Շաքե Մանգասարյան. Եթե կա հայը՝ կա նաեւ հայ մնալու պայքարը


Այս օրերին Երևանում է Արաբական Միացյալ Էմիրություններում հայկական ռադիոյի հիմնադիր Շաքե Մանգասարյանը: «Ռադիո Այգի» հիմնադրին նախօրերին ընդունել է Սփոյւռքի նախարար Հրանուշ Հակոբյանը և հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար հանձնել մրցանակ: «ՌադիոԱյգը» գործում է 2011 թվականից: Չհետապնդելով նյութական որևէ շահ՝ հայկական առցանց ռադիոն հավատարիմ է մնում իր որդեգրած քաղաքականությանն ու առաքելությանը՝ Հայաստան-Սփյուռք կապի ստեղծմանն ու պահպանմանը: Շաքե Մանգասարյանն այսօր էլ հյուրընկալվել է «Ռադիոլուրում»:
Միացյալ Արաբական Էմիրությունների ամենախոշոր քաղաքում, որտեղ բնակչության միայն 5 տոկոսն է քրիստոնյա, գործում է հայկական համացանցային ռադիոկայան: Դուբայում հայկական ռադիո հիմնելու գաղափարը ծնունդով Հալեպից Շաքե Մանգասարյանինն էր:
Արաբական Էմիրություններում Հայաստանն ու հայկական մշակույթը ճանաչելի դարձնելու ճանապարհին Շաքե Մանգասարյանը բավականին լուրջ խոչընդոտներ է հաղթահարել և այսօր արդեն հպարտ կարող է ասել է, որ հայկական առցանց ռադիոն հասել է իր գլխավոր առաքելությանը՝ հայապահպանությանը:
«Ռադիո Այգը» հեռարձակման 4 տարիների ընթացքում մեծապես նպաստել է նաև Հայաստան-Սփյուռք կապի ստեղծմանն ու պահպանմանը: Հայկական այս ռադիոյի եթերները ընդգրկում են լրատվական, քաղաքական, հոգևոր մշակութային հաղորդումներ, հարցազրույցներ, իսկ երաժշտական կատարումներից առավելագույն տեղը հատկացվում է ազգային երգարվեստին՝ ժողովրդական, աշուղական, գուսանական, հայկական և համաշխարհային դասական երաժշտությանը:
«Ռադիո Այգ»- ի գլխավոր առանձնահատկությունը, սակայն, այն է, որ կարևորագույն առաքելությունն իրականացնում է առանց նյութական շահի և ակնկալիքի, «Ռադիոլուրի» հետ զրույցում խոստովանեց «Ռադիո Այգը»-ի հիմնադիր Շաքե Մանգասարյանը:
Հատկանշական է, որ ոչ միայն «Ռադիո Այգն» է հավատարիմ իր ունկնդիրներին, այլև ունկնդիրներն են հավատարիմ իրենց սիրելի ռադիոկայանին։ Քանի որ հեռարձակումն իրականացվում է բացառապես հայերենով, այն նպաստում է նաև Սփյուռքում մայրենի լեզվի պահպանմանը:
Ի դեպ, Շաքե Մանգասերյանին և «Ռադիո Այգի» աշխատակազմին երեկ ընդունել Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Բարձր գնահատելով հայկական ռադիոյի գործունեությունը հայապահպանության և ազգային արժեքների տարածման գործում՝ Սփյուռքի նախարարը «ՌադիոԱյգին» է հանձնել հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար մրցանակաբաշխության «Հայոց ցեղասպանություն.100-րդ տարելիցին ընդառաջ լավագույն հրապարակում» անվանակարգում ստացած մրցանակը:
«Ռադիոլուրը» ևս շնորհավորում է «ՌադիոԱյգի» գործընկերներին և մաղթում անխափան եթեր: