Տնտեսական

Մայրաքաղաքում վերաբացվեց նաև երկրորդ գյուղատնտեսական տոնավաճառը

aidaavetisyan

Այսօր մայրաքաղաքի Մաշտոցի պուրակին հարող տարածքում ՀՀ գյուղատնտեսության նախարարության  կողմից և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ վերաբացվեց գյուղատնտեսական մթերքների երկրորդ տոնավաճառը:

Տոնավաճառի պաշտոնական բացման արարողությանը ներկա էին ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը և Երևանի փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանը:

Նախարարը փոխքաղաքապետի հետ միասին  շրջել է տոնավաճառի տաղավարներով, զրուցել վաճառողների և գնորդների հետ, հետաքրքրվել նրանց հուզող հարցերով, ինչպես նաև գնումներ կատարել:

«Մեր հիմնական նպատակն է աջակցել գյուղացիական տնտեսություններին կազմակերպել իրենց կողմից մշակված գյուղմթերքի իրացումը, և արդեն հինգերորդ տարին անընդմեջ նախարարությունը գյուղատնտեսական տոնավաճառներ է կազմակերպում», – նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:

Նախարարի խոսքով`  այս տարի երկրորդը տոնավաճառն ավելի վաղ է բացվել` հաշվի առնելով ազգաբնակչության պահանջարկը գյուղմթերքի նկատմամբ, տարածքն ավելի բարեկարգ է, և առավել մեծ թվով գյուղացիական տնտեսություններ են մասնակցության հայտեր ներկայացրել. ավելի քան 120 գործող տաղավարներ կան:

Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանն էլ  վստահեցրել է, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ համագործակցությունը այսուհետ ևս կշարունակվի, և անհրաժեշտության դեպքում, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ նոր տարածքներ կառանձնացվեն` գյուղմթերքի տոնավաճառների համար: Քաղաքապետի տեղակալը նաև հիշեցրել է, որ  բացօթյա անօրինական առևտրի արգելքով պայմանավորված, դեռևս տարիներ առաջ թվով 34 գյուղատնտեսական փոքր շուկաներ են բացվել մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում:

 

Ցուցադրել ավելի
Back to top button