Տնտեսական

Վարչապետն աշխատանքային այց է կատարել Կոտայքի մարզ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Կոտայքի մարզ:

Կառավարության ղեկավարը նախ այցելել է մարզի Գողթ համայնքում գտնվող «Էկոտոմատո» ՓԲԸ վարդերի և բանջարեղենի աճեցման ջերմատներ, ծանոթացել ընկերության կողմից արտադրական ծավալի ընդլայնման նպատակով իրականացված աշխատանքներին, ներդրումային, արտահանման ու զարգացման ծրագրերին, ստեղծված աշխատատեղերին և ժամանակակից տեխնոլոգիաներով կազմակերպված արտադրական գործընթացին: Նշվել է, որ ջերմատներում կատարվում է բոլոր գործընթացների ավտոմատ կարգավորում, արհեստական լուսավորություն, ներդրված է ոռոգման կաթիլային համակարգ: Վարչապետին ներկայացրել են, որ ներկայումս «Էկոտոմատո» ՓԲԸ կառավարման ներքո է գտնվում 8 հա ընդհանուր մակերեսով ջերմատնային համալիր, որի կառուցման համար ներդրվել է շուրջ 7.7 մլրդ դրամ, ստեղծվել է շուրջ 120 աշխատատեղ՝ 140.000 դրամ միջին աշխատավարձով: «Էկոտոմատո» ՓԲԸ ներկայացուցիչները նշել են, որ ծրագրում են տարեկան արտադրական ծավալը հասցնել 10-13 մլն հատ ծաղկի:

Գողթ համայնքից ուղևորվելով Աբովյան քաղաք՝ վարչապետն այցելել է Աբովյան քաղաքում տեղակայված «Մուլտի Սթոուն» ՓԲԸ քարերի և փայտի վերամշակման արտադրամասեր, հետևել արտադրական գործընթացին, հետաքրքրվել առաջիկա ծրագրերով ու անելիքներով: Ընկերության պատասխանատուները վարչապետին տեղեկացրել են, որ ընկերությունը բավական լավ արդյունքներ է արձանագրել արտադրանքի արտահանման տեսանկյունից (ԱՄՆ, Ռուսաստան, եվրոպական երկրներ), և ներկայումս քննարկվում են նաև արտահանման շուկաների ընդլայնման հնարավորությունները:

Հաջորդիվ Աբովյանի քաղաքապետարանում Հովիկ Աբրահամյանը հանդիպել է Կոտայքի մարզի մի շարք համայնքների ղեկավարներին: ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը և Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը զեկուցել են մարզում իրականացվող պետական աջակցության ծրագրերի ընթացքի և կատարված միջոցառումների մասին: Ապա մարզի համայնքների ղեկավարները ներկայացրել են իրենց համայնքներում  իրականացված ծրագրերը և առաջնահերթ լուծում պահանջող խնդիրները:

Վարչապետը, ամփոփելով քննարկումը, նշել է, որ Կոտայքի մարզում առկա են գյուղատնտեսության զարգացման լուրջ նախադրյալներ, և կառավարությունը պատրաստ է քննարկել գյուղատնտեսության խթանման հեռանկարային ծրագրերի սուբսիդավորման հարցը: Կառավարության ղեկավարը կարևորել է շահագրգիռ գերատեսչությունների ու մարզպետարանի համակարգված համատեղ աշխատանքը և բարձրացված մի շարք հարցերի լուծման առնչությամբ հանձնարարականներ տվել պատասխանատու գերատեսչությունների ղեկավարներին և մարզպետին:

 

Ցուցադրել ավելի
Back to top button