

Թրանսփերենսի ինթերնեշնլ կազմակերպությունը վերջերս զեկույց է ներկայացրել, որում անդրադարձել է Արևելյան գործընկերության 5 երկրներում կոռւպցիոն իրավիճակին: Ուսումնասիրությունը գնահատում է կոռուպցիայի կանխարգելման և դրա դեմ պայքարի համար պատասխանատու ավելի քան 60 ինստիտուտների գործունեությունը և կոռուպցիոն իրավիճակի համեմատական վերլուծություն է ներկայացնում Հայաստանի, Ադրբերջանի, Ուկրաինայի, Մոլդովայի և Ադրբեջանի համար։
«Կոռուպցիայի վիճակը. Հայաստան, Ադրբեջան, Վրաստան, Մոլդովա և Ուկրաինա». Թրանսփարենսի Ինթերնեշնլի վերջերս հրապարակված զեկույցը գնահատում է կոռուպցիայի կանխարգելման և դրա դեմ պայքարի համար պատասխանատու ավելի քան 60 ինստիտուտների գործունեությունը և եզրակացնում, որ Արևելյան գործընկերության այս երկրներում հատկապես թույլ են դատական իշխանությունը, օրենսդրական մարմինն ու քաղաքացիական հասարակությունը:
Զեկույցում 5 երկրների իրավիճակների համեմատական վերլուծություն է ներկայացվում, նշվում են բոլորի համար ընդհանուր և յուրաքանչյուրի համար առանձնահատուկ խնդիրներ:
Նախ՝ ընդհանուր խնդիրների մասին: «Երեք հիմնական և ընդհանուր խնդիր է առանձնացվել՝ գործադիր իշխանության նկատմամբ զսպումների և հակակշիռների սահմանափակ և անբավարար մակարդակ, քաղաքականացված և անարդյունավետ դատական համակարգը և քաղաքացիական հասրակության սահմանափակ դերակատարում ու գործունեության սահմանափակում»,- ասում է Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը:
Վերջին խնդիրը շեշտվում է հատկապես Ադրբեջանի համար: Մյուս երկրներում քաղաքացիական հասարակության դերկատարմանը նույնքան խիստ գնահատականներ չեն տրվում, թեև այդ երկրների դեպքում էլ նշվում է, որ քաղաքացիական հասարակության ֆինանսավորումը հիմնականում դրսից է և միշտ չէ, որ իշխանությունները հաշվի են նստում քաղաքացիական հասրակության հետ:
Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա մեր երկրի համար հիմնախնդիր են դիտարկվում ստվերի և մենաշնորհի առկայությունը: «Հայաստանի համար խնդիր են համարվում մենաշնորհներն ու ստվերը , նաև հովանավորչությունը, նշվում է, որ Հայաստանի բնակչության 80 տոկոսը կոռուպցիան լուրջ խնդիր է համարում և միայն 20 տոկոսն է հավատում, որ իշխանությունները ջանքեր են գործադրում»,- ասում է Երիտասրադ իրավաբանների միության անդամ Մարատ Ատովմյանը։
Ի դեպ, զեկույցի հեղինակները նշում են նաև հակակոռուպցիոն կառույցների բացակայության կամ անարդյուանվետության խնդրի մասին: Զեկույցում, մասնավորապես, գրված է՝ չնայած բոլոր 5 երկրներն ընդունել են հակակոռուպցիոն օրենքներ, բայց դրանց կիրառումը բավարար մակարդակի վրա չէ: Քաղաքական ու բիզնես վերնախավերը փոխկապակցված են , ավելին ՝ ազդեցություն ունեն այնպիսի կարևոր մարմինների վրա, ինչպիսիք են, օրինակ, դատական և օրենսդիր իշխանությունները: