Տնտեսական

Գ. Մակարյան. ՓՄՁ- ները թթվածնի կարիք ունեն

lianaeghiazaryan

Հայաստանյան փոքր ու միջին ձեռնարկությունները թթվածնի կարիք ունեն, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ, տնտեսագետ Գագիկ Մակարյանը: Վկայակոչելով իրենց հարցման ու դիտարկումների տվյալները՝ նա հայտարարել է, որ այս առումով մեր երկրում շատ տխուր վիճակ է ստեղծվել։ ՓՄՁ-ների հետ տարվող պետական քաղաքականությունը պետք է 180 աստիճանով փոխվի, այլապես փոքր ու միջին բիզնեսը կշարունակի հազարներով փակվել, ինչպես փակվում է վերջին տարիներին:

 Տնտեսագետ Ռուբեն Հայրապետյանն էլ իր հերթին է հայտարարել` պետական ծախսերի կրճատման տեղեր կան, ու այդ ծախսերը պետք է ուղղել ավելի կարեւոր ոլորտների` շեշտադրելով զարգացման երկարաժամկետ ծրագրերը:

Փոքր ու միջին բիզնեսի զարգացումը որքան կարեւորվում է իշխանության կողմից, նույնքան էլ դրանց վիճակը շարունակաբար վատանում է: Այս ուղղությամբ հայտարարվող ծրագրերն ու կատարվող քայլերն իրար հետ միասին Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ, տնտեսագետ Գագիկ Մակարյանը նմանեցնում է բորշչի, ով ինչ ուզում է լցնում է, բայց ոչ համ կա, ոչ որակ:

Գագիկ Մակարյանը վկայակոչում է մայրաքաղաքի ու մարզերի փոքր ու միջին բիզնեսի 170 ներկայացուցիչների շրջանում իրենց հարցումների արդյունքները:  Ի դեպ` հարցվածների 55 տոկոսը գործում է 10 տարուց ավելի, այսինքն` սրանք հասցրել են անցնել կառավարության վերջին 10 տարիների հայտարարած բարեփոխումների միջով:

Մակարյանը հայտարարում է` ՓՄՁ-ների 50 տոկոսը պարզապես անբավարար է համարում ՓՄՁ-ների մասով տարվող տնտեսական քաղաքականությունը: Որպես թիվ մեկ խնդիր նրանք նշում են ֆինանսական միջոցների անմատչելիությունը:

Գագիկ Մակարյանը ՓՄՁ-ների առումով ստեղծված վիճակը քաոսային է համարում ու վստահ է, որ կառավարության կոսմետիկ փոփոխություններն արդյունք չեն տա, եթե արմատական փոփոխություններ չարվեն: Որպես առաջնահերթ անելիք Մակարյանը մատնանշում է Կենտրոնական բանկի քաղաքականության փոփոխությունը:

Երկրի գխավոր դրամատունը վերաֆինանսավորման խիստ բարձր տոկոսադրույքով է շրջանառության ենթակա միջոցները բաշխում բանկերին, իսկ բանկերից մինչեւ գործարարին հասնելը վարկերի տոկոսադրույքներն ավելի են բարձրանում: Այսօր միջինում 18-24 տոկոս տոկոսադրույքով բիզնես վարկերը չափազանց թանկ են, դրանցով հնարավոր չի եկամտով աշխատել:

Սրան գումարվում է խոշոր բիզնեսի ագրեսիվ վարքագիծը, ու վիճակագրությունը չի ուշանում փաստել` Հայաստանում փոքր ու միջին ձեռնարկությունները փակվում են հազարներով: Ընդ որում` առավել խոցելի է առեւտրի ոլորտը: Խոշոր սուպեմարկետները հեկտարներով չեզոքացնում են փոքր խանութներն ու վաճառքի կետերը` այդպես էլ որեւէ սահմանափակման չենթարկվելով:

Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահը եւս մեկ ցուցանիշ է վկայակոչում` ըստ հարցումների` հայաստանյան ՓՄՁ-ների ընդամենը 12.5 տոկոսն է իր վիճակը բավարար համարում, իսկ մնացածը, բանախոսի ձեւակերպմամբ, քարշ են տալիս իրենց գոյությունը:

Գագիկ Մակարյանը Կենտրոնական բանկի քաղաքականությունը վերանայելու խիստ անհրաժեշտությունից զատ եւս մեկ քայլ է կարեւորում` սնանկացող ընկերությանն առողջացման շանս տալը։

ԵՏՄ-ն ու Իրանը նոր շուկաներ են, որտեղ հայաստանյան բիզնեսը կարող է դրսեւորվել: Մակարյանն օրինակ է բերում` Իրան միայն ոչ ալկոհոլային գարեջուր արտահանելու դեպքում մոտ 10 մլն պոտենցիալ սպառող ենք ունենում: Իսկ տնտեսագետ Ռուբեն Հայրապետյանն այս խնդրին անդրադառնալով շեշտում է` ծրագրերն ամեն դեպքում պետք է երկարաժամկետ զարգացման սցենարով կազմվեն, պետք է ճիշտ թիրախավորվեն գերակայությունները: Օրինակ` զբոսաշրջությունը փոխարինելով կրթությամբ:

Տնտեսագետը պետական ծախսերի կրճատման լուրջ հնարավորություններ է տեսնում` սկսած պետական կառավարման ապարատից մինչեւ շինարարություն:  Խնայված գումարները պետք է ուղղել ավելի կարեւոր ոլորտների` շեշտադրելով զարգացման երկարաժամկետ ծրագրերը: Առանց դրանց տնտեսագետի կանխատսումները միայն հոռետեսական են։

Ցուցադրել ավելի
Back to top button