Հասարակություն

«Արի տուն» ծրագրի մասնակիցներն այսօր հանդիպեցին պաշտպանության նախարարի հետ

aidaavetisyan

Այսօր մոտ 150 արիտունցիներ հանդիպել են  ՀՀ պաշտպանության նախարար  Սեյրան Օհանյանի և Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հետ, եղել զորամասերում, ծանոթացել հայկական բանակի նվաճումներին ու  զինվորների առօրյային: ՀՀ ՊՆ և Սփյուռքի նախարարները,  կարևորելով մերօրյա հերոսների հետ  հանդիպումները, նշել են, որ հայրենասիրական դաստիրակության գործում սա կարևոր քայլ է: Այն կնպաստի երիտասարդների մարտական ոգու բարձրացմանը։

Արդեն 6 տարի է՝  Սփյուռքի նախարարությունն իրականացնում է «Արի տուն» ծրագիրը, որի շնորհիվ շուրջ 5000 երիտասարդ  այցելել է հայրենիք: Հայրենաճանաչողական այս ծրագրի շրջանակներում  նախատեսվում է մոտ 1100 երեխա  հյուրընկալել  Հայաստանում: 15 երկրներից 700 դպրոցահասակներ այս տարի արդեն այցելել  են  հայրենիք:

Պատմական Հայաստանի տեսարժան  վայրեր նրանց այցելություններին հաջորդեց ՀՀ պաշտպանության նախարարի հետ հանդիպումն ու ծանոթացումը  հայկական բանակին: ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի տեղեկացմամբ ՝ երիտասարդներից ոմանք  եղել են առաջնագծում, ծանոթացել սահմանային իրավիճակին: Նրա ձևակերպմամբ՝  ճանաչել հայրենիքը, չճանաչել  հայկական բանակը, նշանակում է չիմանալ ոչինչ:

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն էլ իր հերթին արիտունցիրներին ներկայացրեց կայացած Հայաստանի երիտասարդ  բանակի նավճումներն ու կարևորեց երիտասարդների շփումը մերօրյա հերոսների հետ՝ հայրենասիրական դաստիրակության գործում համարելով կարևոր քայլ:

Հենց նման շփումներն են, որ բարձրացնում է հայրենասիրական ոգին և  դրդում թեժ իրավիճակներում պաշտպանել մեր երկրի մատույցները, ինչպես օրինակ արցախյան ազատամարտի ու  ազգային ազատագրական պայքարի ընթացքում  հայրենիքի պաշտպանության համար մարտնչեցին նաև շատ սփյուռքահայեր,նշեց պաշտպանության նախարարը:

Դժվար ժամանակներ ենք  ապրում, որոնք որ լի են տարբեր ճգնաժամերով, հակամարտություններով ու լոկալ պատերազմներով և այս ամենի խաչմերուկում գտնվում է Հայաստանն ու հայ ժողովուրդը, ով էլ ակնկալում է օգնություն հատկապես սփյուռքահայ հայրենակիցներից:

Արիտունցիներն էլ  իրենց հերթին պաշտպանության նախարարից հետաքրքրվեցին հայ-ադրբեջանական հարաբերությունների, պատերազմ վերսկսվելու հավանականության և այդ  պայմաններում ռուսական կողմի աջակցության մասին: Սեյրան Օհանյանն էլ վստահեցրեց, որ արվում է ամեն ինչ պատերազմից  զերծ մնալու համար, սակայն եթե վերսկսվեն պատերազմական գործողություններ, ապա  հայկական բանակը  պատրաստ է մարտնչելու:

«Ամեն ինչ անում ենք, որպեսզի  ոչ միայն ռազմական, այլև խելացի, նախաձեռնողական արտաքին քաղաքականությամբ  ստեղծենք ռազմական, ռազմաքաղաքական, ռազմատեխնիկական համագործակցության պայմաններ, որպեսզի միջազգային կառույցները և նաև անվտանգության ծրագրերը, որոնք որ այսօր կան՝ ՀԱՊԿ, ՆԱՏՕ,  ուժերը պետք է ուղղեն, որ պատերազմ չլինի։ Բայց եթե հանկարծ լինի    պատերազմ՝ մենք Ադրբեջանի հետ կռվելու ոչ մի խնդիր չունենք»։

Իսկ ինչ վերաբերում է պատերազմ վերսկսելու դեպքում Ռուսաստանի աջակցությանը, ապա ՀԱՊԿ համակարգի շրջանակներում  գոյություն ունեցող փաստաթղթերի և երկկողմ համագործակցության շրջանակներում վերջիններս պարտավոր են իրենց  օգնությունը ցուցաբերել Հայաստանի անվտանգությունն ապահովելու համար և միաժամանակ  նշեց, որ  Հայաստանի  անվտանգությունը երաշխավորվում է միայն  հայ ժողովրդի  միասնական ուժով:

Սփյուռքահայ երիտասարդներից մեկն էլ  հետաքրքվեց՝ արդյո՞ք հայկական բանակը պատրաստ է հետ վերադարձնել մեր նախնիների  հողերն ու պաշտպանել դրանք:  Պաշտպանության նախարարը վստահեցրեց, որ հայ զինվորը պատրաստ է պաշտպանել հայրենիքը:

Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի սահմանների  պաշտպանությունն ու շատ բնակավայրերի  ազատագրումն ապացուցում է, որ  այդ ճանապարհին ենք: Սեյրան Օհանյանը նշեց, որ  երիտասարդի ցանկությունն իրականացնել  կարճ ժամանակահատվածում հնարավոր չէ, սակայն շեշտեց, որ պատրաստ են  ցանկացած գործողություն  տեղափոխել  այլ տարածքներ:

Ցուցադրել ավելի
Back to top button