ՀասարակությունՑեղասպանություն 100

Եղեռնից փրկության եւս մեկ հրաշք- պատմություն. 101- ամյա ծերունու հուշերը

Գիտա Էլիբեկյան
«Ռադիոլուր»-Թբիլիսի

Ցեղասպանությունը վերապրած  Հարություն Մասումյանը արդեն  101  տարին է բոլորել. առողջ է ու առույգ. մի երազանք ունի` մի անգամ հայրենի Էրզրումը տեսնի:  Օրերս նա Ռուսատանից վերադարձել է Թբիլիսի, որտեղ «Ռադիոլուրին» պատմել է, թե ինչպես է փրկվել 1915թ. Մեծ եղեռնից։

Հարոթյուն Մասումյանը մեկ տարեկան էր, երբ թուրքերը նրան ու հորը տարան մահվան  դեմ հանդիման:  Ճանապարհին հայրը հասկանալով, թե ինչ է սպասվում իրեն, բարուրած երեխային   թողնում է  թփերի մեջ` հուսալով այդպես մի գուցե  փրկվի նա:  Եվ իրոք,  Հարությունը հրաշքով փրկվեց. թուրքերն արդեն իրենց գործն ավարտել հեռացել էին, նա թփերի մեջ քնից արթնացավ ու սկսեց  լացել. «Թուրքերը հորս  սպանեցին: Իսկ բարեկամս ինձ գտավ ու տվեց  մորս. սա մեծ պատմություն է…», -պատմում է նա՝  թերթելով ընտանեկան ալբոմը:

Մայրը`Սաթենիկը,  Հարությունին մեջքին է կապում ու չորս աղջիկների հետ անցնում գաղթի տանջալի ճանապարհը:  Նա իր ողջ հարստությունը, ինչպես և շատերը հավաքել, փաթեթավորել էր, գրել էր անուն ազգանունը ու պահ տվել եկեղեցում, հուսալով որ հետ է վերադառնալու ու հետ ստանալու:  Ճանապարհի համար մի քանի ոսկեդրամ էր վերցրել, որը թաքցրել էր փոքր աղջկա փեշի տակ:

Թուրքերը  թեև բազմիցս կանանց ստուգում էին, սակայն ամեն անգամ  բախտի բերմամբ փոքր աղջկան շրջանցում էին տարբեր պատճառներով:  Ու այդպես ողջ ճանապարհին Սաթենիկը կարողանում է գոյատևել այս ոսկեդրամներով՝ դրանք փոխարինելով  պանրի, մի կտոր հացի հետ։ Այդպես մայրը աղջիկների եւ որդու հետ հանում է Հալեպ։

Այստեղ Սաթենիկը Հարությունին և փոքր աղջկան պահում է կողքին, մյուսներին ստիպված որբանոց տանում: «Հինգ տարի էնտեղ ապրեցինք, ես քիչ մը արաբերեն էի խոսում: Հետո եկան անգլիացիները, ամերիկացիները և գաղթականներին ազատ ճանապարհ տվին: Մայրս էլ ընտրեց Կրասնոդարը, որովհետև այնտեղ ապրում էին իր բարեկամները, ովքեր հասցրել էին մինչև 1915 թվականը հեռանալ Էրզրումից»:

Հարությունն այնուհետև հաստավեց Թբիլիսիիում, այստեղից մեկնեց մասնակցելու Հայրենական մեծ պատերազմին: Բազմաթիվ շնորհակալագրեր,  պատվոգրեր ու մեդալներ ունի: Վերջին 10 տարիներին ապրում էր Ռուսատանում, սակայն այսօր որոշել է կրկին տեղափոխվել Վրաստան:

101- ամյա ծերունին այսօր արդեն բացայհտում է իր երկարակեցության գաղտնիքը. «Ծխախոտ մի ծխեք, եթե ինձ կլսեք։ Հարությունից կանցնեք. ես չեմ ծխել, չեմ էլ  հիվանդացել»,- ասում է։

Նա մի երազանք ունի` մի օր տեսնել  Էրզրումը։

Ցուցադրել ավելի
Back to top button