Հասարակություն

Նշանակում՝ Մայր Աթոռում

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինութեամբ Գերաշնորհ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանեանը նշանակուել է Տաւուշի թեմի առաջնորդ:

Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանեան

(կենսագրութիւն)

 

Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանեանը  (աւազանի անունը՝ Վազգէն)  ծնուել է 1971 թ.  Գիւմրիում:

1988-1994 թթ. ուսանել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գեւորգեան հոգեւոր ճեմարանում:

1994 թ. ձեռնադրուել է սարկաւագ՝ ձեռամբ Տ. Անանիա եպիսկոպոս Արաբաջեանի:

1995 թ. գերազանցութեամբ աւարտել է Գեւորգեան հոգեւոր ճեմարանը` պաշտպանելով աւարտաճառ «Խոսրով եպիսկոպոս Անձեւացու Ժամակարգութեան մեկնութիւնն ու աստուածաբանութիւնը (նորագիւտ ձեռագրերով եւ մատենագիտական ուսումնասիրութեամբ)» թեմայով:

1995 թ. յուլիսի 23-ին` Ս. Պայծառակերպութեան տօնին, ձեռնադրուել է կուսակրօն քահանայ՝ ձեռամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի:

1996 թ. նշանակուել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Էջմածին» պաշտօնական ամսագրի գլխաւոր խմբագիր: Միեւնոյն ժամանակ նշանակուել է նորահաստատ Քրիստոնէական դաստիարակութեան եւ քարոզչութեան կենտրոնի փոխտնօրէն՝ վարելով ուսուցիչների պատրասման ծրագիրը Հայաստանի Արմաւիր, Մասիս, Արտաշատ, Ապարան քաղաքներում եւ Երեւանի Ամերիկեան համալսարանում: Հիմնադիր անդամն է քրիստոնէական առաջին՝ «Կանթեղ» հեռուստածրագրի: Գեւորգեան եւ Վազգէնեան ճեմարաններում դասաւանդել է «Սուրբ Պատարագի մեկնութիւն», «Շարականագիտութիւն» եւ «Ընդհանուր Եկեղեցու պատմութիւն» առարկաները:

1996-1998 թթ. առկայ պաշտօններին զուգահեռ եղել է Գարեգին Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի գաւազանակիրը:

1998-2000 թթ. սովորել է Անգլիայի Լիդձ քաղաքի համալսարանում եւ Մըրֆիլդի Սուրբ Յարութեան Աստուածաբանական քոլեջում՝ մասնագիտանալով աստուածաբանական եւ հովուական ուսումնասիրութեան մէջ եւ ստանալով բակալաւրի աստիճան: Միեւնոյն ժամանակ եղել է Մեծ Բրիտանիայի հայոց թեմի Մանչեսթրի Ս. Երրորդութիւն եկեղեցու այցելու հովիւը:

1996-2000 թթ. եղել է Հայաստանում Քրիստոնէութեան պետական կրօն հռչակման 1700-ամեակի կազմակերպման կենտրոնական մարմնի անդամ:

2000 թ. Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինութեամբ նշանակուել է Սեւանի Վազգէնեան դպրանոցի տեսուչ:

2002 թ. պաշտպանել է «Հիւանդաց Օծման խորհուրդի խնդիրը Հայ Եկեղեցում» թեմայով վարդապետական թեզը եւ ստացել մասնաւոր վարդապետութեան 4 աստիճանները:

2002 թ. զուգահեռ նշանակուել է նաեւ Մայր Աթոռի Տեղեկատուական համակարգի խորհրդի նախագահ, եղել է «Շողակաթ» հեռուստաընկերութեան տնօրէնների խորհրդի նախագահ եւ վարել է հեղինակային՝ «Ճանաչենք Աւետարանը»  հեռուստահաղորդումների շարքը:

2002 թ.-ին զուգահեռաբար նշանակուել է Արագածոտնի թեմի առաջնորդական տեղապահ:

2003 թ. մայիսին ընտրուել է Հայ Եկեղեցու Կանադայի հայոց թեմի առաջնորդ:

2003 թ. յունիս 22-ին Սուրբ Էջմիածնի տօնին ձեռնադրուել է եպիսկոպոս՝ ձեռամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի:

2008 թ.-ին երկրորդ անգամ վերընտրուել է Կանադայի հայոց թեմի առաջնորդ:

2012 թ. սեպտեմբերի 21-ին Մոնրէալի Քոնքորդիայ համալսարանում պաշտպանել է աստուածաբանութեան եւ կենսաբանական բարոյագիտութեան դոկտորական թեզ «Հայաստանի առողջապահական համակարգը. պատմական, սոցիալական եւ աստուածաբանական եզրաշերտը, անցեալը ներկան եւ ապագայի զարգացման հեռանկարը» խորագրով:

2013 թ. Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինութեամբ նշանակուել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենեակի տնօրէն:

Հրատարակել է բազմաթիւ աստուածաբանական, հրապարակախօսական, քարոզխօսական, մշակութային յօդուածներ, «Հիւանդաց Օծման խորհուրդի խնդիրը Հայ Եկեղեցում» աշխատութիւնը, «Խոհեր» հոգեւոր-խորհրդածական գրքոյկը:

2013 թ. արժանացել է Անգլիայի Եղիսաբեթ Բ թագուհու ադամանդեայ յոբելեանի մեդալին:

Ցուցադրել ավելի
Back to top button