Հասարակություն

Ամենօրյա հսկողություն՝ դպրոցականների ամառային ճամբարներում

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը և Երևանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հրայր Անտոնյանը այցելել են Հանքավանի «Արագած» ամառային ճամբար հանգստի մեկնած դպրոցականներին, որոնցից 30-ը Արաբկիր վարչական շրջանի բնակիչներ են։ Արաբկիր վարչական շրջանի ղեկավարը հոգացել էր, որ ճամբաական երեխաներին այցելեն նաև նրանց ծնողները։

ՀՀ կառավարության՝ դպրոցականների ամառային հանգստի կազմակերպման ծրագրի երկրոդ փուլին «Արագած» ճամբար է մեկնել 425 երեխա՝  Երևանից, Հայաստանի տարբեր մարզերից, Ջավախքից ու ԼՂՀ–ից։ Ճամբարականները հյուրերին դիմավորել են Վարդավառի տոնին նվիրված միջոցառման կրկնությամբ՝ երգելով ու մարզական մրցութային խաղերով։

«Սիրելի՛ երեխաներ, շնորհակալ ենք հետաքրքիր օրվա համար, որ մեզ պարգևեցիք։ Ձեր ոգևորությունը ամենավառ ապացույցն է, որ ճամբարում օրերը հետաքրքիր են անցնում։ Բացի ձեզ ճամբարներ ուղարկելը, Երևանի քաղաքապետը հանձնարարել է նաև ամենօրյա հսկողության ու հոգածության տակ առնել ձեզ, ինչը չէր կարող լիարժեք լինել` առանց ծնողների մասնակցության»,- նշել է Հրայր Անտոնյանը և Երևանի քաղաքապետի անունից նվերներ հանձնել ճամբարի բոլոր երեխաներին։

Ծնողներն իրենց գոհունակությունն են հայտնել ճամբարի պայմանների, ինչպես նաև երեխաներին այցելելու ընձեռված հնարավորության համար։

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանն այցելել է նաև «Արագած»-ին հարևան ճամբարներ՝ հետևելու կարգուկանոնին ու ծանոթանալու երեխաների առօրյային։ Ամենօրյա հսկողության նպատակով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մի քանի վարչությունների պետեր, ինչպես նաև Երևանի վարչական շրջանի ղեկավարները պարբերաբար այցելում են Ծաղկաձորի ու Հանքավանի ամառային ճամբարներ։

Հիշեցնենք, որ ծրագրի շահառու երեխաները տարբեր սոցիալական խմբերից են՝ հաշմանդամ դարձած զինծառայողների, ծնողազուրկ ու սակավ ապահովված բազմազավակ ընտանիքների դպրոցահասակ 4500 երեխաներ՝ ողջ Հանրապետությունից։ Ծրագիրն իրականացվում է ՀՀ բյուջեի միջոցներով, իսկ երևանաբնակ երեխաների ցուցակագրումը և տեղափոխումը կազմակերպում  է Երևանի քաղաքապետարանը։

Ցուցադրել ավելի
Back to top button