

Gallup international ասոցիացիայի` մայիսին անցկացրած հարցման արդյունքներով` հանրության 46 %-ը կարծում է, որ Հայաստանում սահմանադրական բարեփոխումների անցկացման անհրաժեշտության կա, 36 %-ի կարծիքով ՝ այդ անհրաժեշտությունը չկա , մնացած մասն առայժմ կողմնորոշված չէ: Այս արդյունքներն այսօր հրապարակել է ասոցիացիայի հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Արամ Նավասարդյանը:
Տեղյա՞կ եք արդյոք, թե՞ գործող Սահմանադրության համաձայն կառավարման ինչ համակարգ է գործում Հայաստանում. հարցին դրական պատասխան է տվել հարցվածների 74 տոկոսը, բացասական՝ միայն 26-ը: Սակայն հարցի շարունակությանն ի պատասխան՝ թե նշեք կառավարման որ ձևն է գործում, 49%-ը նշել է նախագահական, 40-ը՝ կիսանախագահկան, 11 տոկոսն էլ՝ խորհրդարնական:
Չնայած այս ամենին՝ 46 տոկոսը կարծում է, որ Հայաստանում սահմանադրական բարեփոխումների անցկացման անհրաժեշտության կա, 36 տոկոսն այդ անհրաժեշտությունը չի տեսնում:
Վերջերս անցկացված մեկ այլ հարցման արդյուքներով՝ բոլորեվի այլ պատկեր էր կազմվել: Ըստ դրա՝ հարցվածների գերակշիռ մեծամասնությունը՝ մոտ 80 տոկոսը, նշել էր, որ սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտություն չի տեսնում: «Gallup International» -ի հայկական ներկայացուցչության ղեկավար Արամ Նավասրադյանը դժվարանում է բացատրել, թե ինչով է պայմանավորված այս տարբերությունը: «Այլ հարցման տվյալների մասին չեմ կարող ոչինչ ասել, քանի որ չգիտեմ, թե ինչ մեթոդաբանությամբ են դրանք կատարվել»։
Gallup- ի հարցումն անցկացվել է «դեմ առ դեմ» սկզբունքով, մասնակցել է 1105 քաղաքացի` ներկայացուցչական ընտրանքով: Պատասխաններից մեկը փաստում է, որ մարդիկ առայժմ շատ իրազեկված չեն բարեփոխումների նախաձեռնության, առավել ևս՝ առաջարկվող փոփոխությունների բովանդակության մասին:
Տեղյա՞կ եք արդյոք սահմանադրական բարեփոխուﬓերի նախաձեռնության մասին, հարցին բացասական պատասխան է տվել հարցվածների 51 տոկոսը, դրական՝ 45-ը: «Կարծում եմ՝ մարդկանց տեղեկացվածության մակարդակը շատ ցածր է, և մինչև հանրաքավեն իրազեկման լայն աշխատանք պետք է տարվի, որպեսզի մարդիկ ոչ միայն տեղեկանան, որ նման փոփոխության է սպասվում, այլ նաև հասկանան, թե ինչ փոփոխություններ են»:
Ի դեպ՝ սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ ընդամենը 6 հարց է ընդգրկվել հարցաթերթում: Նավասարդյանը համաձայնում է, որ սա խորը հետազոտություն դժվար է համարել, նշում է, որ աշնանը պատրաստվում են նոր հարցում անցկացնել՝ առավել ընդգրկուն ու ավելի մանրամասն հարցեր պարունակող:
Մինչև աշուն սպասել հորդորում է նաև քաղաքական գործիչը: Հանրապետական Արտակ Դավթյանը թե հանրության, թե քաղաքական ուժերի վերաբերմունքը հասկանալու համար հորդորում է առաջ չընկնել ու առայժմ սպասել: «Եկեք իրադարձություններից առաջ չընկնենք, սապասենք մինչև աշուն: Կտեսնենք, թե ինչ առաջարկներ են ներկայացնում քաղաքական ուժերը, դրանց որ մասն է ընդունում հանձնաժողովը և դրա արդյունքում միայն կհասկանանք՝ կա՞ այդ կոնսենսուսը թե՞ ոչ»:
Իսկ ընդհանրապես Արտակ Դավթյանը կարծում է, որ հանրության պահանջը ձևակերպվում է ոչ թե որպես սահմանադրական փոփոխությունների, այլ պարզապես դրական փոփոխությունների պահանջ: Իսկ այդ փոփոխությունը իրագործելու ճանապարհը, ըստ հանրապետական գործչի, հենց սահմանադրական բարեփոխումներն են: