Վերլուծական

Սփյուռքահայ պատմաբանը ապրիլի 24- ից հետո ցեղասպանության միջոցառումների անկում է արձանագրում

karenghazaryan

Սփյուռքահայ պատմաբան Գևորգ Յազիչյանը չի համարում, որ Հայոց ցեղասպանությունը սկսվել է 1915 թ-ին: «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ պատմաբանը շեշտել է, թե հարյուրամյակի մասին խոսելը ճիշտ չէր, քանի որ արյունոտ իրադարձությունները օսմանյան թուրքերն ավելի վաղ են սկսել: Ըստ նրա՝ մշակութային  ցեղասպանությունը շարունակվում է առ այսօր, իսկ հայերի ցեղասպանության առաջին հանգրվանը եղել է Աբդուլ Համիդի օրոք՝  1894-96 թվականներին:

Ամեն դեպքում՝ անդրադառնալով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին՝ պատմաբանը նկատել է, որ ապրիլ 24-ից հետո բավականին արագ անկում է արձանագրվում այդ շարքում։

Սփյուռքահայ պատմաբան Գեւորգ Յազիչյանը նկատեց, որ միայն վերջերս մեկ միջազգային գիտաժողով է գումարվել ցեղասպանության թանգարանում, իսկ դրանից բացի վերջին երեք ամիսներին այլ միջոցառում տեղի չի ունեցել:  «Ավելի շատ մենք զբաղված ենք մեր կոտորածները ներկայացնելու աշխարհին, քան մեր սերունդներին բացատրելու խորհուրդն այս իրադարձությունների»,- ասում է։

Ըստ պատմաբանի՝ ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շարքում ամենադրականը Հռոմի պապի մատուցած պատարագն էր եւ նրա խոսքը, քանի որ այն ե՛ւ քաղաքական, ե՛ւ բարոյական նշանակություն ու ազդեցություն ունեցավ՝ ցույց տալով կաթոլիկ աշխարհի մոտեցումն այս հարցում եւ համամարդկային արժեհամակարգը:

Սփյուռքահայ պատմաբանի գնահատմամբ՝ Սփյուռքում նույնպես շտապողականություն կար: Ըստ նրա՝ փորձ էր արվում  ինչ-որ  բան ցույց տալ, ինչ-որ բան անելու ձեւականություն կար: «Շտապողականություն ցուցաբերելով՝ Արամ Վեհափառը ապրիլի 24-ի օրերին օծեց նոր աբեղաներին՝ նրանց կոչելով հարյուրամյակի հետ կապված ինչ-որ անուններով, առանց որ նրանք ավարտեն Դրդեվանքի դասընթացները, որոնք դեռ շարունակվում էին այդ օրերին»:

Պատմաբանի գնահատմամբ՝ սխալ է, որ գրեթե չի խոսվում հայրենիքի ժամանակավոր կորստի մասին: Նա կարծում է, որ դրա մասին չպետք է մոռանալ երբեք եւ պետք է հստակորեն խոսել հողային պահանջների մասին:

Դա, նրա կարծիքով, պետք է լինի երկարաժամկետ ազգային ռազմավարության գլխավոր նպատակը: «Մեզ փորձում են մոռացնել տալ մեր հայրենիքը, հայրենիքի գրավված լինելու ցավալի փաստը, որը պիտի մեզ մղի ավելի լուրջ մոտենալու մեր ապագա ծրագրերին, որպեսզի մենք կարողանանք ամբողջացնել մեր հայրենիքը»:

Երբ հիշողությունը կորցնում ես, քեզ ասում են՝ սա քոնը չէ արդեն, վերջ, արդեն դու դրանից հետո որևէ հավակնության իրավունք չունես,  հավելեց պատմաբանը եւ շեշտեց, թե պետք չէ դիվանագիտություն խաղալ, եւ ոչ ոք դրա իրավունքը չունի:

Գեւորգ Յազիչյանը դժգոհեց արտգործնախարարության գործունեությունից՝ կարծիք հայտնելով, որ միջազգային մակարդակում աշխատանքը շատ թույլ է եւ դրա մասին է վկայում այն փաստը, որ Գերմանիայի Բունդեսթագում շարունակ հետաձգվում է Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւի ընդունումը:

Մինչդեռ, ըստ նրա, ակտիվ եւ լավ կազմակերպված աշխատանքի դեպքում հնարավոր է ոչ միայն ցեղասպանության ճանաչման բանաձեւի ընդունումը, այլեւ՝ հենց գերմանական արխիվներում պահպանվող նյութերի հիման վրա Գերմանիայից նյութական փոխհատուցում պահանջելը՝ որպես Հայոց ցեղասպանության հարցում Թուրքիայի մեղսակցի:

Ցուցադրել ավելի
Back to top button