Հասարակություն

Տորոնտոյի «Սուրբ Երրորդություն Հայաստանյաց առաքելական Եկեղեցի» վարժարանի սաները՝ Հայաստանում

aidaavetisyan

Տորոնտո քաղաքում գործող «Սուրբ Սահակ, Սուրբ Մեսրոպ» ազգային շաբաթօրյա վարժարանի շրջանավարտներն ամեն  տարի Սուրբ Երրորդություն Հայաստանյաց առաքելական եկեղեցու հովանավորությամբ այցելում  են պատմական հայրենիք: Ծրագիրը  գործում է արդեն 6 տարի և հնարավորություն ընձեռում դպրոցականներին տեսնել  պատմության դասագրքերում կարդացածն ու լսածը: Այս տարի  ծրագրի շրջանակներում Հայաստան է այցելել 10 դպրոցական:

 

 

«Սուրբ Սահակ, Սուրբ Մեսրոպ» շաբաթօրյա ազգային վարժարանը գործում է Կանադայի  Տորոնտո քաղաքում: Կրթօջախ, որի նպատակն է օտար ափերում հայկականությամբ ու հայկական ավանդույթներով դաստիարակել սերունդներ: Թեև մեկ օր են աշակերտները  հաճախում հայկական դպրոց, սակայն հայոց լեզվի և գրականության ուսուչուհի Լուսին Մանգասարյանը վստահեցնում է, որ  քիչ ժամանակահատվածում կարողանում են երեխաների մեջ արթնացնել հայի ոգին և պահպանել ոսկեղենիկ հայերենը:

Օտար ափերում հայկական ոգին պահպանելու, հայոց  պատմության հաղթական և, ինչու ոչ, նաև արյունոտ էջերը   դպրոցականներին ճշգրիտ ներկայացնելու համար  դպրոցում  միջոցառումներ մշտապես են  կազմակերպվում: Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհու խոսքով՝ հայոց ցեղասպանության պատմությանը դպրոցականները  քաջածանոթ են։

Այս տարի  աշխարհի շատ ու շատ երկրներում կազմակերպվեցին Հայոց ցեղասպանության ոգեկոչման արարողություններ: Կանադայի հայկական  այս վարժարանը ևս անմասն չի մնացել: Ապրիլի 24-ին Ջորջ Թաուն քաղաքում, որտեղ, ի դեպ,  ապաստանել են  Հայոց ցեղասպանությունից մազապուրծ առաջին 109 որբերը , անմեղ զոհերի հիշատակության  արարողություններ են կատարվել:

Դպրոցի շրջանավարտները արդեն 9 օր է իրենց հանգիստն անցկացնում են Հայաստանում: Սուրբ Երրորդություն Հայաստանյաց առաքելական եկեղեցու հովանավորությամբ դպրոցն ավարտած  սաները ուխտագնացության են գալիս  մայր հայրենիք՝ դասագրքերում  կարդացածն ու  լսածը սեփական աչքերով տեսնելու: 10 շրջանավարտներն առաջին անգամն են  հայրենիքում։

Նախորդ տարիների փորձը հաշվի առնելով՝ ուսուցչուհին վստահ է, որ  հայրենիքում  անցկացրած օրերը  երբեև չեն  ջնջվի դպրոցականների մտապատկերից և այս այցելությունները կարող են դառնալ հայրենիքում մշտապես բնակություն հաստատելու առհավատչյա:

Ցուցադրել ավելի
Back to top button