Հասարակություն

Կասեցվել է 19 մանկապարտեզների և խոհանոցների գործունեությունը

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի որոշմամբ` կասեցվել են Տավուշի մարզի երեք` Խաշթառակի, Պտղավանի և Նավուրի մանկապարտեզներում սննդի կազմակերպման գործունեությունը, Արմավիրի մարզի Մուսալեռ, Դալարիկ և Մյասնիկյան համայնքների, ինչպես նաև Կոտայքի մարզի Նոր Գեղի, Գառնիի, Գողթի և Կամարիսի «Կակաչ» մանկապարտեզների խոհանոցների գործունեությունը:

Նշված մանկապարտեզներում ստուգումների արդյունքում հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ պայմաններին ներկայացվող պահանջների մի շարք խախտումներ, բացի այդ՝ մանկապարտեզներն ապահովված չեն եղել անխափան ջրամատակարարմամբ կամ հոսող ջրով: Մանկապարտեզների տնօրեններին հանձնարարվել է սահմանված ժամկետներում վերացնել արձանագրված բոլոր խախտումները:

Ելնելով ստուգումների արդյունքում արձանագրված խախտումների բնույթից և գնահատված ռիսկերից՝ ծառայության պետի կողմից հրավիրված խորհրդակցության ընթացքում հանրապետության բոլոր մանկապարտեզներում ուսումնասիրություններ իրականացնելու հանձնարարական է տրվել՝ առաջնահերթ ուշադրություն դարձնելով նաև սննդամթերքի մատակարարման գործընթացին:

Իրականացված ուսումնասիրությունների արդյունքում ժամանակավորապես կասեցվել է Արմավիր քաղաքի թիվ 9, թիվ 6, թիվ 1 և թիվ 11 նախակրթական հաստատությունների աշխատանքը և վերաբացվել միայն արձանագրված խախտումների վերացումից հետո: Շիրակի մարզում կասեցվել է Նոր Կյանք և Սպանդարյան համայնքների մանկապարտեզների, ինչպես նաև «Արևիկ» մանկապարտեզի գործունեությունը: Ժամանակավոր կասեցվել է նաև Տավուշի մարզի Ազատամուտ և Վայոց Ձորի մարզի Արփի համայնքների մանկապարտեզների գործունեությունը:

Back to top button