Հասարակություն

Գալուստ Սահակյանն ընդունել է Կորեայի Հանրապետության պատվիրակությանը

ՀՀ Աժ նախագահ Գալուստ Սահակյանը հուլիսի 17-ին ընդունել է Կորեայի Հանրապետության խորհրդարանական պատվիրակությանը՝ Նո Յուն Մինի գլխավորությամբ:

Ողջունելով հյուրերին Ազգային ժողովում՝ Գալուստ Սահակյանը կարեւորել է հայ-կորեական հարաբերությունների զարգացումը՝ շեշտելով հատկապես երկու երկրների խորհրդարանական կապերի խորացումը: ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել Կորեայի Հանրապետությանը 2011 թվականին ԱԺ լիագումար նիստերի դահլիճի տեխնիկական վերազինմանն աջակցելու համար:

Գալուստ Սահակյանը բարձր է գնահատել Կորեայի հավասարակշիռ մոտեցումը Հայաստանի համար կարեւոր նշանակություն ունեցող հարցերի շուրջ: ԱԺ նախագահը նշել է, որ տեղյակ է Կորեայի Հանրապետության խորհրդարանի Կորեա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Նո Յուն Մինի ծավալած հայանպաստ գործունեությանը:

Գալուստ Սահակյանը խոսել է նաեւ Ազգային ժողովի կողմից կյանքի կոչված «Խորհրդարանականներն ընդդեմ ցեղասպանության» նախաձեռնության մասին, որով կոչ է արվում աշխարհի խորհրդարաններին՝ դատապարտելու ցեղասպանություններն ամբողջ աշխարհում:

Նո Յուն Մինը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է, որ մինչ խորհրդարան այցելելը իր գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր, ծանոթացել թանգարան-ինստիտուտում տեղ գտած նմուշներին եւ մեծ ցավ ապրել՝ հայ ժողովրդի ողբերգության վկայությունները տեսնելով: Կորեա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը նշել է, որ Կորեան եւ Հայաստանը բախտակիցներ են այդ առումով:

Կորեա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարն Ազգային ժողովի նախագահին է նվիրել իր հեղինակած «Ժամանակակից ողբերգություններ» գիրքը, որի առաջին գլուխը նվիրված է Հայոց ցեղասպանությանը:

Հանդիպման ավարտին Գալուստ Սահակյանը հայ-կորեական բարեկամական կապերի ամրապնդման համար Նո Յուն Մինին պարգեւատրել է Ազգային ժողովի պատվո մեդալով:

 

Ցուցադրել ավելի
Back to top button