Հասարակություն

Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու և խուլիգանության դեպքերով գործն ուղարկվել է ՀՔԾ

2015 թվականի հունիսի 3-ին՝ ժամը 23:45-ի սահմաններում, իշխանության ներկայացուցիչ հանդիսացող՝ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնի ավագ քննիչ Էդիկ Կ.-ն և նույն բաժնի քննիչ Գագիկ Ա.-ն, փողոցում նկատել են միմյանց հետ վիճաբանող շուրջ 25-30 անձի: Մոտենալով վերջիններիս՝ ներկայացել են որպես քննիչներ և պահանջել դադարեցնել վիճաբանությունը, սակայն վիճաբանող անձինք` քաղաքացի Վարուժան Մ.-ն և նրա տղաները, այլ անձինք ցավագին ընդունելով իշխանության ներկայացուցիչների պահանջները, հարձակվել են քննիչների վրա ու ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ հասցրել նրանց մարմնի տարբեր մասերին: Ինչպես հայտնում են Հատուկ քննչական ծառայությունից, դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով և 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցվել է քրեական գործ:

Նախաքննության ընթացքում Վարուժան Մ.-ի կինը հայտնել է, որ հիշյալ դեպքին միջամտած քննիչները իր ամուսնու և որդիների նկատմամբ կիրառել են բռնություն և պատճառել մարմնական վնասվածքներ:

Հետագայում գործի փաստական հանգամանքներով պայմանավորված՝ լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությունը երաշխավորելու անհրաժեշտությունից ելնելով՝ քրեական գործը քննության է ուղարկվել ՀՀ հատուկ քննչական ծառայություն:

 

Ցուցադրել ավելի
Back to top button