ԿարևորՏնտեսական

Գյուղփոխնախարար. Մթերման խնդիր չի լինի

lianaeghiazaryan

Այս տարի արդեն Հայաստանից արտահանվել է ավելի քան 45 հազար տոննա թարմ պտուղ-բանջարեղեն` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 67 տոկոսով ավելի: Հուլիսի 20-ի դրությամբ արտահանվել է շուրջ 19 հազար տոննա ծիրան` նախորդ ամբողջ տարվանից արդեն 10.5 անգամ ավելի:

Մոտ 5 անգամ ավելի էլ կեռաս է արտահանվել` նախորդ ամբողջ տարվա 370 տոննայի դիմաց: Այսօր այս թվերը ներկայացրել է գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը` միաժամանակ վստահեցնելով, որ մթերումների խնդիրներ էլ չեն լինի: Գյուղփոխնախարարը փորձել է փարատել նաեւ գյուղացիների որոշ մտահոգություններ` կապված առատ քանակով ձմերուկի ներկրման հետեւանքով տեղական ձմերուկն իրացնել չկարողանալու եւ մթերման ցածր գների հետ:

Գյուղատնտեսական այս տարվա բարենպաստ պայմաններն արդեն արտահայտվում են պտուղ-բանջարեղենի արտահանման թվային աճով:  Գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը սա պայմանավորում է առաջին հերթին ծիրանի առատ բերքով. միայն ծիրանը նախորդ ամբողջ տարվա համեմատ 10.5 անգամ ավելի է արտահանվել:

Ընդ որում` ծիրան ավելի շատ արտահանվում է, քան մթերվում, հիմա նաև սառնարանային պայմաններում կա պահուստավորված ծիրան: Պտուղ-բանջարեղենի արտահանման հիմնական շուկաներն են Ռուսաստանը, Վրաստանը, արաբական  երկրները, Շվեյցարիան, Չեխիան, Ղազախստանը և Ավստիան»,- նշեց Մակարյանը:

Անդրադառնալով Վերին Լարսում շաբաթներ առաջ ստեղծված իրավիճակին` գյուղփոխնախարարը հայտարարեց` արտահանման խնդիրներն արդեն շտկվել են: Իսկ ներկայում  քննարկումներ և աշխատանքներ են տարվում` մթերումների հետ կապված: «Ընթանում է պայմանագրերի կնքման փուլը: Անցյալ տարի 12 հազար պայմանագիր է կնքվել»,- փաստեց Մակարյանը:

Գյուղացիներն այս տարի «հակառակ կողմից» են բողոքում, որ մթերողները չնչին գներ են առաջարկում: «Գյուղացիներն  ակնկալում էին, որ կարկտահարված բերքը կարող են անցյալ տարվա պես վաճառել բարձր գներով, բայց հիմա ստիպված են հանձնել 50-60 դրամով, ինչը, կապված բերքի ծավալների հետ, բնական է»:

Գյուղփոփխնախարարը, ի դեպ, դրական սպասելիքներ ունի ոչ միայն մրգերի, այլեւ  լոլիկի, խաղողի մթերումից: Լոլիկի մթերումների անսահմանափակ պահանջարկ կա, և ակնկալում ենք, որ մթերման աճ կարձանագրվի: Ինչ վերաբերում է խաղողի մթերմանը, թեև նախարարությունը ևս այդ առումով տարեսկզբին լուրջ մտահոգություններ է ունեցել, բայց արդեն այսօր խնդիրը լուծված է, հայտարարեց Մակարյանը:

Որևէ մտահոգություն, մտավախություն գյուղացիների շրջանում թող չլինի, որ խաղողը կարող է հանկարծ մնալ և չմթերվել: Բոլոր վերամշակող կազմակերպություններն էլ հավաստիացրել են, որ եթե ոչ ավելի, ապա գոնե անցյալ տարվա ծավալներով կմթերեն: «Այսինքն՝ մենք իրացման խնդիր չենք ունենա»,- վստահեցրեց գյուղատնտեսության փոխնախարարը:

Անդրադարձավ վերջերս գյուղացիների հնչեցրած մտահոգություններին, թե ներկված ձմերուկի պատճառով գյուղացին չի կարողանում տեղական ձմերուկն սպառել, Մակարյանը փաստեց` նախորդ տարվա համեմատ 3 անգամ քիչ ձմերուկ է ներկրվել: «Դեռ գարնան սկզբին մեր ջերմոցատերերը բարձրացրել են ներկրումների խնդիրը։ Իսկ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը խստացրել է հսկողությունը ռիսկային երկրներից ներմուծվող գյուղմթերքի նկատմամբ»,- հիշեցրեց:

«Ձմերուկի վերջին խմբաքանակը մեր երկիր է ներկրվել հունիսի 25-ին, այն էլ` փոքր քանակով: Տեղական շուկայում վաճառվում է մեր տեղական ձմերուկը, գյուղացին նման խնդիր չունի»,- համոզված է բանախոսը:

Ցուցադրել ավելի
Back to top button