ԿարևորՔաղաքական

Տեսչական ստուգումները 2015- ի վերջ հնարավոր է կասեցվեն

lianaeghiazaryan

Տեսչական ստուգումները հանրապետությունում հնարավոր է այս տարվա վերջին ամիսների համար կասեցվեն:  Հանձնարարականը վարչապետինն է` պայմանավորված տնտեսվարողների բողոքներով ու տնտեսական լարված իրավիճակով:

Որ ստուգումները կկասեցվեն ու ինչ ռիսկերի հավանականությամբ, պարզ կդառնա կառավարության հաջորդ նիստին: իսկ մինչ այդ գործադիրն այսօր շուրջ 3 տասնյակ հարց է քննարկել:

 Սահմանների պաշտպանության ժամանակ կյանքը կամ առողջությունը կորցնելու դեպքում հատկացվող միանվագ ապահովագրական գումարների չափն ավելանում է 30-50 տոկոսով: Սեյսմավտանգ դպրոցների ամրացման հարցն էլ է մտնում օրակարգ: Շարունակվում են նաեւ քննարկումները միջազգային ավիափոխադրողների հետ` Հայաստանից ու դեպի Հայաստան չվերթերի կազմակերպման շուրջ։

Տնտեսական ներկա իրավիճակը պարտադրում է տնտեսվարողներին հանգիստ թողնել: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության այսօրվա նիստում կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին հանձնարարեց տեսչություններ ունեցող պետական մարմինների ղեկավարների հետ քննարկել տեսչական ստուգումները մինչև 2015 թվականի ավարտը կասեցնելու հնարավորությունը և այս մասով հաջորդ նիստին ներկայացնել առաջարկ:

Հանձնարարությամբ նպատակ է դրվում կանխել անհարկի միջամտությունները տնտեսվարողների գործունեության բնականոն ընթացքին` ստեղծված տնտեսական իրավիճակում: «Կարծում եմ՝ մենք պարտավոր ենք ականջալուր լինել տնտեսվարող սուբյեկտների դժգոհություններին ու կես տարով նվազագույնի հասցնենք բոլոր կարգի ստուգումները»,- ասաց վարչապետը:

Գործադիրն այսօր օրակարգային ավելի քան 3 տասնյակ հարց հաստատեց: Դրանցից մեկով  վերանայվում են «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին»  օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումները: Ավելի կոնկրետ` 30-50 տոկոսով բարձրացվում էՀՀ պաշտպանության ժամանակ մարտական գործողությունների, մարտական հերթապահության և հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ զոհվելու, ծառայողական պարտականությունները կատարելիս հաշմանդամություն ձեռք բերելու համար հատկացվող միանվագ ապահովագրական գումարների չափը:

Հայաստանյան միջնակարգ դպրոցների` տարիներ շարունակ բարձրացվող սեյսմակայունության հարցն այսօր օրակարգում էր: Հայաստանում հանրակրթական դպրոցների գերակշռող մեծամասնությունը նախագծվել և կառուցվել է մինչև 1988 թվականը: «Դրանց նախագծման հիմքում ընդունված սեյսմիկ ուժերը անհամեմատ ցածր են սպասվելիք ուժերից: Ներկայում Հայաստանի Հանրապետության համար սեյսմիկ ռիսկը հասել է իր առավելագույն մակարդակին ամբողջ պատմության ընթացքում`  պայմանավորված սեյսմիկ ակտիվության նոր փուլով, շենքերի և շինությունների ցածր սեյսմակայունությամբ, ուրբանիզացման բարձր մակարդակով»,-բացատրում են մասնագետները:

Ասիական զարգացման բանկը պատրաստ է ֆինանսապես օժանդակել սեյսմիկ անվտանգության բարելավման 2015-2030 թվականների ծրագրին, որն առաջին հերթին ամենասեյսմավտանգ դպրոցներում է իրականացվելու: Ծրագրի շրջանակներում առաջնահերթորեն կուժեղացվեն շուրջ 377 դպրոցների շենքերը կամ կկառուցվեն նորերը՝ համաձայն վերանայված շինարարական նորմերի և դպրոցների շենքերի ուժեղացման ուղեցույցների:

Ծրագրի ծախսերը 2015- 2030թթ. համար գնահատվել են 617 միլիոն դոլար, որից 107 միլիոնը` առաջիկա 5 տարվա համար կտրամադրի Ասիական բանկը:

Արդեն կառավարության նիստի ավարտին լրագրողների հետ զրույցում էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը մանրամասնեց վարչապետի հանձնարարականը, այսօր էլ տեսչական բարեփոխումներն ընթացքի մեջ են, ասաց, և, ըստ էության, տեսչական մարմինների կրճատումը ենթադրում է տվյալ մարմինների որոշակի գործունեության, ինչպես նաև՝ կառուցվածքային փոփոխություն:

Թիրախում առաջին հերթին տրանսպորտային ոլորտն է: Բայց արդյո՞ք սրանից տեխնիկական անվտանգության ստուգումները չեն տուժի` գազաբալոններից մինչեւ տեխնիկական ապահովություն, հետաքրքրվեցին լրագրողները տրանսպորտի եւ կապի փոխնախարար Արթուր Առաքելյանից:

Օրենքն ու կարգերը չեն փոխվում, ասաց, բայց նաեւ նկատեց` ամեն փոփոխություն իր արժեքն ունենում է, եթե այստեղ էլ չափորոշիչները խստացվեն, անհետեւանք չի մնա: «Եթե որակական պահանջներն ու ցուցանիշերը բարձրացվեն, դա կանդրադառնա փոխադրման արժեքի վրա»,- ասաց։

Ընթացքի մեջ են նաեւ բանակցություններն ավիափոխադրողների հետ գիշերային չվերթները ցերեկայինով փոխարինելու շուրջ: «Երկուստեք անհարմար է` եւ ներգնա զբոսաշրջիկի, և մեր քաղաքացու համար, ով ժամանում է Եվրոպա օրինակ` առավոտյան ժամը 06:00-ին և 9 ժամ պետք է սպասի, կամ պետք է նախօրոք հյուրանոցում համար վերցնի և մեկ օր ավել վճարում կատարի»,-բացատրեց էկոնոմիկայի նախարարը:

Ի դեպ` կառավարությունն այսօր փորձեց վերջ դնել խորհրդարանում երբեմն աղմուկի թեմա դարձող մի թեմայի: Վերահսկիչ պալատի տարեկան հաշվետվության ժամանակ ՎՊ նախագահի ներկայությունն այսուհետ պարտադիր չի լինի, եթե վերջին գործուղման է կամ արձակուրդում:

ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխությունը թույլ կտա պալատի նախագահի տեղակալին կամ խորհրդի այլ անդամի` զեկուցել նրա փոխարեն:

Back to top button