Քաղաքական

Սահմանադրական բարեփոխումների մեխը կառավարական համակարգի փոփոխությունն է

karenghazaryan

Լրագրողների հետ այսօրվա համդիպման ժամանակ սահմանադրական փոփոխություններին են անդրադարձել ԵՊՀ պետության և իրավունքի տեսության ու պատմության ամբիոնի վարիչ Արթուր Վաղարշյանը եւ ԱԺ հանրապետական պատգամավոր Կարինե Աճեմյանը: Արթուր Վաղարշյանի գնահատմամբ՝ փոփոխությունների անհրաժեշտությունը կա, իսկ բարեփոխումները կտան դրական արդյունքներ մարդու կարգավիճակի տեսանկյունից:

Հանրապետական պատգամավոր Կարինե Աճեմյանի համոզմամբ՝ սահմանադրական բարեփոխումների մեխը կառավարման համակարգի մոդելի փոփոխությունն է եւ այն համակարգը կդարձնի առավել առաջադեմ:

Սահմանադրական բարեփոխումները դրական տեղաշարժեր կբերեն, համոզված է իրավաբանական գիտությունների դոկտոր պրոֆեսոր, ԵՊՀ պետության և իրավունքի տեսության ու պատմության ամբիոնի վարիչ Արթուր Վաղարշյանը: Նա կարծում է, սակայն վաղ է հստակ շեշտել, թե ինչ կտան դրանք, քանի որ դեռ քննարկումներ կլինեն, որոնց արդյունքներով միայն պարզ կլինի վերջնական տարբերակը: «Այդ հարցին կպատասխանեմ, երբ որ կլինի վերջնական տարբերակ»,- ասաց նա:

Ամեն դեպքում, Արթուր Վաղարշյանի խոսքով, «եթե մարդը փոխում է հագուստը, նրա էությունը չի փոխվում», այսինքն՝ բովանդակությունը վճռորոշ է: Մի բան, ըստ նրա, հստակ է՝ ժամանակը ցույց տվեց, որ գերնախագահական հանրապետությունում առաջանում է միանձնյա իշխանության վտանգ, հետեւաբար՝ այստեղ շտկումներն անհրաժեշտ են:

«Էս սահմանադրական լուծումները փորձում են շտկել: Ինչու եք մտածում, որ հայ ժողովրդին անպայման բնութագրական է նախագահական իշխանությունը՝ ուժեղ նախագահով: Ձեւը փոխելուց, նկատի ունեցեք, պետք է շեշտադրել  բովանդակությունը, որովհետեւ նույն նախագահական իշխանության պայմաններում նախագահը կարող է նորմալ չգործել, նույն պառլամենտական իշխանության պայմաններում պառլամենտական հանրապետությունը կարող է չգործել»,- ասում է։

Մենք կարող ենք ավելի ուժեղացնել ժողովրդավարական հենասյունները, հավելեց պետության եւ իրավունքի տեսության ու պատմության մասնագետը: Նա հորդորում է ձեւը փոխելու մեջ վտանգներ չտեսնել, քանի որ որեւէ երկրում պետության բովանդակությունը շտկելու պատասխանատվությունը կրում է քաղաքական էլիտան: Ինչպիսի էլիտա ունեցանք, այնպիսի երկիր էլ կունենանք, իսկ մնացածը՝ երկրորդական հարցեր են, շեշտեց Արթուր Վաղարշյանը:

Նա կարծում է նաեւ, որ Հայաստանում իրեն սպառել է մեծամասնական ընտրական համակարգը եւ լիովին համամասնական ընտրական համակարգին անցնելն էլ ճիշտ է:

ԱԺ հանրապետական պատգամավոր Կարինե Աճեմյանը կառավարման համակարգի մոդելի փոփոխությունը համարում է սահմանադրական բարեփոխումների ամենակարեւոր դրույթը: Այս առումով հնչող հակասական կարծիքները նա նորմալ է համարում եւ համոզված է, որ կառավարման մոդելի փոփոխությունը գլոբալ փոփոխություն է նշանակում ՀՀ կյանքում:

Խորհրդարանական կառավարման մոդելը չափազանց առաջադեմ եւ քաղաքակիրթ է, հավելեց հանրապետական պատգամավորը: «Դրանով մենք ե՛ւ կառավարության պատասխանատվությունն ենք բարձրացնում, ե՛ւ իրենց աշխատանքի նպատակաուղղվածությունը, ե՛ւ նաեւ զերծ ենք պահում հասարակությանը ցնցումներից»:

Ինչ վերաբերում է ամբողջությամբ համամասնական ընտրակարգին անցնելու դրույթին՝ Կարինե Աճեմյանը նախ զարմանք հայտնեց, որ կան ուժեր, որոնք երկու տարի առաջ ընտրական օրենսգքրքի բարեփոխումների ժամանակ իրենք էին խոսում դրա անհրաժեշտության մասին, այսօր, սակայն, քննադատում են: «Ես կարծում եմ, որ սա էլ շատ կարեւոր դրույթ է եւ եթե մենք կարողանանք քաղաքական ուժերին պատրաստել այս ընտրություններին 2017-ի, եւ կարողանանք այնպես անել, որ իրականում հասարակությունը «այո» ասի հանրաքվեին, ապա, ես կարծում եմ, որ գլոբալ առումով մեր համակարգը, իհարկե, ավելի առաջադեմ կդառնա»:

Հանրապետական պատգամավորի փոխանցմամբ՝ մի քանի օրից բարեփոխումների ամբողջական նախագիծը կհրապարակվի, իսկ առաջիկայում խորհրդարանում դեռ կլինեն քննարկումներ: Այդ ժամանակ 15-օրյա ժամկետում բոլորը կարող են ներկայացնել առաջարկներ: Նա կարծում է, որ կառուցողական բոլոր առաջարկներն էլ հաշվի կառնվեն:

Ցուցադրել ավելի
Back to top button