Մշակույթ

«Մոսկվիչ, իմ սեր». ֆիլմ կորուսյալ սերնդի մասին

alisagevorgyan

«Մոսկվիչ իմ սեր» ֆիլմը կորսված սերնդի մասին է, մի սերնդի, որը մի օր արթնացավ նոր ժամանակներում  ու հասկացավ, որ այլևս ոչ ոքի պետք չէ : Սերունդ, որը  լուռ տանում է իր ողբերգությունը»,- ասում է  ֆիլմի ռեժիսոր Արամ Շահբազյանը: Ֆիլմի հիմքում իրական պատմություն է: Գլխավոր հերոսը Ադրբեջանի Լենինավան գյուղից գաղթած Համոն է: Ֆիլմը ընդգրկված է «Ոսկե ծիրան» 12- րդ միջազգային կինոփառատոնի Հայկական համայնապատկեր մրցույթում:

 

 

Արցախի Մարտակերտի շրջանում ռեժիսոր Արամ Շահբազյանն ու լրագրող Էդիկ Բաղդասարյանը տարիներ առաջ հանդիպել էին  մի հայ փախստականի: Նա ուներ օրագիր, որտեղ գրում էր, թե ինչպես է գումար հավաքում «Մոսկվիչ» մակնիշի մեքենա գնելու համար: Օրագրի խունացած էջերում պահպանված երազանքը դարձավ «Մոսկվիչ, իմ սեր»  ֆիլմի մեկնարկային սահմանը:

«Իրական այս պատմությունից ֆիլմում պահպանվել է միայն օրագրի գաղափարն ու հերոսի փախստական լինելը: Հերոսի՝ Հմայակ Ավանեսյանի կերպարը մարմնավորում է Գավառի թատրոնի դերասան Մարտուն Ղևոնդյանը:

Ֆիլմը կորսված սերնդի մասին է, մի սերնդի, որը մի օր արթնացավ այս երկրում՝ նոր ժամանակներում, ու հասկացավ, որ այլևս ոչ ոքի պետք չէ: Սերունդ, որը  լուռ տանում է իր ողբերգությունը: Ֆիլմը փոքր մարդու ողբերգությունն է մեր իրականության մեջ: Իսկ նման ողբերգությունների մենք բախվում են յուրաքանչյուր պահի, բայց դրանց մասին առանձնապես չենք մտածում, չենք նկատում, ուշադրություն չենք դարձնում»,- ասում է ռեժիսոր  Արամ Շահբազյանը:

Ժամանակակից հայ կինոն  լի է խճճված, երևակայական պատմություններով  ու մեր իրականության հետ որևէ աղերս չունեցող հերոսներով: Արդյո՞ք այս ֆիմում հանդիսատեսը, ի վերջո, կարող է ճանաչել  իր ժամանակակցին, նաև ի՛ր ողբերգությունը մարմնավորող հերոսին: Հարցին դժվարանում է պատասխանել անգամ ռեժիսորը:

Հավելենք, որ Արամ Շահբազյանի «Մոսկվիչ, իմ սեր»  ֆիլմը հայ-ֆրանս- ռուսական համատեղ արտադրություն է: Այն ընդգրկված է «Ոսկե ծիրան» 12-րդ միջազգային կինոփառատոնի Հայկական համայնապատկեր մրցույթում։

Ցուցադրել ավելի
Back to top button