Փահլեւանը լարի, կյանքի եւ աշակերտների մասին


Լարախաղացությունը միջնադարյան Հայաստանի թատերական ժանրերից է, որն էլ որպես ժողովրդական արվեստ պահպանվել է նոր ժամանակներում: Ժողովրդի շրջանում հայտնի փահլեվանը երաժշտախմբի նվագակցությամբ պարում է երկու սյուների միջև ձգված լարի վրա, իսկ նրա խաղակից ծաղրածուն գումար հավաքում հանդիսականներից:
Լարախաղացների ցուցադրությունները Հայաստանում տեղի են ունենում տարատեսակ տոնախմբությունների ժամանակ: Լարախաղաց-աճպարար Վլադիմիր Հակոբյանը միակ տարիքով լարախաղացն է: 68-ամյա աճպարարը շրջում է Հայաստանի շրջաններով ու գյուղերով, նաև Արցախով, իր այս գործով վաստակում գումար, որոնցով էլ տպագրում է իր գրքերը։ Արդեն 7 գրքի հեղինակ է։ Դրանցից միայն մեկն է նվիրված լարախաղացությանը, մյուսները, ինչպես ինքն է ասում, իրական կյանքի մասին են։
Լարախաղացի իր այս մասնագիտությունը պատրաստ է փոխանցել երիտասարդ սերնդին: Վերջինիս խոսքով՝ եթե գործեր կրկեսը, լարախաղացների վերապատրաստման համար ջանք չէր խնայի: Լիահույս է, որ լարախաղացությունն այսօր չմեռնող մասնագիտություն է, սակայն չունի հետնորդներ: Իր յոթ երեխաներից և ոչ մեկը չի ընտրել հոր մասնագիտությունը: Աշակերտներ կունենար, եթե լինեին պայմաններ, ասում է աճպարարը ու վստահ է, որ ժամանակակից կրկեսն ինչքան էլ առաջընթաց ապրի, լարախաղացությունը պետք է իր ուրույն տեղն ու դերն ունենա այնտեղ:
68-ամյա լարախաղաց- աճպարարի համար լարի վրա խաղալն իրեն ուժ, եռանդ, հավատ ու առողջություն է տալիս: Ամեն անգամ լարի վրա գտվելիս միայն մտածում է հաջող ավարտի մասին: Սակայն կյանքի ուղեկցին սիրահարվել է հենց լարի վրա խաղալու ժամանակ։ «Լարի վրա տեսել եմ, սիրահարվել եմ, ինքն էլ ինձ է տեսել, ուրախացել ու ծիծաղել: Մի խոսքով՝ ամուսնացա, հետո բաժանվեցի, երկրորդ կին առա, նա հիմա 30 տարեկան է»։
Կյանքով լեցուն Վլադիմիր Հակոբյանի միակ երազանքը ութերորդ զավակն ունենալն է։