Քաղաքական

ՍԴ փոփոխությունները նախնական են. Էդուարդ Շարմազանով

Նոր սահմանադրության դեպքում ՀՀ նախագահը չի պատրաստվում զբաղեցնել ոչ նախագահի, ոչ վարչապետի պաշտոնը: Հատուկ թերահավատների համար նախագահը վերահաստատեց, որ չի ցանկանում զբաղեցնել նաև ԱԺ նախագահի պաշտոնը: Երեկ երեկոյան ՀՀԿ խորհրդի նիստից հետո հայտարարեց Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը:

Հարցին, թե բացի նախագահ Սերժ Սարգսյանի ազնիվ խոսքից, ի՞նչ այլ երաշխիքներ կան, որ նա չի դառնալու երկրի առաջին դեմքերից մեկը, նախարար Դավիթ Հարությունյանը նշեց. «Քաղաքական հարթակում քաղաքական հայտարարությունները միայն բարի խոսք չեն, այլև ունեն քաղաքական կշիռ: ՀՀ նախագահը, ըստ առաջարկվող սահմանադրական նախագծի, հիմնականում արարողակարգային անձ է, չունի առաջնային մանդատ: Հիմնական դերակատարը վարչապետն է, որը պատասխանատու է խորհրդարանական մեծամասնության առջև: Երբ սահմանադրական բարեփոխումները տեղի ունենան և ընտրվի հերթական ԱԺ-ն դեռևս ՀՀ նախագահի պաշտոնավարման ժամկետը ավարտված չի լինի, և չեմ կարծում որևէ ողջամիտ անձ կարող է ենթադրել, որ ՀՀ նախագահը կթողնի իր պաշտոնը և կորոշի դառնալ վարչապետ»:

Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյան.«Եթե անգամ չխոսենք նախագահի քաղաքական հայտարարության մասին, որ չի պատրաստվում զբաղեցնել վարչապետի կամ նախագահի պաշտոնը, նիստում հատուկ թերահավատների համար նա հայտարարեց, որ, իհարկե, Ազգային ժողովի նախագահի պաշտոնը ևս չի զբաղեցնի: Հետևաբար, սա վերարտադրության ցանկության մասին չի խոսում»:

 

ՀՀԿ-ի համար սահմանադրական բարեփոխումների անցկացումը գերնպատակ չէ: Պետք է ամեն ինչ որոշեն քաղաքացիները: Այս հարցը մեր օրակարգում առաջնայինն ու գլխավորը չէ: Մենք ունենք այլ` սոցիալական, անվտանգության խնդիրներ: Երեկ ՀՀԿ խորհրդի նիստից հետո լրագրողներին ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը` ընդգծելով, որ ներկայացված փոփոխությունները նախնական են, և առաջիկա 1,5 ամիսների ընթացքում քաղաքական տարբեր ուժերի հետ քննարկումների արդյունքում նախագիծը կարող է փոխվել։ «Սա բավականաչափ ծավալուն փաստաթուղթ է։ Նախանական տարբերակը դոգմա չէ։ Որոշ հարցերում բացատրությունների, պարզաբանումների կարիք կա։ Վերջնական տարբերակը կընդունվի քննարկումնրի արդյունքում, հաշվի կառնվեն բոլոր առաջարկությունները»,– ասաց Շարմազանովը։

Հիշեցնենք, Հանրապետական կուսակցությունը երեկվա նիստի ժամանակ քննարկել է սահմանադրական բարեփոխումների նախնական տարբերակի 4-7-րդ գլուխները, 1-3 գլուխները չեն քննարկվել:

 

Ցուցադրել ավելի
Back to top button