Տնտեսական

Գյուղատնտեսական ապրանքների արտահանման ծավալները մի քանի անգամ ավելացել են

sonahakobyan
Գյուղատնտեսական ապրանքների արտահանման ծավալներն այս տարի  ոչ միայն չեն կրճատվել, այլ ավելացել են՝ ընդհուպ մի քանի անգամ, ասել է գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանը և ներկայացրել կոնկրետ օրինակներ՝ թվերով:  Ընթացիկ տարում Հայաստանից ընդհանուր առմամբ արդեն արտահանվել է 43 400 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 26 847  տոննայի դիմաց:  Հայկական թարմ պտուղ-բանջարեղենը հիմնականում արտահանվել է Ռուսաստան, Ղազախստան, Բելառուս, Լեհաստան,  Վրաստան, ԱՄԷ, Շվեյցարիա, Չեխիա, Նորվեգիա, Քուվեյթ:

 

 

Այս տարին գյուղատնտեսության համար հաջող տարի էր: Ոչ միայն բերքն է առատ, այլև ավելացել են մթերման և արտահանման ծավալները, ասում է գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանը և հայտնում, որ գյուղացին այս տարի մթրված բերքի սպառման խնդիր չի ունենա:

Եթե անցյալ տարի ծիրանի դեֆիցիտ ունեիքն, ապա այս տարի ծիրանի բերքն այնքան առատ է, որ արդեն իսկ արտահանվել է 17 հազար 500 տոննա ծիրան: Կարևորելով նաև ջերմոցային տնտեսությունների զարգացման կառավարության ծրագիրը՝ փոխնախարարը նկատեց, որ դրա շնորհիվ Հայաստանն ավելացրել է նաև բանջարեղենի արտահանման ծավալները:

Վաղահաս կարտոֆիլի բերքահավաքը գրեթե մոտեցել է ավարտին, սակայն հոգօգտագործողները շատ լավ են տիրապետում իրավիճակին և հողը համարելով լավագույն պահեստ, դեռևս ամբողջությամբ չեն հավաքել կարտոֆիլը: Ըստ այդմ այսօրվա դրությամբ մթերվել է 73 հազար տոննա կարտոֆիլ: Մթերումն ընդհանուր առմամբ ընթանում է բնականոն և որևէ խնդիր չկա, վստահեցրեց գյուղատնտեսության փոխնախարարը:

Միևնույն ժամանակ չժխտելով արտահանման հետ կապված որոշակի խնդիրները՝ փոխնախարարը պարզաբանեց, որ Հայաստանը դեռ նոր է ինտեգրվում Եվրասիական տնտեսական միությանը և սկզբանակն շրջանում որոշակի դժվարությունները նորմալ երևույթ է: Հայկական թարմ պտուղ-բանջարեղենը հիմնականում արտահանվում է Ռուսաստան, Ղազախստան, Բելառուս, Լեհաստան,  Վրաստան, ԱՄԷ, Շվեյցարիա, Չեխիա, Նորվեգիա, Քուվեյթ:

Back to top button