ԿարևորՏնտեսական

Շինանյութի ճյուղը Հայաստանի համար հեռանկարային է, ասում է ԵՏՀ նախարարը

karenghazaryan

ԵՏՄ-ի հետ ընդհանուր սահման չունենալու հետեւանքով գոյություն ունեցող խնդիրները տեխնիկական են, որոնք կարող են լուծվել ժամանակի ընթացքում, չլուծվող խնդիրներ չկան: Նման համոզմունք է լրագրողների հետ զրույցում հայտնել ՀՀ էոկոնոմիկայի նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը: Էկոնոմիկայի նախարարությունում այսօր քննարկվել են ԵՏՄ անդամ պետությունների արդյունաբերական համագործակցության հիմնական ուղղություններին առնչվող հարցեր: Արդյունաբերական համաժողովին մասնակցել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության եւ ագրոարդյունաբերության նախարար Սերգեյ Սիդորսկին: Ներկայացվել են Եվրասիական տնտեսական միության շրջանակներում արդյունաբերական համագործակցության հիմնական ուղղությունները:

ԵՏՄ-ում կա ընդհանուր սահմանի բացակայությամբ պայմանավորված առկա խնդիրները լուծելու հակվածություն: ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Էմիլ Տարասյանի փոխանցմամբ՝ գրեթե բոլոր հարցերում հայկական կողմը ստացել է աջակցություն անդամ բոլոր երկրների  կողմից՝ ԵՏՄ հանձնաժողովի մակարդակով: «Այս ֆորմատի քննարկումները հենց ուղղորդված են դրան, որպեսզի մենք բիզնեսին եւ որոշում կայացնողներին նստեցնենք մեկ հարթակի վրա եւ մենք էլ հետեւողական լինենք, որ մասնավոր հատվածի կողմից հնչեցվող խնդիրներն անպայման հետեւողականորեն լուծվեն»:

Հայաստանյան սուբյեկտները, օրինակ, տարանցիկ փոխադրումների ընթացքում առնչվում են ավելացված արժեքի հարկի վերադարձման խնդրին: Տեղի է ունենում երկակի հարկում, բացի այդ՝ ծագման սերտիֆիկատի առկայության պահանջի հետ կապված խնդիր կա, որը դուրս է եկել, սակայն որոշ տեղերում այն պահանջում են, ինչն անօրինական է եւ վարչական խոչընդոտներ է ստեղծում: Նման խնդիրներից խուսափելու համար հենց քննարկումներ են լինում: ՀՀ էկոնոմիկայի փոխնախարարը խնդրեց, որ դրանք Եվրասիական տնտեսական հանձնաժողովի օրակարգային հարցեր դառնան եւ անպայման սեղմ ժամկետներում լուծումներ ստանան։

ՀՀ-ից ԵՏՄ անդամ երկներ, և մասնավորապես ՌԴ արտահանման ծավալների  կտրուկ նվազման հետ կապված հարցին անդրադառնալով՝  էկոնոմիկայի փոխնախարարը նախ նկատեց, որ դեռեւս վաղ է գնահատել, թե ԵՏՄ-ն ի՞նչ պետք է տա արդյունաբերողներին: Արդյունաբերական հզորությունները զարգացնելու համար կես տարին բավարար ժամանակահատված չէ, շեշտեց նա: Սակայն այսօր խոսվում է այն հիմնական ուղղությունների եւ այն ձեւաչափերի մասին, որով կարող է Հայաստանը համագործակցել ԵՏՄ-ի այն երկրների հետ, որոնք ունեն խոշոր, ծանր եւ թեթեւ արդյունաբերություն:

Համագործակցության ձեւերից մեկն էլ կոոպերացիան է, որով Հայաստանը, ըստ էկոնոմիկայի փոխնախարարի,  կարող է որոշակի հումքատար արտադրության շղթայի մաս դառնալ: «Խոսքը մի քանի ուղղությունների մասին է: Օրինակ՝ շինարարական ապրանքների արտադրություն, թեթեւ արդյունաբերություն եւ այլ ուղղություններ, որոնցով Հայաստանը հետաքրքիր է ԵՏՄ-ի համար եւ մենք այդ մասով հայտ ենք ներկայացնում, որպեսզի մասնակցենք մեծ, խոշոր արտադրական շղթաների եւ մաս կազմենք»:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության եւ ագրոարդյունաբերության նախարար Սերգեյ Սիդորսկին վստահեցրեց, որ կոոպերացիաների շղթայական ընդլայնումը միության ներսում այսօր արդեն իսկ տալիս է արդյունք։ «Մենք այսօր  հստակ պատկերացում ունենք Հայաստանի արդյունաբերությունից: Պետք է այսօր տեսնել այն ոլորտները, որոնք այս համատեքստում կզարգանան: Օրինակ՝ դուք ունեք լավ շինանյութ, իսկ այսօր միության անդամ երկրներում մեծ ծավալի շինանյութ է օգտագործվում: Ես կարծում եմ, որ այս ճյուղը Հայաստանի համար հեռանկարային է: Շինանյութ հիմա ներկրվում է ոչ միության անդամ երկրներից, ուստի հիմա պետք է այն փոխարինել հայկական արտադրանքով, ինչը կարճ ժամանակում կարծում եմ կարվի»:

Սրձագանքելով հարցին, թե ինչպես է Եվրասիական տնտեսական միությունը փակելու տնտեսական տարին՝ Սերգեյ Սիդորսկին ասաց, թե հարցը միանշանակ պատասխան չունի: «Առեւտրաարդյունաբերական շրջանառության անկում այսօր միայն միության մեջ չէ: Այն գոյություն ունեցող բոլոր կողմերում է եւ նույնիսկ մեր առաջատար գործընկերների մոտ, որոնց հետ առեւտուր ենք անում Եվրոպական Միությունում»:

Ոլորտները, որոնք այսօր ձեւավորվում են եւ կձեւավորեն ԵՏՄ-ի ապագան, այս տարի կավելանան եւ դա անկասկած է, շեշտեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության եւ ագրոարդյունաբերության նախարարը:

Ըստ նրա՝ այս տարի տնտեսական աճ կապահովի միության երկրներից Ղազախստանը՝ 1-2%-ով: Բելառուսը այսօր  ունի անկում նախորդ տարվա համեմատ, ՌԴ-ն նույնպես նույն մակարդակի է, իսկ Հայաստանի  համար, Սիդորսկու գնահատմամբ, ոլորտային դրական դինամիկա կա, մասնավորապես՝ գյուղատնտեսության ոլորտում:

Ցուցադրել ավելի
Back to top button