Քաղաքական

Հայ- իրանական տնտեսական ծրագրերի արդյունավետությունը պայմանավորված է ներդրողներով

lianaeghiazaryan

Պատժամիջոցների վերացումից հետո Իրանը կկարողանա իր հարաբերությունները միջազգային մակարդակով ու հատկապես հարևանների հետ էլ ավելի զարգացնել, լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ շեշտել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մուհամադ Ռաիսին: 

Վերադառնալով հայ-իրանական հարաբերություններին ու ներդրումների սպասող ծրագրերին` դեսպանը հայտնել է, որ առաջիկա ամիսներին սպասվում է իրանցի բարձրաստիճան պաշտոնյաների,  մասնավորապես, Իրանի փոխնախագահի այցը Հայաստան:

Ի՞նչ ակնկալիքներ կան Իրան-Հայաստան տնտեսական կապերի,Հայաստանի միջոցով Սեւ ծովին միանալու, ԵՏՄ-ի հետ գործակցության նոր ուղիների առումով ու ի՞նչ շեշտադրումով է տնտեսական նոր վիճակում հայտնված հարեւան երկիրը խոսում ԼՂ հակամարտության մասին:

Հայաստանը կարող է դառնալ Պարսից ծոցը  Սև ծովին կապող միջանցք: Հնարավոր է այդ ուղու կառուցումը ժամանակի առումով մի քիչ երկար տևի, սակայն միանշանակ է, որ կոմունիկացիաները լուրջ ազդեցություն կարող են ունենալ Հայաստանի եւ Իրանի տնտեսությունների զարգացման համար, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մուհամադ Ռաիսին:

Իրանի նկատմամբ պատժամիջոցների հանումը և  Իրանի լիակատար վերադարձը որպես միջազգային հանրության լիիրավ անդամ բավականին կփոխի իրավիճակը Մերձավոր Արևելքում եւ նոր որակ կհաղորդի, մասնավորապես, հարեւանների հետ հարաբերություններին:

Հայաստանի հետ հարաբերությունները ոսկե չեն, գնահատում է դիվանագետը, ամեն դեպքում՝ կրոնական հայացքներն իրենցն  անում են, բայց ժողովուրդների բարեկամության վրա դա որեւէ կերպ չի անդրադառնում, իսկ հետայսու հարաբերություններն ավելի կզարգանան:

Մուհամադ Ռաիսին հույս հայտնեց, որ Հայաստանի և Իրանի տնտեսական հարաբերությունները կհասնեն քաղաքական հարաբերությունների մակարդակին:
Հայաստանի և Իրանի միջև համագործակցության ոլորտները բազմազան են, բայց ավելի շատ են ոլորտներն ու ծրագրերը, որոնք քննարկվել ու ստորագրվել են, բայց կյանքի չեն կոչվել` Մեղրի ՀԷԿ, բարձրավոլտ էլեկտրագծեր, նավթազտարան, Հյուսիս-հարավ միջացքի կառուցում:  Միայն  Հայաստան-Իրան երկաթգծի կառուցման համար անհրաժեշտ է 3 միլիարդ 200 միլիոն դոլար, այս պահին ներդնող չկա ծրագրի իրականացման համար:

Դեսպանը ներդրողների բացակայությամբ պայմանավորեց նաեւ մյուս ծրագրերի անավարտ լինելը: Իրեն`  Իրանին, դեռ շուրջ 10 տարի է պետք 40 տարվա պատժամիջոցներից ու տնտեսական սահմանափակումներից ուշքի գալու համար, թեեւ ուշքի գալ ձեւակերպման հետ դեսպանն առանձնապես համաձայն չէ: Ասում է` Արեւմուտքն էլ հասկացավ, որ աշխարհում իրենց դաժանությամբ եզակի պատժամիջոցներով չեն կարող ընկճել իր երկրին:«Իրանի ժողովրդի հետ երբեք չեք կարող ուժի լեզվով խոսել»,- ասաց նա։

Իրանը նաեւ Ղարաբաղյան հակամարտությունը բանակցությունների միջոցով  խաղաղ ելքով կարգավորման կողմնակիցն է: Ընդ որում` միջազգային նորմերը դրա լավագույն հնարավորություններն են, ասաց Մուհամադ Ռաիսին:

Բանախոսը շրջանցեց հարցը հարեւան երկրների միջեւ Ղարաբաղի հարցում ընտրություն կատարելու անհրաժեշտության առումով, միայն շեշտեց, որ Իրանն իր հարևան պետություններում անվտանգության և խաղաղության պահպանումը համարում է իր անվտանգության ու խաղաղության պահպանումը:

Հարաբերությունների շտկման ու նորերի հաստատման համատեքստում շեշտադրվեցին Իրան- ԵՏՄ կապերը: Եթե արտոնյալ սակագների մասին համաձայնագիրը կնքվի, դա կարևոր ազդեցություն կունենա, հույս հայտնեց դիվանագետը:

Վերադառնալով հայ-իրանական հարաբերություններին ու ներդրումների սպասող ծրագրերին` դեսպանը հայտնեց, որ առաջիկա ամիսներին սպասվում է իրանցի բարձրաստիճան պաշտոնյաների,  մասնավորապես, Իրանի փոխնախագահի այցը Հայաստան: Թե ինչ հարցեր են քննարկվելու, մանրամասներ չներկայացվեցին, բայց փաստ է` օրակարգում են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող նախագծերը, որոնք դեռ միայն ստորագրվել են, բայց կյանքի դեռ չեն կոչվել:

Ժնևում Իրանի և «վեցյակի» միջև ստորագրված համաձայնագիրը, Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումը շատ կարևոր ազդեցություն կունենան: Դրանց վերջնական դրսեւորումից հետո Իրանն իր սառեցված միջոցներնէել շրջանառելու նոր հնարավորություններ կունենա:

 

Ցուցադրել ավելի
Back to top button