Հասարակություն

Արմավիրի մարզում վտանգված է որդան կարմիր արժեքավոր միջատը

satikisahakyan
Արմավիրի մարզում  վտանգված է որդան կարմիր էնդեմիկ արժեքավոր միջատը, քանի որ տարիներ շարունակ չի լուծվում արգելավայրի ցանկապատման խնդիրը: Արազափ և Ջրառատ գյուղերում գտնվող արգելավայրը դարձել է արոտավայր շրջակա գյուղերի անասունների համար և մեծ վնաս է հասցվում կենսաբազմազանությանը: Արգելավայրի ցանկապատման  խոստում էր տվել նաև բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը երկու ամիս առաջ Արմավիրի մարզ կատարած այցի ընթացքում:

 

«Որդան կարմիրը կարող է դառնալ ապրանքանիշ կամ բրենդ  Հայաստանի համար, որից ստանում են  էկոլոգիապես մաքուր, բնական ներկ, որը կարող է օգտագործվել տնտեսության, ինչպես նաև կոսմետիկայի մեջ»,-  այս կարծիքին է ագրոէկոլոգ, ՀՀ բնապահպանության նախարարին կից հասարակական խորհրդի անդամ Գալուստ Նանյանը, ով ուսումնասիրություններ է կատարում որդան կարմրի պահպանության վերաբերյալ: Որդան կարմիրը գտնվում է Արամվիրի մարզի աղուտ հողերի մի հատվածում, որտեղ դեռ խորհրդային տարիներին 219,85 հա տարածքի վրա ստեղծվել էր արգելավայր:  Այն բաղկացած է պահպանման 2 առանձին տեղամասերից, որից  198,33 հա Արազափ գյուղի հյուսիս-արևմտյան մասում և 21,52 հա՝ Ջրառատի հյուսիսային մասում:

Գիտնականները որդան կարմրի վերաբերյալ ուսումնասիրություններ են կատարել դեռ 1971 թվականին, և պարզելով էնդեմիկ արժեքավոր միջատի  պահպանման կարևորությունը նրանց առաջարկով 1987թվականին ստեղծվել է  արգելավայր, որպեսզի պահպանվի միջատն ու նրա սնման որդանախոտը: Կառավարության 2003 թվականի որոշմամբ նախատեսված արգելավայրն այսօր անտեսված է, և վերածվել է արոտավայրի կամ աղբանոցի: Ագրոէկոլոգ Գալուստ Նանյանը դեռ մանկուց է ծանոթ որդան կարմիր արգելավայրի խնդրին, քանի որ ապրում է Ջրառատ գյուղում և նշեց, որ արգելավայրին հարակից Արազափ, Ջրառատ, Եղեգնուտ, Երասխահուն և Արգավանդ համայնքներում արոտավայրերի և խոտհարքերի բացակայության պատճառով անասնապահներն արգելավայրի տարածքը դարձրել են արոտավայր: Արածեցման հետևանքով վնասվում է թե՛ որդանը, և թե՛ որդանախոտն ու եղեգը:

Կանոնադրությամբ արգելավայրի վրա բացասական ներգործություն  ունեցող տնտեսական գործունեությունը սահմանափակելու նպատակով արգելավայրի 100 մետր շրջագծով տարածքը  սահմանվել  է պահպանման գոտի, սակայն ներկայում այդ պահպանման գոտու մասին խոսք լինել չի կարող, քանի որ այն խախտված է: Պահպանման տարածքում են գտնվում ավազախճային հանքավայրը, ջկնաբուծարանը, գյուղատնտեսական շուկան, հողերի աղազերծման համար նախատեսված ծծմբաթթվի բազան:

Պահպանման գոտում գտնվող գյուղատնտեսական մեծածախ շուկայի գործունեության և գյուղերի խիտ բնակեցման հետևանքով արգելավայրը վերածվել   է աղբանոցի:  Սա նշանակում է, որ խախտվել են արգելավայրի կանոնադրության կետերը, ինչպես նաև ՄԱԿ-ի կենսաբազմազանության մասին կոնվենցիան: Որդան կարմիրը միջատը վտանգված է, քանի որ բացի գիտնականներից որդան կարմիր միջատը  հավաքել  են որդանով հետաքրքրված անձինք և օգտագործել շրթներկի արտադրության և գորգագործության մեջ: Իսկ որդանը տարվա մեջ միայն մեկ ամսվա ընթացքում է դուրս գալիս հողի մակերևույթ: Որդան կարմիրից տարիներ առաջ գիտնականների կատարած լաբորատոր հետազոտությամբ ստացվել է ծիածանի բոլոր գույները:

Որդան կարմիր արգելավայրի ցանկապատման մասին երկու ամիս առաջ  Արմավիրի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում   խոստացավ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը: Այն ինչ ընթացք ունի Ջրառատի գյուղապետ Սամվել Գալստյանը տեղեկացրեց, որ եկել են չափել ու գնացել: Արգելավայրի ցանկապատում մինչև օրս չի իրականացվել, իսկ մեր անտարբերությամբ վնասում ենք էնդեմիկ միջատին, որը  գտնվում է ոչնչացման եզրին:

Ագրոէկոլոգ Գալուստ Նանյանը որդանի պահպանման նպատակով առաջարկեց իրազեկել գյուղացիներին միջատի կարևորության և արգելավայրի պահպանման մասին:

Ցուցադրել ավելի
Back to top button