ քաղաքում երկրի ղեկավարը մասնակցել է նորակառույց բժշկական կենտրոնի բացմանը: Նախագահին ներկայացվել են նորաբաց առողջապահական հաստատությունում կատարված աշխատանքները, ծանոթացրել այստեղ ստեղծված պայմաններին: Կենտրոնն արդիականացվել է ՀԲ կողմից ֆինանսավորվող «Առողջապահական համակարգի արդիականացում» ծրագրի երկրորդ փուլի շրջանակներում: Կատարվել է շուրջ 940 մլն դրամի ներդրում: ՀԲ հայաստանյան գրասենյակի տնօրեն Լորա Բեյլին շեշտեց, որ սա Հայաստանում արդեն 11-րդ համանման կենտրոնն է:

Հայաստանի առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի փոխանցմամբ՝ կենտրոնը հագեցվել է ժամանակակից բժշկական սարքավորումներով: Այստեղ դրանց տիրապետելու համար կադրերի խնդիրը պետք է լուծվի առաջիկայում, որից հետո տարածաշրջանի բնակիչները ստիպված չեն լինի այլեւս հասնել մայրաքաղաք:

Վերին Կարմիրաղբյուր համայնքում մսուր-մանկապարտեզ կառուցելու խոստում նախագահը տվել էր այցերից մեկի ժամանակ: Մանկապարտեզն արդեն կառուցված է եւ բացվեց նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ:

Համայնքի ղեկավար Կամո Չոբանյանի փոխանցմամբ՝ այն կառուցվել է 1991-ին սկսված, սակայն, անավարտ մնացած շինության հիման վրա: Նախկին՝ 1963 թվականին կառուցված շենքն էլ անմխիթար էր: Նախակրթական հաստատության տնօրեն Անժելա Պողոսյանից տեղեկացանք, որ կրթօջախում այս պահին ունի 9 աշխատակից՝ 65 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով:

Տավուշի մարզի Չորաթան համայնքը նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցի վերջին կանգառն էր: Այստեղ երկրի ղեկավարն այցելեց «Տավուշ տեքստիլ» ընկերության ֆաբրիկայ արտադրամաս, ծանոթացավ գործարկման աշխատանքներին, ընկերության զարգացման հետագա ծրագրերին: Տարբեր նշանակության ձեռնոցներ արտադրող Ֆաբրիկայի հիմնադիրը ռուսաստանաբնակ Սուրեն Երիցյանն է: Ասաց, որ արտադրանքն արտահանվելու է Ռուսաստանի Դաշնություն:

Ֆաբրիկայի արտադրական հզորությունն այս պահին օրական 16 հազար զույգ ձեռնոց է: Ընկերության հիմնադիր Սուրեն Երիցյանն ասաց, որ նախատեսում է առաջիկա 5 տարիներին մասնաճյուղեր բացել նաեւ մարզի այլ համայնքներում: Կներդրվի շուրջ 40 մլն դոլար: Արդյունքում՝ կբացվի 2000 նոր աշխատատեղ:

Ցուցադրել ավելի
Կարդացեք նաև
Close
Back to top button