Հասարակություն

Նախագահը ներկա է եղել Նոր Հաճընի եկեղեցու օծմանը (լրացված)

լրացվել է ժամը 21։08- ին

arminegevorgyan

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել Նոր Հաճըն քաղաքի նորակառույց Ս. Ամենափրկիչ եկեղեցու օծման արարողությանը՝ հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի:

Եկեղեցին, որի հիմնարկեքը կատարվել է 2011թ.-ին, կառուցվել է պրն. Գագիկ Ծառուկյանի բարերարությամբ: Նախագծի հեղինակն է ՀՀ վաստակավոր ճարտարապետ Արտակ Ղուլյանը:

«Եկեղեցու կառուցումը երբեք շատ չի լինում, մեր ժողովուրդը, զավակները դրա անհրաժեշտությունն ունեն: Տակավին քաղաքաներ կան, որտեղ մենք չունենք եկեղեցիներ»,- այսօր Նոր Հաճընում, Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու օծման արարողութունից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն` պատասխանելով լրագրողներից մեկի հարցին` արդյո՞ք շատ չեն եկեղեցիներ կառուցվում։

Նկատենք,որ վերջին շրջանում Հայաստանում մեկը մյուսի ետևից կառուցվում են եկեղեցիներ,կարծես թե եկեղեցաշինության մրցավազք է սկսվել գործարարների միջև։ Լրագրողներից մեկը կաթողիկոսին հիշեցնելով Ջիվանու խոսքերը, թե «հաց չունեն ուտելու համար, յոթը վանք են շինել. խելիք աշեցեք»՝ նշեց՝ արդյոք Վեհափառը զուգահեռներ չի՞ տեսնում մեր եւ Ջիվանու ժամանակաշրջանների միջեւ, Հայրապետը նշեց. «Ես կարծում եմ, որ հոգեւոր կյանքի զորացումը կարող է ապահովել հանապազօրյա հացը մեր ժողովրդի համար: Երբ հոգեւոր, բարոյական կյանքն իր բարձրության վրա չէ գտնվում, դժվարությունները մշտապես ուղեկից կլինեն մեր ժողովրդը»:

Եկեղեցու օծման արարողությանը ներկա գործարար Խաչատուր Սուքիասյանը, ով ներկա էր Գագիկ Ծառուկյանի անձնական հրավերով,նշեց, որ ինքը նախընտրում է տնտեսության մեջ ներդրում անել,քան՝ եկեղեցաշինությամբ զբաղվել: Նա նշեց,որ դա կառուցողի որոշելիքն է ու շուկայական հարաբերությունների դեպքում մարդիկ իրենք են ընտրում, թե ինչ ուղղությամբ ծախսեն իրենց դրամական միջոցները։

«Եթե գնանք դարեր ետ, Հայաստանի տնտեսությունը տարբեր ժամանակներում նույնպես մի հզոր, աշխարհում նկատելի չի եղել, բայց եկեղեցիներ կառուցվել են: Միգուցե դա հայկական մտածելակերպ է կամ այն տարածաշրջանում ենք ապրում, որտեղ որ եկեղեցաշինությունը մեր ապագան պետք է ապահովի»,- ասաց Սուքիասյանը։

Ի դեպ՝ եկեղեցու օծման արարողությանը բակում հավաքված ժողովրդին թույլ չտվեցին ոչ ներս մտնել եկեղեցի, ոչ էլ Ծառուկյանին մոտենալ, հարցեր տալ ու զրուցել: Նշենք, որ Գագիկ Ծառուկյանի թիկնազորի անդամները անընդհատ խոչընդոտում էին լրագրողների աշխատանքը, կոպտում ու վիրավորում մարդկանց, որ իրենց «գծած» սահմանից այս ու այն կողմ չգնային:

Ցուցադրել ավելի
Back to top button